Արմինե Պետրոսյան | ՇԻԼԱՇՓՈԹ

 ՇԻԼԱՇՓՈԹ


Photo
Տիգրան Թադևոսյան
Մի անգամ գարնանը անտառի բացատում հայտնվեց արքայազնը: Նա ամենուր փնտրել էր կորած արքայադստերը, և երբ լսել էր բյուրեղապակյա դագաղի մեջ քնած գեղեցկուհու մասին, անհապաղ այնտեղ էր սլացել:
Հասնելով բացատ՝ նա ցած թռավ ձիուց, մոտեցավ դագաղին և բացեց խուփը:
-Օ՜, իմ սիրելի Սպիտակաձյունիկ:
Արքայազնը ճանաչեց արքայադստերը և…
“1, 2, 3, 4…”: Մոտեցել էր ցանկալի պահը: Սպիտակաձյունիկի դողացող մտքի ամեն մի բառն հուշում էր, որ հիմա արքայազնի շուրթերը հերթական անգամ կգրկեն իր սառած վարդի թերթերը, ու ինքը նորից կզգա մաշկի տակ վազող արյան հոսքը: Կրկին սիրելիի տաք շունչը կստիպի սրտին արագ խփել: Արաքայազնի ձեռքերը կտարածվեն իր մեջքով, մի քանի վայրկյան շունչը կպահի, իսկ հետո կհայտնվի նրա կանչող գրկում ու…
“7, 8 …”. ամեն անգամ, երբ Սպիտակաձյունիկը մտքում հաշվում էր մինչև 9-ը, հենց այդ վայրկյանին հերթական անգամ արքայազնն իր հայտնի կենդանացնող համբույրն էր տալիս:
Հետագա բոլոր համբույրները ոչինչ էին այս մեկի հետ համեմատած (ճիշտ է՝ դեռ պալատում հանդիպումների ժամանակ նրանք հասցրել էին համբուրվել, բայց դա թոթովախոս շրթհպում էր եղել): Սա հատուկ էր ոչ միայն նրա համար, որ հեքիաթի ամենակարևոր իրադարձությունն էր, այլև նրա համար, որ նրանց հասունության ու տենչանքի մարմնացումն էր: Ո՛չ նախորդած, ո՛չ հաջորդող համբույրները երբեք չէին ունենում այն համն ու հոտը, որ այդ մեկն ուներ: Անկեղծ ասած՝ Սպիտակաձյունիկը հաճախ էր մտքում շնորհակալություն հայտնում խորթ մորը: Եթե նա չլիներ, Սպիտակաձյունիկն իր սովորական պատմությամբ կկորչեր արքայական հարյուր հազարավոր ընտանիքների պատմությունների շարքում, իսկ հիմա դարձել էր հայտնի մի հեքիաթի սիրելի հերոսուհի:
Սպիտակաձյունիկն ամեն անգամ գոհունակ ժպտում էր այդ մտքից, ու երբ հերթական անգամ հեքիաթն ավարտվում էր, սպասում էր հաջորդող սկզբին՝ երբեք չձանձրանալով անգիր արած ընթացքից:
Իններորդ վայրկյանին, երբ միտքն արդեն լարված նյարդափունջ էր դարձել, անսովոր բան զգաց. մարմինն անկում էր ապրում: Գահավիժում էր ներքև:
Այլևս սառած չէր, ձեռքերն օդում փորձում էին ինչ-որ բանից կառչել, բայց անօգուտ էր: Բացեց աչքերը, ոչինչ չէր երևում: Զգում էր սլացքի արագ թափը:
Ինչքան ուժ ուներ, սեղմեց կոպերը, հետո փորձ արեց ձեռքերով բռնելու գլուխը, քանի որ թվում էր՝ ուր որ է մարմնից կանջատվի, բայց այդ պահին թրմփոցով խփվեց ինչ-որ կոշտության: Ցնցումից կոպերը բացվեցին:
