Ի՞նչ կարդալ

Յուրաքանչյուր կրթված և համակողմանի զարգացած մարդ իր պարտքն է համարում կարդալ համաշխարհային գրականության գլուխգործոցները, որոնք մեծ դեր են ունեցել և ունեն մարդկության համար: Այդ գրքերը կան գրադարաններում, համացանցում, շատերիս տանը, բայց ոչ միշտ է հնարավոր առանց մասնագետի խորհրդի գտնել ցանկալի գրքերը, որոնք և՛ արժեքավոր են, և՛ ընթերցողի ճաշակով, և՛ համապատասխանում են կարդացողի այդ պահի հոգեվիճակին և տրամադրությանը: Ահա այստեղ ներկայացված են ընդհանուր գրականության լավագույն նմուշները, որոնք բոլոր ազգերին են պատկանում և բոլորին են հոգեհարազատ: Մի քանի տողով նշված մեկնաբանությունները կօգնեն ընթերցողին ճիշտ կողմնորոշվելու և ընտրելու իր փնտրածը: Ցանկը կազմված է ժամանակագրական կարգով:



«Գիլգամեշ»


Շումերա-բաբելոնական հերոսական էպոսի պայմանական անվանումն է, և համարվում է գտնված ամենահին գրական ստեղծագործությունը, այդ պատճառով էլ հետաքրքիր է և պետք է կարդալ: Էպոսում համաշխարհային գրականության պատմության մեջ առաջին անգամ բարձրանում է մարդու մահկանացու լինելու և նրա կյանքի իմաստի խնդիրը։ Մահվան ողբերգական անխուսափելիությունը հաղթահարվում է հերոսական արարքների անմահությամբ։




«Սասնա ծռեր»


Հայկական էպոսը նախաէպոսն է, հիմքում ընկած են նախապատմական ժամանակների դեպքեր և պատկերացումներ: Թեև Գարեգին Սրվանձտյանը «Սասնա ծռերը» հայտնաբերել և ամբողջությամբ գրառել է 1873-ին, սակայն էպոսի հերոսներից Սանասարի և Բաղդասարի մասին հնագույն գրավոր ավանդությունը պահպանվել է Աստվածաշնչում (Թագավորաց չորրորդ, ԺԹ), իսկ Փոքր Մհերի, Խանդութի, Գոհարի մասին պատմությունները ավելի վաղ ծագում ունեն: Մայրիշխանությունից անցում հայրիշխանության, ջրի, արևի պաշտամունք և հնագույն հավատալիքներ, պատում, որը բավականին կոդավորված է, և տարբեր գիտնականներ տարբեր կերպ են բացատրում այս կամ այն դրվագը, բայց այն փաստը, որ հայկական էպոսը շատ խորը ծալքեր ունի, կասկած չի հարուցում: “«Սասնա Ծռեր» էպոսը հնագույն արիական հավատամքի Մայր պատումներից է, որը մեզ է հասել բանավոր փոխանցմամբ, անշուշտ՝ վնասված ու մինչեւ այժմ էպոսում գույություն ունեցող ներքին իմաստները չմբռնված”: Արթուր Արմին 1964 թ-ին աշխարհի վիպերգերի միջազգային մրցույթում «Սասնա ծռերը» ճանաչվել է լավագույնը:





«Մահաբհարատա»


Մեր թվարկությունից առաջ առաջին հազարամյակում գրված և իր մեջ այդ վաղեմության դրոշմը կրող էպոսը չի կարող չգերել իր առասպելախառն էպիկական սյուժեով ու հնդիկ ժողովրդի պատկերացումներով’ աշխարհի, թագավորությունների, ցեղերի, պատերազմների, հերոսների ու բազում այլ թեմաների մասին: Քաղաքակրթության զարգացման մեջ “Մահաբհարատա”-ի կարևորությունն այնքան մեծ է, որ այն համեմատում են Աստվածաշնչի, Հոմերոսի էպոսների ու Շեքսպիրի ստեղծագործությունների հետ:




«Իլիական»


Հունական հայտնի էպոսը’ Տրոյայի պատերազմի առաջացման և հետևանքների մասին, պարտավոր է կարդալ յուրաքանչյուր կիրթ մարդ: Այն անտիկ շրջանի ամենափայլուն գործն է: Հրաշագեղ, կրքոտ ու պոռթկուն օլիմպոսյան աստվածներ ու աստվածուհիներ, հզոր, աննկուն հույն ու տրոյացի հերոսներ, գեղանի, նազենի ու խոհեմ հերոսուհիներ, ընկերություն, սեր, ընտանիք, պայքար, կռիվ, պատերազմական թեժ տեսարաններ ու հեղինակի վարպետ գրիչ. ահա “Իլիականն” իր ողջ հմայքով:

Հոմերոս



(Առաջ ենք գնալու ժամանակագրական կարգով: Սակայն որպեսզի արդի գրականություն փնտրողները երկար չսպասեն, շարունակությունը կլինի վերջից: ))) )



«Հրաժեշտի վալս»


Հայտնի չեխ գրող Միլան Կունդերայի վեիպակներից մեկը՝ "Հեռացման վալսը"՝ գրված 1972թ-ին, բավական հետաքրքիր ու հոգեբանական տարատեսակ ելևէջումներով, գեղարվեստական արժեքով ու մտածելու տեղիք տվող խոհերով արժանի է ժամանակակից ընթերցողի ուշադրությանը: Երկրի  ու մարդկանց վիճակը, հասարակական ու քաղաքական կապերը, մարդկային հարաբերությունները, սեր, ատելություն, մի խոսքով՝ կյանքն իր բոլոր դրսևորումներով ու  հետաքրքիր, կլանող սյուժե:

Միլան Կունդերա





«Ուղին»



Նորագույն շրջանում ամենամեծ փառքի և ճանաչման հասած, 1988-ին Նոբելյան մրցանակ ստացած արաբ վիպասան Մահֆուզ Նագիբը հայտնի է գրասեր հասարակությանը իր ուրույն մտածողությամբ ու վիպական լուծումներով: Նրա "Ուղին" վիպակը մարդկային բարդ ու խճճված կյանքի, նյութական հիմքի վրա երջանկության որոնումների, ժառանգականության դերի ու մարդկային որոշ տեսակների էության բացահայտման մասին է:

Մահֆուզ Նագիբ




«Ընթերցողը»


Բերնհարդ Շլինկը ժամանակակից գերմանացի արձակագիր է: Լինելով իրավագիտության պրոֆեսոր՝ հեղինակ է մի շարք վեպերի, որոնք արժանացել են գրական պատվավոր մրցանակների:
1955 թվականին լույս է տեսել նրա "Ընթերցողը" վեպը, որը, դառնալով միջազգային բեսթսելլեր, հեղինակին համաշխարհային հռչակ է բերել և համարվում է հետպատերազմյան գերմանալեզու գրականության նշանակալից գործերից մեկը: Մինչ այժմ վեպը թարգմանվել էավելի քան 45 լեզուներով: 2009 թվականին նկարահանվել է համանուն ֆիլմ, որն արժանացել է կինեմատոգրաֆիայի "Օսկար", "Ոսկե գլոբուս" մրցանակների:


Բերնհարդ Շլինկ





«Մարդագայլի սրբազան գիրքը»


2004 թվականին լույս տեսավ Պելեվինի "Մարդագայլի սրբազան գիրքը": Հեղինակն իրեն հատուկ ինտելետուալիզմով, մետաֆորներով ու պոստմոդեռնիստական հնարանքներով է համեմել ստեղծագործությունն ամբողջությամբ:
Այն գրքերից է, որ կարդալու ու հասկանալու համար արդեն իսկ պետք է բավական կարդացած լինել:
Գիրքն իր մեջ հավերժական ու շատ առօրեական թեմաներ է պարունակում՝ կյանք, մահ, սեր, սեռական հարաբերություններ, պետություններ, իշխանություն, մարդիկ, հարաբերություններ... Այս ամենը շաղկապող մարդագայլեր, որոնք ոչ այլ ոք են, եթե ոչ գրողները: Ընդհանրապես, բոլոր սահմանումները իրենց հիմքում մետաֆորներ են:
Կրոնների, փիլիսոփայության, արվեստի, գրականության բոլոր հին ու նոր ներկայացուցիչները մեզ են ներկայանում պելեվինյան մեկնաբանությամբ:
Հեղինակը պտտում է իր կախարդական պոչն ու ստեղծում մեզ համար մի աշխարհ, որը ինչքան իր հորինածն է, այնքան էլ մերն է, որովհետև լիքն է դատարկ կետերով, սիմվոլներով, որոնք ամեն մեկս յուրովի ենք լրացնում, այսպիսով՝ մենք ենք ստեղծում մեզ համար մեր պատումը:
Գրողն այնքան է զուգահեռել իրականությունն ու պատրանքը, զոմբիացնողին ու զոմբիացածին, որ ընթերցողն իրեն ապահովագրված չի զգում, թե ինքն էլ այդ ընդհանուր խաղի մեջ չի մտել:

Վիկտոր Պելեվին



«Ջերալդի խաղը»



Ամերիկացի հայտնի արձակագիր Սթիվեն Քինգի 1992 թվականին գրված այս վիպակը հեղինակը նվիրել է իր սիրելի ու մտերիմ վեց կանանց՝ իր կնոջը և նրա քույրերին, և ստեղծագործությունն ամբողջովին կնոջ էության, հոգեբանության խորը վերլուծություն է, կնոջ նշանակության գնահատման ու դերի բարձրացման ևս մեկ փորձ:
Պատմությունը մի երիտասարդ կնոջ՝ Ջեսսիի մասին է, ով պատահաբար սպանում է իր ամուսնուն, երբ ձեռնաշղթաներով կապված էր մահճակալի ճաղերից՝ որպես ստրկական խաղի մի մաս, ու ցանկանում էր ազատվել դրանցից:
Ամուսնու՝ Ջերալդի մահից հետո շղթայված Ջեսսին, ով գտնվում էր մի հեռավոր տնակի մեջ, մնում է սոված, ծարավ, հոգեբանական բարդ լարվածության մեջ: Նրա մեջ գտնվող ես-երը սկսում են գլուխ բարձրացնել, հին, փակված խնդիրները բացվում են, տարբեր տեսանկյուններով հառնում Ջեսսիի առաջ: Այն, ինչից խուսափում էր, ինչը փորձում էլ էր տարիներ շարունակ թաքցնել գիտակցության ամենահեռավոր խորքերում, դուրս էր եկել և հորդում էր՝ խեղդելով Ջեսսիին (խոսքը արևի խավարման ժամանակ իր և հոր միջև կատարվածի մասին էր):
Այս խառը թնջուկին միանում է սոված շան այցը և սարսափելի տեսքով անծանոթի կերպարը: Քինգը մինչև վերջին րոպեն լարվածության մեջ է պահում ընթերցողին, սակայն վերջաբանն համոզիչ է, և անցյալում բացված շատ անցքեր, որոնք տարիներով փակի տակ էին մնացել՝ քողարկվելով անգամ հերոսուհու գիտակցության համար, այժմ բացվում են, ամփոփվում և վերջնականապես փակվում:


Սթիվեն Քինգ

Комментариев нет:

Отправить комментарий