Տիգրան Թադևոսյան
Հայկ պապիկը անցնում էր ցեխոտ ճանապարհով
ու փնթփնթում: Տալիս էր, առնում, չէր կողմնորոշվում:
“Լավ, էլի, հիմա որ տանեմ, պիտի սկսի
վրաս խոսալ: Մանո՛ւշ, Մանո՛ւշ, թողնեն, դու ամբողջը օրը վրաս հաչաս. “Ծխախոտ մի՛ ծխի,
սուրճ մի՛ խմի…թոքերիդ վնաս է, ստամոքսդ քայքայեցիր”: Դե, ասա, դնենք, մեռնենք, էլի:
Մի անգամ ենք ապրում, որ ամեն ինչ “չի կարելի” լինի, էլ ի՞նչ հասկանանք էս կյանք կոչված
ոչուփուչից: Օ՜ֆ, օ՛ֆ: Գիտես՝ ծխելը չեմ կարողանում թողնեմ, ի՞նչ ես առավոտից իրիկուն
քարոզ կարդում: Տենց ես արել, էլի, որ ստիպված…թաքուն եմ ծխում ”:
Հայկ պապիկը ինքնագոհ ժպտաց:
“Է՜հ, աշխա՛րհ, աշխա՛րհ, փոքր ժամանակ մամայից-պապայից էի թաքցնում, հիմա էլ
կնգանիցս: Հլա կնանիքն են բողոքում ”:
Փնչալով օրորեց գլուխը, գունդ թքեց ոտքերից քիչ այն կողմ: Մի վայրկյան անց ժպտաց՝
գոհունակությամբ հիշելով որդուն, ով ամեն շաբաթ ծախսելու փող ու մի քանի տուփ ծխախոտ
էր տալիս թոշակառու հորը:
“Արամս էլ չլիներ, մի տուփ ծխախոտն ի՞նչ է, չէի կարողանա քաշի: Կախարդը, թոշակս
չստացած, հաշվարկն արած է լինում. “7000-ը՝ լույս, 9000-ը՝ գազ, 2000-ը՝ ջուր” ու էլի
ինչ զիբիլ կա … “մնացածն էլ կբերես, տանն ինչ պետք է, ես կգնեմ”: Չի մտածում՝ տղամարդ
է, մի քանի հազար թողեմ մոտը, պետք եղած ժամանակ՝ ծախսի: Էս կտրոնը որ տեսավ, կսկսի.
“Ընդամենը՝ 300 դրամ. ի՞նչ ես գնել, ե՞րբ ես գնել, ինչո՞ւ ես գնել ”, ու Աստված ինձ
փրկի, թե գլխի ընկավ, որ ծխախոտ եմ առել, վա՜յ,
շներին կկապեն, Մանուշին բաց կթողնեն: Է՜հհ, չեմ տանի, էստեղ գցեմ, գնամ:
06884919 Բ՝ պահո՜, ինչ էլ լավ համար է, բա՞ որ հենց էս կտրոնը մի բան շահի, հետո հո
կփոշմանես, Հա՛յկ տղա: Գլխիդ կտաս, բայց էլ հետ բերել չի լինի: Ամբողջ կյանքդ էդպես
ես արել, որ հիմա էս օրին ես ”:
Հայկ պապիկի միտքը եկան անցած-գնացած տարիները, քիթը մի քանի անգամ վեր քաշեց,
երբ հիշեց, թե ոնց ութ տարեկանում գիշերը պահմտոցի խաղալիս չհամբուրեց Լուսիկին, ոնց տասնհինգ տարեկանում այդպես էլ վախեցավ
ու իրենց դասարանի Անուշին սիրո խոստովանություն չարեց, ոնց մաթեմատիկայի դասախոսին
խաշ ուտելու չտարավ ու մնաց աշնանային, ոնց Սովետի փլուզումից հետո անգործ թափառեց,
բայց այդպես էլ չդիմեց քավորին, որ գործի ընդունի՝ նախազգալով, որ կարող է մերժել…
“Չէ՜, տանելու եմ, գրպանումս կպահեմ,
վաղն է լինելու շահող կտրոնի խաղարկությունը, ուշադիր կնայեմ, թե չհամընկավ, հետս դուրս
կհանեմ, մի տեղ կգցեմ”:
…
-Հա՛յկ, հինգ րոպեից խաղարկությունը կսկսվի: Կապույտ բաժակի մեջ եմ դրել բոլոր կտրոնները, վերցրու, բեր հյուրասենյակ, ես հիմա թեյդ կլցնեմ:
-Հայկիկին ասա՛, թող բերի, ես ծեր մարդ եմ, րոպեն մեկ կասես` էս արա, էն արա:
Մանուշն օֆ արեց ու սկսեց մատներով խփել սեղանին: Գիտեր, որ ամուսինն իր այդ
շարժումից նյարդայնանում է: Հայկն արդեն ուզում էր սկսել նզովանքների շարքը, երբ թոռը
ձայն տվեց.
