Ինչո՞ւ




Ինչո՞ւ

Ձյունը խեղդել էր ճանապարհների անցուդարձը: Եկել, դարսվել էր, իրենով արել ամեն բան:
Կեսօր էր, բայց ճամփեքին միայն հատուկենտ անցորդներ էին, այն էլ՝ զույգ-զույգ՝ ձեռքներին թիակներ:
Արդեն մի քանի ծուռտիկ-մուռտիկ ճանապարհներ էին հեռվում գծագրվում, երբ երևաց կորամեջք մի ծերուկ: Նրան ավելի ուշադիր նայելիս թվում էր, թե տարիներով հենց միայն ձմռանն է պատրաստվել. հին, կեղտոտ, իրար վրա հագած մի քանի վերարկուները, երկու ականջավոր գլխարկները, որ լրացնում էին մեկը մյուսին, բրդե, հաստ անդրավարտքիներն ու չափից ավելի լայն կոշիկները  ծերունուն նմանեցնում էին ինչ-որ տարօրինակ երևույթի:
Նա ծանրաքայլ մոտեցավ աղբարկղերին: Երկուսը թեքվել էին ձնաբքից, հենվել կողքի սյունին, իսկ երրորդն ամբողջովին շուռ էր եկել:
Հայացքն անմիջապես թափանցեց աղբերի ընտրանու մեջ՝ առանձնացնելով պետքականները: Գրպանից հանեց մի տոպրակ ու շտապող շարժումներով մի քանի րոպեում լցրեց դրա պարունակությունը:
Երևում էր՝ ծերուկը միտք ուներ քրքրելու նաև երրորդը, սակայն երկար ժամանակ նրան չէր հաջողվում շուռ տալ ձյան հաստ շերտի մեջ խրված աղբարկղը:    
Արդեն հասցրել էր մի կողմը վերև բարձրացնել, երբ, աչքերը ճակատին թռած, հետ-հետ գնաց. աղբարկղի տակ երեխա կար պառկած:
«Անտեր դիակների վերջը չկա, հիմա էլ աղբանոցներն են գցում, ես ձեր ինչն եմ ասել, անասուննե՛ր»,-փնթփնթաց ծերուկը:
Նեղսրտելով մոտեցավ մարմնին, փորձեց ոտքով  մի կողմ հրել, երբ զգաց, որ իր առջև դիակ չէ: Երեխան շարժվում էր: Ծերուկը մի պահ շփոթվեց, հետո կռացավ ու սկսեց թափահարել երեխայի մարմինը: Հինգ-վեց տարեկան տղա էր երևում:
Փոքրիկը  թպրտաց, աչքերը կիսաբաց արեց: Դեռ լրիվ ուշքի չեկած՝  շուռ եկավ փորի վրա, սկսեց արագ-արագ սողալ, ապա չորեքթաթ վազել: Երևում էր՝ խուճապի էր մատնվել. նրան վախեցրել էր անծանոթը:
  Ծերուկն ավելի արագացրեց քայլերը: Երեխան, զգալով ծերունու շնչառությունն իր թիկունքին, կծկվեց, ձեռքերով ծածկեց գլուխը: Լսելի էր զսպված հեծկլտոցը: Մարմինը ջղաձգվում էր:
Դեմքը մտցնում էր ձյուների մեջ ու ամբողջ ուժով գոռում.
-Կորեք, գազաննե՛ր: Չե՜մ ուզում...