-Տա՞տ, պա՞պ, էլի սկսեցի՞ք: Կտրոննե՞րն է պետք, հիմա բերեմ:
“Էս թամբալը սաղ օրը կպած է էդ չամադանին, ուրիշ անգամ լոմով էլ տեղից չէիր
շարժի, էս ինչի՞ է՝ հիմա էսպես ձեռուոտ ընկել”:
-Ա՛ռ, տատի՛կ, էս էլ կտրոններդ:
-Շնորհակալություն, Հայկի՛կ ջան, շատ ապրես: Իմ ազգի շառավիղն ես իսկական, թե
չէ պապիդ ազգին քաշեիր, մի օգուտ քեզնից չէինք տեսնի: Բայց դե պապդ ամենայուրահատուկ
ներկայացուցիչն է իրենց ազգի. ինքն իր ընտանիքին էլ չի փորձում օգնել: Սահակը երկվորյակ
եղբայրն է, բայց միայն տեսքով նման են. օդից բաներ է հնարում ու իր ընտանիքը ապահով
պահում:
-Աղչի՛, շատ չե՞ս խոսում,-Հայկն իրականում այդքան զայրացած չէր, ուղղակի ուզում
էր, որ Մանուշը դադարեր շոշափել իր թեման,- ինչ է թե հայոց լեզվի ուսուցչուհի ես, կրա՞կն
ընկանք, հո աշակերտներդ չե՞նք, նստել, դաս ես տալիս:
-Թող Սահակը մոմ թափելով, գուշակություններով միլիոններ աշխատի, դու էլ միայն
ինձ վրա գոռգոռա:
-Միլիոննե՜ր, չէ մի չէ, միլիարդներ: Հազիվ ապրում են, էլի: Հազար եմ ասել՝ աչքդ
քո դռանը պահի: Աստծուն փառք տուր, որ տղեդ
աշխատում է, դու պարապում ես, ես էլ թոշակ եմ ստանում, նորմալ ապրում ենք :
-Լավ, քո ասածն է, մեկ է, դու այդ խելքին եղել ես, այդպես էլ կմնաս: Հիմա կսկսվի
խաղը, ես կտրոնները դասակարգեմ… վա՞յ, 18 կտրոն է, պիտի 17 լիներ: Սպասիր՝ նորից հաշվեմ՝
1, 2, 3, 4…, չէ՛, 18 հատ է: Երեկ երեկոյան 17 կտրոն ունեինք, այսօր գնումներ չենք
արել, ո՞նց եղավ, որ 18 դարձավ:
-Թոռա՛նդ հարցրու, ի՞նչ ես աչքերդ վրաս չռել:
-Կարող եմ անգամ ասել, թե որն է ավելացել, ըհը, հենց սա՝ 0688-ովը: Գնվել է
մեր փողոցի խանութից: Բայց ո՞վ է Հովիկենց խանութից գնումներ անում: Այնտեղ ամեն ինչ
այնքան թանկ է, որ ավելի լավ է մի քանի մետր
ավել քայլել, քան նույն ապրանքը գլխից դուրս բարձր գներով գնել:
“0688, ոնց որ ծանոթ թիվ է”,- անցավ Հայկի մտքով:
-Հայկի՛կ, այս կտրոնը և՞ս կապույտ բաժակի մեջ էր դրված:
-Չէ՛, տատի՛կ, էդ պապիկի գրպանից եմ հանել:
-Ի՞նչ:
-Էսօր, որ հեռախոսին զանգել էին, գրպանից հանեցի, որ բերեի, տեսա՝ էդտեղ կտրոն
կար: Հիմա էլ բերեցի, որ բոլորն էլ ստուգեք:
-Հա՛յկ տղա, դու ի՞նչ ես գնել 300 դրամ արժողությամբ: Հը՞:
- Եսիմ: Ի՞նչ ես հարձակվել վրաս, մեծ մարդ եմ, շատ չեմ հիշում: Դու խաղիդ ուշադիր,
արդեն սկսվեց:
“Յա՜, էս ինչ փորձանք էր: Հենց էսօ՞ր պիտի Հայկիկը տեսներ էդ կտրոնը: Բայց ախար
էն օրը դարպասի մոտ էդ անտերը ոնց որ թե ընկավ ցեխի մեջ: Հա, էլի, էն որ թաշկինակս
հանեցի, էդ էլ հետը ընկավ: Կարո՞ղ է գրպանումս ուրիշ թուղթ է էղել, դա է ընկել: Եսիմ.
կարող է: Համ էլ 0688-ով էր… Լավ, բա հիմա ի՞նչ անեմ, հենց էս անտեր խաղը պրծավ, կախարդը
վրա կտա ”:
Մինչ Հայկը մտատանջումների մեջ էր, Մանուշը ուշադիր լսում ու գրի էր առնում
հանված թվերը, որպեսզի վերջում ստուգի՝ չնայախ գրեթե բոլոր կտրոնների թվերն անգիր գիտեր:
Հաղորդավարի ձեռքի շարժումների հետ Մանուշի սիրտը վերուվար էր լինում:
-Մա՛մ, հը՞, կա՞ն թվեր, որ համընկնում են:
Ամեն ամիս “Շահող կտրոնի” խաղարկության ժամանակ հարսը խոհանոցից մի քանի րոպեով
մտնում էր հյուրասենյակ, սկեսրոջը տալիս նույն հարցը՝ հույս ունենալով, որ գոնե այդ
անգամ մի 5000 դրամ կշահեն:
Այս անգամ սկեսուրը հիասթափված չկիսաշրջվեց
ու ձեռքը թափ չտվեց: Սերինեն նորից կրկնեց հարցը:
-Սերինե՛ ջան, ոնց որ այս անգամ մի բան կշահենք: Սպասի՛ր, թող բոլոր թվերն հանի,
կխոսենք:
Մանուշը լարված էր, հայացքը չէր կտրում էկրանից:
Սերինեն թաց ձեռքերը սրբեց գոգնոցով ու նստեց սկեսրոջ կողքին: Սիրտը տալիս էր,
որ այս անգամ գոնե այնքան կշահեն, որ “իր ու կեսուրի՝ Վարդուշենց խանութում տեսած բլենդերը
կգնեն”:
-Ժողովո՛ւրդ, ես մի կես ժամով իջնում
եմ բակ:
-Հայկի՛կ, մութ է, ինչի՞ ես իջնում:
-Մա՛մ, Արտակը զանգեց: Իջնեմ, մի քիչ խոսենք, գամ:
-Լավ, զգո՛ւյշ կլինես:
-Լավ, էլի, մա՛մ, ոնց որ 5 տարեկան եմ:
-5 չես, 15 ես, շա՛ն լակոտ, մորդ հետ ո՞նց ես խոսում:
-Պապի՛կ, լավ, էլի, որ չխոսեիր, չէր լինի: Գնացի:
Հայկիկը վերցրեց դրամապանակն ու ինքնագոհ ժպտալով՝ դուրս գնաց:
-Սերինե՛ ջան, մի անգամ էլ դու նայիր այս կտրոնի թվերին, հա՞:
Խաղն ավարտվել էր, Մանուշն արդեն մի քանի վայրկյանում ստուգել էր բոլոր կտրոնները:
Մեծ մասի առաջին թիվն արդեն չէր համընկել, 3 կտրոն ունեցել էին մինչև 3 թվի համընկնում,
և միայն 1-ն էր, որ…
-Մա՞մ, էս 8 թիվն էլ համընկնո՞ւմ են: Ըհը, նայի՝06884929Բ: Մաաաաամ, շահել ենք:
- Հա՛, ոնց որ թե շահել ենք, աղջի՛կս: Վերջապես, հա՞, մեր դուռն էլ բացվեց,
հա՞:
-Հաաա, մա՛մ, հրաշք ա: Մա՛մ, իսկ ի՞նչ ենք շահել:
-Այս անգամ գլխավոր մրցանակը 5 օրով Ֆինլանդիայում հանգստանալու հնարավորությունն
է: Սերի՛ն, դեռ հավատս չի գալիս, որ շահել ենք:
-Իմն էլ, մա՛մ:
Ձայների վրա Հայկը սենյակ մտավ: Հարս ու կեսուր իրար գրկել ու ոգևորված ինչ-որ
բան էին ծրագրում:
-Ինչի՞ եք էդպես գոռգոռում: Չեք թողնում՝ մարդ հանգիստ մի քանի րոպե զուգարան
մտնի: Ի՞նչ է եղել:
-Պա՛պ, շահել ենք:
-Հա՛յկ ջան, քո բերած այն կտրոնը շահել է: Տեսա՞ր՝ ասում էիր. “Մանո՛ւշ, հիմար
բաների ես հավատում, հիմիկվա լատարեներին չեն հավատա”, տեսա՞ր, որ քո իսկ բերած կտրոնն
էլ շահեց:
-Հա՞ որ: Ի՞նչ եմ շահել:
-Բոլորովս ենք շահել, Հա՛յկ ջան: Հինգ օրով Ֆինլանդիա ենք գնալու: Ժամանակին
մեղրամիս չտարար, հիմա քո շնորհիվ արտասահման ենք գնալու՝ քո սիրած Ֆինլանդիան:
-Դե, լավ է, լավ է: Առավոտը Արամիս
հետ կգնանք էդ անտերի գրասենյակ, ամեն ինչ մեկ-մեկ կիմանանք: Հիմա էդ լավ տրամադրությամբ սեղան գցեք, հաց ուտեմ. մի ժամ է ՝ սոված թողել, ընկել եք կտրոն-մտրոնով:
-Հիմա՛, հիմա՛, պա՛պ ջան:
“Լավ պրծա. կոտկտալու տեղ՝ ճակատս է պաչում”:
…
Երկու ժամից ավել կանգնելով դրսում՝ Հայկիկը տուն էր շտապում:
“Արա՛, ոչ մեկը գլխի չընկավ: Բայց լավ ստացվեց”:
Այդ առավոտյան էր, որ դասից տուն դառնալիս իրենց թաղի Հովիկենց խանութից հորից
վերցրած շաբաթական ծախսերի գումարով մի տուփ ծխախոտ գնեց ու տուն եկավ: Մանրի հետ ձեռքն
էին խցկել ապրանքի դիմաց տրվող կտրոնը: Արդեն տանն էր, երբ մոտը մնացած գումարն հաշվելիս,
տեսավ կտրոնը:
“Ընդամենը՝ 300 դրամ: Արա՛, դեմք են էս վաճառողները. 1300 դրամանոց ապրանք ես
առնում, 1-ն ուտում, գրում են՝ 300: Կտրոն-մտրոն՝ սաղ հանրապետությունով մեկ տունտունիկ
են խաղում, արա՛”:
Մյուս հարցը, որ անցավ Հայկիկի մտքով, այն էր, թե ինչ անել կտրոնի հետ: Եթե
դներ կապույտ բաժակի մեջ, տատիկը անպայման կնկատեր ու հետաքննություն կկազմակերպեր,
գցեր աղբամանը՝ նույնը: Մտածեց, որ կպահի մոտը, երբ տնից դուրս գա, հետը կտանի, մի
տեղ կշպրտի:
Երեկոյան, երբ տատն ու պապը կտրոն բերելու կռիվ էին անում, Հայկիկը օգտվեց առիթից՝