«Էս երեխի հետ մի բան էն չէ»,-մտածեց ծերունին՝ ավելի մոտենալով:
-Մամա՜,-շարունակում էր գոռալ տղան՝ դեմքը վրձնելով ձյունե գորգով:
«Շառ է, հիմա մարդիկ կհավաքվեն: Արի, բացատրիր, որ ոչ մի վնաս չես տվել: Անհավատի դար է: Չէ՛, լավ է՝ թողնեմ, գնամ»:
Երկու քայլ հետ գնաց, նայեց շուրջբոլորը. ոչ ոք չկար: Իսկ դիմացը գլուխն աջուձախ թափահարող, ձյուների մեջ խրված երեխան էր:
«Ա՜հ: Էս մի մատին ոնց էստեղ թողնեմ՝ կսառչի: Է՜հ,  էսպես ես եղել, Արշակ, որ հիմա  մի կտուր չկա՝ տակը կծկվես, վեր ընկնես»:
Ծերունին, ինքն իր վրա ջղայնանալով, առաջ մղվեց, մի կերպ կռացավ ու ամբողջ ուժով վեր քաշեց տղային: Երեխան շարունակում էր թպրտալ ու գոռգոռալ՝ աչքերը փակած:
-Բալե՛ս, ես քեզ վնաս չեմ տա: Դե, աչքերդ բաց: Դե, մի գոռա: Ինձ լսո՞ւմ ես:
-Չեմ ուզում: Հեռու գնա՛, գազա՛ն:
-Տղա՛ ջան, ախր, հանգստացիր: Հանգստացի՛ր, խոսենք:
-Մամա՜, արի,-ամբողջ կոկորդով բղավում էր փոքրիկը՝ չուզելով ոչ մի ուշադրություն դարձնել ծերունու հորդորներին,-մամա՜, ինձ տանում են գազանները, մա՜:
-Տղա՛, հերիք է, ի՞նչ գազան,- զայրացավ Արշակը:
 Տեսնելով, որ երեխան ոչ մի կերպ չի ուզում սթափվել, ջղաձգության նոպայի մեջ է, ինքն էլ տիրապետումը կորցրեց:
-Վե՛րջ տուր, գազան լինեի, էս օրին չէի լինի: Ինձնից ի՞նչ գազան: Գազաններն իմ տունը հիմնահատակ արեցին: Երեխեքիս մորթեցին, կնոջս...: Ես դրանց... Գազա՜ն, հա՜, ինձնից ի՞՜նչ գազան:
Ծերունու լացախառն բամբ ձայնը մրսեցում էր առանց այդ էլ սառած օդը: Ահարկու ոռնոցի ցավը տարածվում էր անմարդ ճանապարհով մեկ: Մինչ այդ ցնցումներից դողացող տղան կարկամել ու լայն բացված աչքերով պլշած նայում էր իրեն գրկած ողբացող ծերուկին:
Երբ լռեց, Արշակն ինքն էլ զարմացավ լավայի պես դուրս հորդած իր ցավի հեղեղից: Զգաց, որ երեխան կարող է  ավելի վախենալ ու նորից ցնցումների մեջ ընկնել:
-Արդեն քանի տարի է, երկիրը գազաններով է լցվել: Բալե՛ս, դու մեղավոր չես: Ոչ մեկս էլ չենք կարողանում գազանին ու Մարդուն իրարից ջոկել. դիմակներն են մեր շուրջբոլորը: Աղբն ավելի պարզ է. հոտից կարողանում ես հասկանալ փչացածն ու չփչացածը, հինն ու նորը, իսկ դրանց հոտից միայն մոլորվում ես:
Արշակը նստեց հենց ձյուների մեջ, երեխային դրեց ծնկներին ու արագ-արագ վրայից հանեց վերարկուներից մեկը:
-Բալե՛ս, էս հագի, չսառչես: Հա՛, գիտեմ, վրայովդ շատ մեծ է, բայց դու հագիր, հետո... մի բան կլինի...լավ կլինի, բալե՛ս, մի՛ մտածիր:
Երեխան ծպտուն չէր հանում: Լուռ հնազանդվում էր ծերունու հրահանգներին:
-Սովա՞ծ ես:
-Ահամ,-հազիվ լսվեց փոքրիկի ձայնը:
Արշակն սկսեց իրար խառնել քիչ այն կողմ գցած տոպրակը:
-Էհ, աշխարհ, աշխարհ: Հիմա ես քեզ ի՞նչ տամ: Անտեր գազանների թողած կռճո՞նը տամ, որ սովից չմեռնես: Բա քո մոր աչքերը չե՞ն կուրանա, որ տեսնի՝ քո մատղաշ ստամոքսն ինչ չուտելիքով եմ լցնում: Է՜հ, բալես:
Տոպրակից հանած կերակուրների ամեն մի թափոնի հետ ծերունու ձայնը նվաղում էր: Երեխան սոված էր երևում, ագահ հայացքով նայում էր Արշակի ձեռքի ափին:
-Տղե՛ս, քիչ-քիչ կեր, երևում է ՝ շուտվանից ես սոված, ստամոքսդ կվնասես:
Երեխան խոժոռվեց: Ծերունին ուշադիր սկսեց զննել տղային: Նուրբ մաշկ ուներ, դրսում մեծացած երեխա չէր երևում: Շորերն էլ պատառոտված էին, բայց հին չէին:
-Բալե՛ս, դու երբվանի՞ց ես դրսում,-փոքրիկի գլուխը շոյելով՝ հարցրեց Արշակը:
-Երեկվանից,- եղավ պատասխանը:
-Բա ի՞նչ էիր անում այդ ցրտին, որտե՞ղ է ձեր տունը:
-Չգիտեմ,-տղան աչքերը փակեց, կծկվեց: -Մաման փոքրիկ լուսամուտը բացեց, ինձ ասաց՝ ցած թռիր, փախիր: Հանկարծ հետ չգաս: Վաղն առավոտը մենք քեզ կգտնենք: Բայց...