իր գրպանի կտրոնը խցկելով մյուս կտրոնների մեջ: Չէր էլ մտածում, որ տատը այդ պահին
անգամ կարող է նկատել նոր կտրոնի առկայությունը: Երբ արդեն նկատվել էր, պարզ էր, որ
մեղքը պիտի բարդվեր պապիկի վրա, որովհետև “նրանից ամեն ինչ սպասելի է, կանի ու իրեն
կպահի սիսեռակեր հարսի պես”: Տատիկը ցանկացած հարցում պատրաստ էր մեղավորի դերում պապիկին
տեսնել:
“Լավ պրծա”,- տան դուռը բացելուց առաջ մի անգամ էլ անցավ Հայկիկի մտքով:
…
-Ժողովո՛ւրդ, հերիք է թթված տեսք ընդունեք: Հիմա էդպես է: Ասին՝ մի հոգու համար
է նախատեսված ուղևորությունը: Պապայի առած կտրոնն է, ինքն էլ հազար տարի է, ուզում
է Ֆինլանդիա գնա, թող գնա:
-Տան ջահելը պապադ է, հա՞: Տղա՛ս, դու գնա, Եվրոպայում չես եղել, վա՞տ կլինի՝
գնաս, նոր երկիր տեսնես:
-Մա՛մ, չեմ էղել, չեմ էլ ուզում: Երբ ես ուզեցի, կգնամ: Առանց էդ էլ, որ պապան
միշտ ուզում էր էդտեղ գնար, մտածում էի՝ գրանտ-մրանտ գրեմ, շահի, պապային ուղարկենք
Ֆինլանդիա: Հիմա որ էսպես ա ստացվել, շատ ավելի լավ: Պապայի կտրոնն է շահել, ինքն էլ
թող գնա:
Հայկիկը, որ մինչ այդ լուռ քաշվել էր մի կողմ, առաջ եկավ:
-Պա՛պա, երևի ժամանակն է, որ ես ձեզ ճիշտը ասեմ: Էդ կտրոնը իմն է:
-Ի՜՞նչ:
-Հա՛, ես էդ օրը Հովոյենց խանութից բուլկի-մուլկի առա, էդ կտրոնը տվեցին:
Մանուշը աչքերը լայն բացած նայեց թոռանը: Երևում էր, որ չէր հավատում նրա ասածներին:
-Իսկ ինչո՞ւ ասացիր՝ պապիկի գրպանից ես հանել,- վրա տվեց նա:
-Տա՛տ, ուշադիր չէի, խառնեցի իրար: Էդ կտրոնը հաստատ իմ բերածն է: Ես… պիտի
գնամ Ֆինլանդիա:
-Հա՞, տղե՛ս, որ քոնն է, դու պիտի գնաս: Ճիշտ է՝ ես մտածում էի՝ էս տան երիտասարդ
զույգը կգնա, բայց որ ում կտրոնն է, նա պիտի գնա, ուրեմն՝ դու գնա:
Հայկ պապիկը նեղվում էր, բայց լուռ էր: Տղան իր կողմից է, մնացածը “ինչքան ուզում
են, թող հաչան”:
-Հիմար բաներ հերիք է խոսեք: Նախ՝ արդեն որոշված է՝ պապան է գնում: Երկրորդ՝
ես դեռ էսօր Հովոյից կհարցնեմ, թե դու էդ օրը էղել ես իր խանութում ու ինչ ես գնել:
-Ա՜, թքած ունեմ ձեր տոմսի վրա: Մի պապիկ, որ մենակ իր մասին մտածի, էլ ի՞նչ
խոսես,- Հայկիկը շպրտեց դուռը և դուրս եկավ:
-Անդաստիարա՛կ լակոտ:
Հայկ պապիկը փնթփնթում էր քթի տակ՝ փորձելով արդարացնել իր դիրքորոշումը.