-Ի՞նչ բայց:
-Ես դեռ չէի իջել, պապան գոռում էր, որ գազանները գնան: Իսկ նրանք ուզում էին ջարդել դուռը, ներս մտնել: Բոլորը գոռում էին: Մաման լացում էր...
Երեխան աչքերը փակեց: Սկզբում լուռ էր արտասասվում, հետո քիթն արագ-արագ քաշում ու ցածրաձայն անհասկանալի բառեր էր  մրմնջում:
-Բան չկա, տղա՛ ջան, լավ կլինի, մի՛ լաց:
- Ես վազում էի,-շարունակեց երեխան,-ընկա: Ոտքս շատ էր ցավում, բայց վախեցա՝ գազաններն ինձ էլ կհասնեն, վեր կացա ու էլի վազեցի: Ես շատ էի ընկնում: Հետո ձյուն եկավ՝ շատ ուժեղ ձյուն:
Տղան սկսեց հևալով լացել: Երևում էր՝ փոքրիկի ներսն էր մրսել ու շարունակում էր դողալ անբացատրելի վախերից:
Արշակը տղային սեղմեց կրծքին՝ փորձելով հանգստացնել: Նա շոյում էր երեխայի գլուխն ու վաղուց մոռացված մի օրորոցային քթի տակ մռմռում:
-Հետո հասել էի աղբարկղերին: Սոված էի: Մի աղբարկղի վրա սիրուն տոպրակ կար: Ուզում էի՝ վերցնեի: Սկզբում չէի կարողանում, նստել էի կողքին, որ մեծերից մեկը գար, իրեն խնդրեի՝ օգներ: Բայց ոչ ոք չկար: Շատ ուժեղ քամի էր: Աղբարկղերը շուռ եկան:
-Էլ մի՛ պատմիր, տղես, եղածն անցել է:
-Տոպրակի մեջ ոսկորներ կային: Ես կրծեցի: Հետո շատ ուժեղ ցուրտ էր: Ձյուն էր: Ես կանչում էի մամային, պապային, բայց նրանք ինձ չէին լսում: Երևի բուքը չէր թողնում: Հետո մոտիկից վախենալու ձայներ էին գալիս: Մտա մի աղբարկղի տակ: Երևի քնեցի: Չեմ հիշում:
Տղան դադարել էր լաց լինել: Նրա արտահայտիչ դիմախաղն ավելի էր սրում վիճակը: Կարծես հավատով էր լցվել անծանոթ ծերունու նկատմամբ: Ներսում կուտակվածը ուզում էր դիմացինին հասկանալի դարձնել: Իսկ մանկան շուրթերից դուրս եկած բառերը ջերմացնում էին սառած միջավայրը՝ ավելի դաղելով Արշակի միտքը:
Ծերունին շարունակում էր շոյել տղայի գլուխը: Մի քանի րոպե էլ չէր անցել, երբ երեխան նորից անհանգիստ շարժվեց տեղում, խոժոռվեց ու լացելու պատրաստ աչքերով նայեց Արշակին:
-Ես վախենում եմ այստեղ: Բա որ գազանները գան: Իմ մաման ու պապան բա որ չգտնեն ինձ: Բա ո՞ւր են իրենք, չկան:
-Բալե՛ս, բան չկա, մի՛ վախեցիր: Էստեղ գազան չկա: Մամադ ու պապադ էլ, որ քեզ ասել են, ուրեմն՝ կգան,-ծերունին բռունցքով ամուր խփեց ձյունով պատմված գետնին,- դու մի՛ լաց, հա՞: Թե չէ մայրիկն ու հայրիկը որ գան, տեսնեն՝ դու լացում ես, շատ կտխրեն: Չէ՞, տղաս: Անունդ ի՞նչ է:
-Տիգրան,-լացի միջից հազիվ լսելի ձայնով ասաց փոքրիկը:
-Պահո՜, ինչ լավ անուն է: Տիգրա՛ն, դու հաստատ շատ ուժեղ տղա ես: Հիմա էլ պիտի քեզ պինդ պահես: Գիտե՞ս՝ Տիգրան անունով  հզոր թագավոր ենք ունեցել: Ի՞նչ իմանամ, բալքիմ թե վաղն էլ դու ես թագավոր դառնում: Թագավոր տղան լաց կլինի՞: Վե՛րջ տուր, արցունքներդ սրբիր, տեսնենք, ինչ ենք անում:
Մանկան արցունքները ողողել էին կեղտոտված դեմքն ու շարունակում էին ցած հոսել:
-Բա հիմա առավոտ է, ինչո՞ւ չեն գալիս,-խեղճացած աչքերով ծերունու աչքերի մեջ նայելով՝ հարցրեց տղան:
Արշակը գլուխն հետ թեքեց, ամբողջ ուժով սեղմեց կոպերն ու զայրույթով թքեց ձյան վրա՝ իրեն զսպելով, որ չգոռա:
 «Է՜հ, հոտա՛ծ Քաղաքականություն...Աստվա՛ծ, ես չեմ կարողանում նայել էս երեխու աչքերին, դու նայի՛ր: Պատասխա՛ն տուր: Ես ի՞նչ վատություն եմ արել քեզ, որ էլի ինձ ես տանջում: Հանգած հրաբուխին գործե՞լ ես ստիպում: Ինչի՞ հենց ես»:
Արշակի ծերացած մարմնի մասերն իրար սեղմվել, արյուն էին կաթում:
«Տիգրա՛ն, երանի քո ծնողներին, նրանք չտեսան իրենց մանկան արնաթաթախ, գզգզված մարմինը: Քոռանային էս աչքերը...Արշա՛կ, դու քա՞ր էիր: Ինչի՞ են աչքերդ մինչև հիմա երեսիդ տնկված մնացել: Հանեիր, էլի»՛:
 Այդ պատկերներն արդեն ջնջել չի լինի:
Գիշեր-ցերեկ, քուն թե արթուն նրանք ամենաչսպասված պահերին անգամ կգան, կանցնեն հիշողությանդ էկրանի վրայով:
Կքամեն աչքերդ, սիրտդ, կմտնեն ոչ մեկի կողմից չհայտնաբերված հոգուդ մեջ, կփորփրեն ծակուծուկերը՝ սուր եզրերով ցավեցնելով մարմինդ:
-Պապի՛կ, բա ինչո՞ւ չեն գալիս, ե՞րբ կգան,-կրկին լսվեց փոքրիկի լացախառն ձայնը:
Լացախա՞ռն, միայն լացախա՞ռն: Այնտեղ խնդրանք կար, հույս, կսկիծ, հրաման, պահանջ, ցավ:
«Պապի՞կ, խեղճ երեխա»: Վաղուց Արշակին ոչ ոք պապիկ չէր կոչել: Միայն բութ, արհամարհական հայացքներ: Չնայած Արշակը հազվադեպ էր լինում մարդկանց մեջ: Նախընտրում էր անտառներում թափառել, բայց ձմռանն ստիպված էր ծածկ ու սնունդ փնտրել բնակավայրերում:
Իսկ երկինքը որոշել էր կրկին ձյունել:
-Բալե՛ս, էլի ձյուն է գալիս, կարող է շատանա, վեր կենանք, գնանք:
-Ո՞ւր: Մեր տո՞ւն:
-Ես ձեր տան հասցեն չգիտեմ: Բայց դու մի՛ մտածիր, կգտնեմ: Անպայման կգտնեմ: Դու վե՛ր կաց, մենք գնանք: Մեծ տղա ես, ծեր պապիկին էլ օգնիր, որ ոտքի կանգնի:
Տիգրանի աչքերում հուսահատություն ու հույս կար միաժամանակ: Ծերունին ժպտում էր:

Արևն հեռանում էր արդեն՝ այդպես էլ երեսն ամբողջ օրը թաքցնելով մարդկանցից: Մթնող օրը չէր մրսում՝ գալարվելով ձյունե մուշտակի ծալքերում:
 Իրիկնամուտի ստվերներում երևում էին կուտակվող ձյան արգելքն հաղթահարել փորձող երկու ճամփորդներ:
Երկար ու կարճ սիլուետներն իրար էին փաթաթվել՝ գծելով նոր ձևավորվող ուրվանկարը:
Tell me why does it have to be like this? 
...Tell me why cos I don't understand
When so many need somebody
we don't give a helping hand.
Tell me why? 
"Tell Me Why"single by Declan Galbraith.

Комментариев нет:

Отправить комментарий