-Իմ օրերը հասել են, ես գնացական եմ: Ինչի՞ չեք մտածում, որ վերջին շանսս է:
Դուք դեռ ջահել եք, ձեր կյանքը ձեր դեմն է, հլա էնքա՜ն էդպես բաներ կլինեն:
…
-Նու, ախպե՛ր, գիտեմ, կարող է ճիշտ չհասկանաս, բայց չեմ կարող՝ չասեմ:
-Ի՞նչ է եղել, Սահա՛կ, մարդ վախեցնելու համար մի հատ ես: Միանգամից ասա, բան
հասկանանք:
-Գիտեմ, որ էս 50 տարի ա, մտածում ես՝ Ֆինլանդիա գնաս…
-Է՜, դու չե՞ս մտածում: Դու չէի՞ր, որ էնքան ընգար Նորիկի հետևից, ինչ ֆըստուֆլան
ասես՝ չհնարեցիր, որ մի ճար անի, դու էլ գնաս էդ անտեր երկիրը:
-Էդ անցած բաներ են: Դու հիմա ուշադիր
ինձ լսի ու հավատա: Ախպե՛րս, նու, քեզ ասում եմ՝ մի գնա: Գիտես՝ ես որ ասեցի,
էդ հաստատ լինող բան է:
-Հա, բայց ինչի՞: Ախր մի պատճառ ասա, որ բան հասկանամ:
-Ես տեսել եմ լինելիքը: Քեզ համար քի՞չ է դա: Չեմ հասկանում, չե՞ս հավատում: Մի բան եղե՞լ է, որ ասեմ ու չլինի,-Սահակը
վեր քաշեց քիթը ու ինքնագոհ հայացքով նայեց երկվորյակ եղբոր աչքերի մեջ:
-Ի՞նչ ասեմ, ախպերս: Դե, սենց շանս հազարից մեկ է լինում: Ձեռս չի գնա՝ տանեմ
տոմսը հետ տամ,- Հայկը չէր ուզում հավատալ, բայց նեղվում էր եղբոր ճնշող խոսքերից ու
դիմացինի փոխարեն որոշումներ կատարելու Սահակի ոճից:
-Ախպե՛րս, ոնց լսել եմ՝ Ֆինլանդիա ես գնում, ուշքս, միտքս դու ես: Երեկ գիշեր
տեսիլք եկավ: Ամեն բան տեսա: Էսօր առավոտ էլ կրկնվեց:
Սահակը լռեց՝ հայացքը ուղղելով վերև:
-Սև էր համատարած, հետո սևի մեջ փայլուն զառեր հայտնվեցին, շեշտակի խփում, անցնում
էին: Ինքնաթիռ երևաց: Սև նստարաններց մեկը փայլում էր, ինձ էր կանչում: Զգացի՝ նստածը
իմ միս ու արյունն է: Ուզում էի մոտենալ, սկսեցի ցնցվել: Ինքնաթիռը տարուբերվում էր:
Երեք րոպե հետո ամեն ինչ ցրիվ եկավ օդում. գլուխս էլ ինքնաթիռի հետ ասես տրաքեց…
Գուշակություններ անելիս Սահակը սկսում էր գրական խոսել, հայացքն էլ դառնում
էր խորհրդավոր ու մի կետի սևեռված:
-Սահա՛կ, հիմա քո ասելով՝ էդ մեր սամալյոտը պիտի տրաքի՞:
- Ախպե՛րս, ես մի բան ասե՞լ եմ, որ չի էղել:
- Բայց ախր վաղն է թռիչքը, ի՞նչ անեմ:
-Տոմսերը հե՛տ տուր: Նու, անպայման հետ տուր:
-Կարո՞ղ է՝ մի բան խառնում ես: Արժե՞՝ ես էս շանսը ձեռքիցս բաց թողնեմ:
- Հա՛յկ , ես երբեք չեմ սխալվում: Արա՛ ինչ ասում եմ:
-Բա որ տոմսը հետ չվերցե՞ն:
-Ախպե՛րս, տուր ինձ, ես լիքը ծանոթներ ունեմ: Կտանեմ, բոլոր հարցերը կլուծեմ:
-Սահա՛կ, տոմսը տանն է:
-Միասին կգնանք ձեր տուն, դու կտաս:
-Ախպե՛ր, ախր, հա վրա ես տալիս: Հլա թող գնամ տուն, մտածեմ, որ պետք էղավ, ես
քեզ կզանգեմ:
-Է՜, ստից երկարացնում ես: Նու, լավ, գնա՛ տուն, ես երկու ժամից ձեր տանը կլինեմ:
-Լավ:
Հայկ պապիկը փորձում էր անցնել նեղ, սառցապատ ոլորանը, մի քանի անգամ սայթաքեց,
փնթփնթաց քթի տակ, սովորության համաձայն դժգոհեց պետությունից ու աշխարհից, բայց մտքերը
այլ ուղղությամբ էին հոսում:
“Ա՜, դե, լոպազ գյադեն մի բան էր, ասաց: Իրեն Նոստրադամուսի տեղն է դրել: Մեկ
է, գնալու եմ: Ամբողջ կյանքս էսպես շանս չեղավ, որ հիմա կա, էլ ինչ բաց թողնեմ: Ասում՝
սամալյոտը կպայթի: Ինչի՞ է պայթում, որ: Մեջը հասարակ քաղաքացիներ են լինելու, հո՞
քաղաքական գործիչներ չեն լինի, որ պայթեցնեն: Լինե՞ն: Էհհ, չէ, որ լինեին, լուրերով
կասեին, որ էսինչ շունն ու շանգյալը գնալու են Ֆինլանդիա: Չէէ, գնալու եմ, ինչ ուզում
է՝ իրենից հնարի: Սովետի ժամանակ չկարողացանք գնալ, բայց հո՞ ուզում էինք: Սահա՛կ տղա,
բերնիդ ջրերը գնացին, որ իմացար մեր կուրսի Նորիկը Գրողների միության կողմից գնացել
ա Ֆինլանդիա Մարտտի Լարնիի հետ հանդիպելու:
Ինչե՜ր էր բերել հետը՝ սաղ ինգպրտնի ընտիր ապրանք էին: Բա էն ֆիննական կոշիկները, նայում
էիր, հավեսդ քաշում էր: Բոլորի ուշադրությունը Նորիկն էր:
Է՜, բա որ էդ գուշակ գյադեն ճիշտ է ասում, էսքան ապրեցինք , հիմա մեր հողի՞ն
էլ հալալ չլինենք: Կարելի է, էս անգամը տոմսը հետ տան, փողը վերցնենք, հաջորդ անգամին
գնամ”:
…
-Ժամը տասներկուսն է, էդ ոչուփուչ գյադեն մի հատ չի մտածում՝ մեռանք սպասելով:
Ասա՛, մի հատ զանգի, բան հասկանանք, կամ հեռախոսդ
մի անջատի, մենք զանգենք:
-Լավ, պա՛պ ջան, հանգստացի: Վաղը առավոտ ես կգնամ օդակայան:
-Ես այդպես էլ չհասկացա, թե ինչու նախանձ եղբայրդ դա էլ ձեռքիցդ վերցրեց, ժամանակին
տունը վերցրեց, քի՞չ էր: Ինչ տեսան, իրենցով արեցին, գոհ չէ՞ն, հիմա էլ այդ տոմսը:
-Լա՛վ, էլի, Մանո՛ւշ, դու էլ թողեն՝ պատճառ գտնես ու հաչաս ամբողջ օրը: Մարդը
տարել է, որ օրը փոխի: Մեր սիրտն ու քո կռկռոցը: Էդ մարդը գնաց, ի՞նչ էղավ:
-Որ հեռախոսը չի վերցնում, տուն զանգեք:
-Գիշերվա տասներկուսին զանգեմ, մարդկանց իրա՞ր խառնեմ: Ամոթ է, չէ՞, մենակ թողեն
ամբողջ օրը դաս կարդաս, տարրական էթիկա չունես, էլի, հո զոռով չէ:
-Օ՜ֆ, ես գնամ քնելու, ձեր հավեսը չունեմ:
-Պա՛պ, առավոտ յոթին էր թռիչքը, չէ՞:
-Հա՛, բալե՛ս:
-Լավ, դե, գնանք քնելու, առավոտը կզարթնենք, կզանգենք, կամ մինչ էդ ինքը կզանգի:
- Ես էս անտեր հաղորդումներն եմ նայում, դուք գնացեք քնելու , իմ քունը էսօր
չի տանի:
-Լավ, պա՛պ ջան, դու գիտես:
…
-Հորդ արթնացրու, թող գա, նախաճաշի: Արդեն ինն է:
-Պապան ամբողջ գիշեր չի քնել, մա՛մ, թող մի քիչ քնի:
-Ո՞վ էր իրեն ասում տոմսը անպատասխանատու եղբորը տա, որ ամբողջ գիշեր էլ սպասի:
-Էս ի՞նչ շուխուռ է: Եկա, եկա, դու կթողնես՝ մարդ հալալ քնի: Նախաճաշի՜դ նայի:
-Ժողովո՛ւրդ, մի րոպե, հրատապ լուր
են ասում:
Այսօր՝ յոթն անց քսանինը րոպեին, Երևան-
Մոսկվա չվերթի ժամանակ Արմավիա ընկերության U 8–516 աէրոբուսը վթարի է ենթարկվել: Վթարի
արդյունքում զոհվել են բոլոր 110 ուղևորները:
-Պա՛պ, էդ ոնց որ ձեր չվերթն էր: Դուք պիտի Երևանից Մոսկվա գնայիք, հետո էլ՝
Մոսկվայից Հելսինկի: Ժամերն էլ համընկնում են:
-Հա՛, էլի: Էն գուշակ գյադի ջանին մեռնեմ: Ասում էր, էլի:
Հայկ պապիկը լայն ժպտում էր, կուրծքը ներքին ուրախությունից դողում էր:
-Էն հեռախոսը տվեք, զանգեմ Սահակենց տուն: Ըհը, աչքերս լավ չեն տեսնում, էն
ակնոցը բերեք:
-Պա՛պ, ես զանգել եմ, հիմա կվերցնեն, դու խոսի:
-Ալլո, Հասմի՛կ, դո՞ւ ես: Լա՞վ եք: Ձայնդ մի տեսակ է: Սահակին ասա, թող հեռախոսը վերցնի:
-Պապան Երևան- Մոսկվա թռչող ինքնաթիռի մեջ էր:
Комментариев нет:
Отправить комментарий