Ինչ-որ ջարդված սալահատակներ, աղբերի կույտեր, ցանցառ, տարօրինակ ծառեր, հսկա շինություններ, որոնց տանիքներից գորշ ու կանաչագույն ամպի քուլաներ էին դուրս հոսում:
Աղջիկը քարացած կանգնել էր, չգիտեր անելիքը: Նա ամբողջ կյանքում կարծել էր, որ իրենց ամրոցից մեծ շինություն միայն ամուսնու պալատն է, իսկ այստեղ բոլոր կառույցները մի յոթ անգամ իրենց լայքնով ու բարձրությամբ գերազանցում էին:
Օդը խեղդում էր: Շնչել չէր լինում: Աղջիկը տեղում շուռումուռ էր գալիս, երբ աջ կողմից սվվոց լսեց: Մոտիկ մի շենքի դարպասը բացվել էր: Երևաց, որ մարդկանց խումբ է ներս մտնում:
Սպիտակաձյունիկն ինքն էլ չզգաց, թե ինչպես հայտնվեց այդ խմբի մեջ: Ոտքերի տակ հատակը առաջ շարժվեց: Անսպասելիությունից քիչ էր մնում՝ վայր ընկներ, եթե չլիներ հետևում կանգնածը:
-Ներողություն,-շշնջաց շփոթված արքայադուստրը:
Միայն այդ ժամանակ նա նկատեց իրեն շրջապատողների տարօրինակ կերպարանքները՝ լուցկու գլխիկի մեծության աչքեր, եղունգների փոխարեն՝ մետաղե մագիլներ, խոզի կաշվի կոշտություն ունեցող մաշկ:
Սպիտակաձյունիկը հետ-հետ գնաց, աչքերը փակեց: Նրան թվում էր՝ դա երազ է: Ամբողջ սրտով ուզում էր, որ շուտ արթնանա:
Շարժվող հատակը կանգնեց, տարօրինակ մարդիկ մտան ինչ-որ սենյակ:
Սպիտակաձյունիկը նրանց հետևել չէր ցանկանում: Նա կանգնել էր հսկա սրահի մի անկյունում և հրաշքի էր սպասում: Իսկ հրաշքն ուշանում էր:
—-
-Ռապունսե՛լ, արագացրո՛ւ,- գոռաց Գոթել մայրիկը:
-Հիմա՛, հիմա՛, – ասաց աղջիկն ու մոտեցավ վիրավոր Յուջինին:
-Ռապունսե՛լ, պետք չէ, դա քեզ համար մահ է, պետք չէ,-Յուջինի սառչող շուրթերից բառերն հազիվ էին դուրս գալիս:
-Ո՛չ, Յուջի՛ն, պետք է: Հիմա՛, հիմա՛ կերգեմ.
Արևի պայծառ ճառագայթ…
-Ռապունսե՛լ, մի րոպե սպասիր:
Յուջինը հայելու ջարդված կտորի մի հարվածով կտրեց Ռապունսելի երկար վարսերը: Կախարդանքը վերացած էր:
Ռապունսելն ամեն անգամ այս պահին ուզում էր մի րոպե առաջ ընկնել ու մազերի մոգական ուժով բուժել սիրելիին: Դրանք մի քանի րոպե ուշ էլ կարող էին կտրել, հեքիաթը նույն բարի ավարտը կունենար, բայց փոխարենն ինքն այդքան չէր տանջվի, չէր զգա միակ սիրած մարդուն կորցնելու ցավը:
Չէ՛, Յուջինն իր գործը լավ գիտեր. միշտ նույն պահին հասցնում էր առաջ ընկնել:
Հերթական անգամ Ռապունսելը ցավից դողաց, սիրտը կծկվեց ու աչքերը լցվեցին մոգական հեղուկով:
Կը՛թ, մի փոքրիկ կաթիլ պոկվեց ընդհանուրից և փափուկ վայրէջք կատարեց Յուջինի այտին:
Ահա և վերջ. մի քանի վայրկյան, և կենդանացնող հեղուկը իր գործը կանի:
Ռապունսելը մտքով արդեն պատրաստվում էր ցանկալի վայրկյանին, երբ զգաց, որ ոտքերի տակ գետին չկա: Դեռ չէր հասցրել հասկանալ կատարվածը, երբ զգաց, որ մարմինը ներքև է սլանում:
Շունչը կտրվում էր: Նրան թվում էր՝ ուր որ է կկորցնի գիտակցությունը:
Չէր հասցրել ուշքի գալ, երբ հայտնվեց հայելապատ, նեղ սենյակում:
Փորձեց ոտքի կանգնել, գլուխը պտտվում էր: Շրջապատող հայելիները ցույց էին տալիս շփոթված աղջկա դեմքը:
-Վա՜յ, մամա՛ ջան, Յուջինն այս ինչ կտրվածք է տվել,-գոռաց Ռապունսելը՝ պլշած նայելով հայելիների մեջ արտացոլված պատկերին:
Քիթը ծռմռեց, բայց մի վայրկյան հետո առանց այն էլ խոշոր աչքերը ու նրանց համեմատությամբ՝ փոքր բերանը լայն բացվեցին, երբ տեսավ հատակին ընկած թավան:
-Պահո՜, ընկե՛րս, դո՞ւ էլ ես հետս եկել: Լա՛վ է, լավ է, սիրտս տեղն ընկավ:
Ռապունսելը բարձրացրեց թավան ու ձեռքում երկար շուռումուռ էր տալիս, բայց այս անգամ զգույշ էր. շատ լավ հիշում էր՝ առաջին անգամ բանն ինչով ավարտվեց:
-Ինչքան էլ սիրուն լինես, սենյա՛կ, բայց ես պիտի դուրս գամ: Տասնութ տարի նեղվածքում եմ եղել, հիմա այլևս փակի տակ մնալ չկա-ժպտաց աղջիկն ու սկսեց ելքեր որոնել:
Ի զարմանս նրա՝ ոչ մի կողմում դուռ կամ նման բան չկար: Փոխարեն՝ կային փայլփլուն կոճակներ, որոնց վրա մինչև 777 թվերն էին գրված:
Մի քանի վայրկյան տարակուսելուց հետո Ռապունսելը թավայով իջավ կոճակների գլխին: Սենյակը դղրդաց, բարձրացավ, իջավ, մինչև արքայադստեր գլուխը պտտվեց, ու նա թրմփոցով ընկավ հատակին՝ խփվելով գույնզգույն կոճակներով պատին:
Դղրդոցը դադարեց, սենյակն այլևս չէր շարժվում, բայց լույսերն անջատվել էին: Ռապունսելը վախից աչքերը չորս էր արել, թավան ամուր բռնած՝ աջուձախ էր պտտում: Հենց այդ ժամանակ տեսավ, որ մեջքի կողմից թույլ լույս է երևում: Թեքվեց. կոճակներով պատը երկու կես էր եղել ու հրաշքով մտել կողքի պատերի մեջ: Երևում էր լայն միջանցքի մի մասը:
Ռապունսելն արագ դուրս վազեց տարօրինակ սենյակից: Դեռ իներցիայով առաջ էր վազում, երբ առաջին պատահած կամարի տակից երևաց սրահը, որտեղ մարդիկ էին շարժվում:
Ռապունսելը մտավ սրահ, բայց մինչ կհասներ մարդկանց խմբին, նրանք մի սենյակ մտան: Դուռն ինքնիրեն փակվեց:
Ռապունսելն հայտնվել էր հսկա սրահի կենտրոնում: Նա շուրջբոլորն էր նայում, երբ տեսավ մի անկյունում կծկված կապույտ թիկնոցով, սև խոպոպիկներով, վարդագույն այտերով ձյունասպիտակ մի աղջկա:
Ռապունսելը ժպտաց, սիրտն հանգստացավ, քայլերն ուղղեց դեպի գեղեցիկ անծանոթուհին: Երբ արդեն բավականաչափ մոտեցել էր, զարմանքով նկատեց, որ այդ աղջիկը ոչ այլ ոք էր, եթե ոչ իր սիրելի հեքիաթի հերոսուհին՝ Սպիտակաձյունիկը:
Ռապունսելն իրեն հավաքեց և ողջույնի հետ միասին ռևերանս արեց:
-Բարև ձեզ,- տխուր պատասխանեց Սպիտակաձյունիկը:
-Դուք Սպիտակաձյունիկն եք, չէ՞,- ժպտալով հարցրեց Ռապունսելը:
“Ի՜նչ անտեղի հետաքրքրասիրություն”,- անցավ Սպիտակաձյունիկի մտքով:
-Այո՛, ես եմ:
-Օ՜, Սպիտակաձյունի՛կ, եթե իմանայիք, թե ինչ էնտուզիազմով եմ կարդացել ձեր հեքիաթը, քանի անգամ եմ մեր նեղ ամրոցի պատերը նախշել ձեր նկարներով, ապա կհասկանայիք իմ այժմյան զարմանքն ու ուրախությունը:
-Ուրախ եմ լսել այդ մասին,- կեղծ ժպիտով պատասխանեց Սպիտաձյունիկը, բայց այդ ժամանակ հիշելով իր հետ եկած տարօրինակ մարդկանց խմբին՝ զարմանքով նկատեց, որ այս մեկը բոլորովին նման չէ նրանց:
-Ես Ռապունսելն եմ՝ “Ռապունսել կամ խառը պատմություն” հեքիաթ-մուլտֆիլմից (ճիշտն ասած՝ ես ինձ ավելի շատ մուլտֆիլմի հերոսուհի եմ համարում):
-Ուրախ եմ, բայց կներեք, ձեր մասին երբևէ չեմ լսել:
-Օ՜, երևի իմ հեքիաթը կամ ավելի ճիշտ՝ մուլտֆիլմն ուշ են ստեղծել: Բայց մենք հիմա կծանոթանանք, և հուսով եմ՝ կընկերանանք:
- Ուրախ կլինեմ,-պատասխանեց Սպիտաձյունիկը,-բայց ինձ հիմա մի հարց է տանջում՝ որտեղ ենք մենք:
-Չգիտեմ, ինչ-որ սրահ է: Ես էլ նոր եմ այստեղ հայտնվել:
-Այո՞: Իսկ ինչպե՞ս ես հայտնվել:
Ռապունսելը Սպիտակաձյունիկին պատմեց իր պատմությունը սկզբից մինչև այդ սրահ գալը՝ չմոռանալով հավելել իրենց հեքիաթի գեղեցիկ վերջաբանի մասին, որն հիմա իր պատճառով հետաձգվելու էր:
-Ես չեմ հասկանում մեր՝ այստեղ ընկնելու նպատակը,-հուզվեց Սպիտակաձյունիկը,-ես էլ մեր հեքիաթի ամենավճռական պահին հայտնվեցի այս զզվելի տեղում: Լավ է՝ գոնե ներս մտա. դրսում օդը գարշելի է, շնչել չի լինում: Դու մոտիկից տեսա՞ր ներս մտնողներին:
-Չհասցրի:
-Նրանք մեզ նման չեն,- ախ քաշեց Սպիատակաձյունիկն ու պատմեց իր տպավորությունների մասին:
Վերջապես նրանք որոշեցին ապահովության համար միասին լինել ու գնալ անհայտ նպատակի փնտրտուքին:
—-
Արքայադուստրերը մոտեցան առաջին պատահած դռանը. դուռն ինքնիրեն բացվեց: Ռապունսելն իրար խառնվեց, թավան առաջ տարավ, բայց սենյակում ոչ ոք չկար:
Սպիտակաձյունիկն հեգնանքով էր նայում իրեն արքայադուստր կոչող տարօրինակ աղջկան. նրա գործողությունները Սպիտակաձյունիկին կոպիտ և հիմարավուն էին թվում:
Ռապունսելն էլ սկզբնական ջերմությունը չէր զգում Սպիտակաձյունիկի հանդեպ:
“Ես գիտեի, թե այս ձյունասպիտակ աղջիկը բարի, մեղմ, քնքուշ արքայադուստր է: Բայց ոնց տեսնում եմ՝ սառը, ինքնահավանի մեկն է”, – նեղվում էր “Խառը պատմության” հերոսուհին:
Մի քանի սենյակներում հուսահատ թափառելուց հետո արդեն ուժասպառ էին եղել, երբ նկատեցին փոքր սրահի մի անկյունում խմբված մարդկանց, ովքեր շատ նման էին Սպիտակաձյունիկի հետ ներս մտնողներին:
Նրանք տանջված տեսք ունեին, մի քանի քայլ գնում-գալիս էին ու փնթփնթում:
Արքայադուստրերը մի պահ սառեցին: Ի վերջո Ռապունսելն հավաքեց ուժերն ու դիմեց անկյունում խմբվածներին:
-Բարև ձեզ, պարոնա՛յք: Կներեք, որ անհանգստացնում եմ, բայց չէի՞ք ասի՝ որտեղ ենք մենք գտնվում:
Անկյունի տարօրինակ մարդիկ նոր միայն նկատեցին եկվորներին: Բերանները բաց նայում էին ու ինչ-որ բան իրար մեջ խոսում:
Ռապունսելը մի քանի քայլ առաջ եկավ:
-Մի՛ մոտեցեք,- գոռաց խմբվածներից մի երիտասարդ:
-Ըը, ինչո՞ւ, ի՞նչ կա:
-Երեք քայլ: Ինֆրակարմիր ճառագայթների պատնեշ: Փափկամաշ՛կ գեղեցկուհի, հեռո՛ւ:
Ճիշտ է՝ Ռապունսելն իրեն շոյված զգաց, բայց տարօրինակ կերպարանքով և խոսելաձևով մարդիկ վախեցնում էին նրան:
-Դուք ո՞վ եք, ինչո՞ւ եք ինչ-որ պատնեշի հետևում,-հարցրեց աղջիկը:
-Փափկամա՛շկ գեղեցկուհի: Մեկ լուսնի ժամանակից: Մենք բանտարկյալ ենք:
Սպիատակաձյունիկը խեթ նայում էր կոշտ արարածներին: Նրան դուր չէր գալիս, որ ստեղծված իրավիճակում Ռապունսելն էր գլխավոր դերում: Ինչքան էլ արհամարհում էր իրեն արաքայադուստր կոչող այդ աղջնակին ու անկյունում խմբվածներին, միևնույն է, սովոր էր, որ ինքը լինի ուշադրության կենտրոնում:
Սպիտակաձյունիկն ինքն էլ առաջ եկավ ու սկսեց հարցերի տեղատարափը:
Բանտարկյալների կարճ ու հատու պատասխաններից պարզ դարձավ, որ արքայադուստրերը հայտնվել են Պլանետարիայի հեքիաթում, որը 2500-ականներից սկսած միջմոլորակային ամենահայտնի ու սիրված հեքիաթն է: Նրանց պատմությունից աղջիկներն հասկացան, որ միջավայրն ու մարդիկ բավական փոխվել են դարերի ընթացքում, մանավանդ՝ երկրորդ լուսնի առաջացումից հետո:
Անապատների մեծ մասը սառցադաշտեր էին դարձել, իսկ հյուսիսի ձյունածածկ տարածքները հսկա տափաստանների էին վերածվել: Փոխվել էին բուսականությունն ու մարդիկ: Օդը ծանրացել էր, լցվել մետաղի մասնիկներով: Մարդիկ հսկա շենքեր էին կառուցել և հիմնականում դրսում չէին լինում: Հարյուրամյակների ընթացքում մարդկանց ու կենդանիների մաշկը կոշտացել էր, որի շնորհիվ հնարավոր էր շենքից շենք ելումուտ անելն ու մաշկը չվնասելը:
Արքայադուստրերը մոտեցան լուսամուտներին: Աջ կողմում ծառեր հիշեցնող բույսեր էին. սաղարթների փոխարեն մեծ-մեծ փշեր էին՝ հատուկենտ նեղ տերևներով: Թռչունների փոքր թևերին ու ոտքերին երկաթե սուր մագիլներ կային, որոնց միջոցով ծառերի վրա վերուվար էին անում՝ առանց վնասվելու փշերի ծակոցներից:
Ընդհանուր կիսամետաղացած վիճակը ցնցում էր աղջիկներին: Երկու լուսնի ժամանակաշրջանի մարդիկ, ովքեր շատ քիչ էին շփվում միմյանց հետ (ամեն մեկն առանձնացած էր իր տանը, որտեղ նորագույն տեխնոլոգիաները տալիս էին բոլոր հնարավորություններն ստանալու երկրային հաճույքները՝ առանց մարդկանց հետ անմիջական շփման. այդ պատճառով էլ այդքան կարճ ու հատու նախադասություններ էին կազմում), պատմեցին նաև վերջին յոթանասուն տարվա ընթացքում երեք նոր մոլորակներում բնակություն հաստատած մարդկանց մասին:
Պարզվեց, որ մոլորակներից մեկի՝ Երկվորյակի վրա կյանքն այնքան նման է մեկ լուսնի ժամանակաշրջանի Երկրին, որ հիմա շատերն են այնտեղ գնում ապրելու:
-Իսկ դուք ինչո՞ւ չեք գնում,- հարցրեց Սպիտակաձյունիկը:
-Երկիրը մերն է: Լավ-վատ մերն է: Չենք գնա: Երբեք:
-Բայց դուք հիմա ինչո՞ւ եք համարվում բանտարկյալ: Ձեզ ի՞նչ է պատահել:
-Մենք գուշակ ենք: 300 տարի: Ոչ մի խումբ Երկրի վրա: Վերջին 30 տարի: Միակ խումբը՝ մենք: Չեք շփվել մնացածի հետ: Շփվեիք, կզարմանայիք: Մենք շատախոս ենք: Նրանք՝ քչախոս:
Գուշակները բացատրեցին, որ իրենք գաղտնի խմբավորում են եղել, որովհետև վերջին յոթանասուն տարվա ընթացքում հազվադեպ դեպքերը, որ երկրաբնակներն ուզել են իրենց նմանների հետ խոսել, եղել են գուշակների հետ հանդիպումները: Նրանց նստեցրել են նեյրոնային հիպերկուբների առջև և ուղեղներից քաշել ամբողջ ինֆորմացիան, որից հետո սպառված գուշակները մահացել են:
Այդ պատճառով ողջ մնացած փոքրաթիվ խումբը հեռացել է բնակելի վայրերից ու ապրել ստորգետնյա մի հին պահեստում: Երկար տարիներ նրանց փնտրել են, բայց չեն կարողացել գտնել:
Երեք տարի առաջ միջմոլորակային ամենասիրված հեքիաթի հերոսուհին՝ Պլանետարիան, վարակվել էր տարածված երկաթացում անբուժելի հիվանդությամբ: Ու արդեն երեք տարի էր, ինչ բարի հեքիաթը չէր վերջանում: Դրանից շատերը հոգեկան խանգարվածություններ էին ստացել:
Մի գիտնական ասել էր, որ միայն գուշակները կարող են փրկել լորդադուստր Պլանետարիային: Անօգուտ փնտրտուքից հետո խորհրդականները մի խորամանակ ծրագիր էին մշակել. ջրերի շշերի մեջ աչքին անտեսանելի պարկուճներ էին դրել, որոնց ներսում տեսախցիկներ էին թաքցրել:
Այդպես էլ գտել էին գուշակների թաքստոցը: Երբ եկել էին ձերբակալելու, մի մասը կարողացել էր փախչել: Յոթ ժամ հետո նրանց էլ էին գտել և բերման ենթարկել:
-Բայց դուք մի՞թե չէիք կանխատեսել այս դեպքը,-հարցրեց Ռապունսելը:
-Մանրամասները՝ ոչ,- պատասխանեց երիտասարդ գուշակը:
-Բայց մենք գուշակներ չենք, այդ դեպքում ինչո՞ւ ենք այստեղ,-նեղվեց Սպիատակաձյունիկը,-երկու ժամ է՝ փորձում ենք հասկանալ, թե ինչու ենք այստեղ հայտնվել, որն է նպատակը, բայց՝ իզուր: Միայն մի կցկտուր պատմություն հասցրինք հասկանալ, որը մեզ որևէ կերպ օգնել չի կարող:
-Ձյունի՛կ, սպասի՛ր, գո՞ւցե գուշակները ցանկանան մեզ օգնել:
-Ինչպե՞ս:
-Դե, գուցե եթե մենք նրանց շատ խնդրենք, նրանք մեզ համար գուշակեն մեր անելիքը:
-Փոխարենն ի՞նչ, – հարցրեց տարեց գուշակներից մեկը:
Աղջիկները չգիտեին՝ ինչ խոստանալ, բայց վստահեցրին, որ կփորձեն անել առավելագույնը գուշակներին որևէ կերպ օգնելու համար:
Ի վերջո երիտասարդ գուշակը բացատրեց, որ իրենց առաջին խմբի ընկերների միջոցով Պլանետարիան իմացել է, որ միակ բուժումը իր սիրելի հեքիաթների հերոսուհիների ջերմ ձեռքսեղմումը և անկեղծ ժպիտը կարող են լինել: Բավական դժվար էր եղել ստանալ միջմոլորակային հեքիաթասացների խորհրդի համաձայնությունը, այն էլ՝ սահմանափակումներով. երկրային երեք ժամից ավելի հերոսուհիները նոր հեքիաթում մնալ չէին կարող, բացառվում էր ստիպողական վերաբերմունքը:
-Այսքանը,-եզրափակեց գուշակը:
—-
Պլանետարիայի սենյակը 777-րդ հարկի 7777-րդն էր: Գուշակները որոշ չափով բացատրել էին վերելակից օգտվելու կանոնները: Մի քանի անհաջող փորձից հետո աղջիկներին հաջողվեց հասնել երկու լուսնի ժամանակաշրջանի հեքիաթի հերոսուհուն:
Պլանետարիան արտաքինով բավական տարբեր էր գուշակներից: Նրա աչքերը թեև նեղ էին, բայց նշաձև ու փայլուն էին, քիթը՝ փոքր ու համաչափ էր, եղունգները՝ թեև սուր ու երկար, բայց գեղեցիկ խնամված էին: Սակայն սարսափելի էր նայել նրա մարմնին. մինչև գոտկատեղ նրա մաշկը մետաղի հաստ շերտից էր բաղկացած:
Արքայադուստրերին տեսնելուն պես՝ միջմոլորակային հեքիաթի հերոսուհին ճառագեց ուրախությունից: Երևում էր՝ սպասում էր գրկախառնության: Սակայն աղջիկները սառն էին:
-Բարև,-որքան հնարավոր է՝ ջերմ ողջունեց Պլանետարիան:
-Բարև,-չոր պատասխանեցին արքայադուստրերը:
Պլանետարիան ընկրկեց նրանց սառնությունից: Զգացվում էր՝ չէր սպասել նման հանդիպման:
-Ինչո՞ւ,-հարցրեց նա:
-Զարմացա՜ծ ես, Պլանետարիա՛, զարմացա՛ծ ես: Պարզ է՝ այլ բան էիր սպասում:
-Բարի չե՞ք,-աչքերն արագ-արագ կկոցելով՝ հարցրեց լորդադուստրը:
-Վա՜յ, բայց ինչ դժվար է ձեզ հետ զրուցելը: Մի քանի ժամ գուշակների հետ էինք գլուխ ջարդում, հիմա էլ՝ դու: Երկու բառ որ ավել ասեք, լեզուներդ կցավի՞,-դժգոհեց Սպիտակաձյունիկը:
-Ծիծաղելին այն է, որ արդեն իրար լա՜վ հասկանում ենք,-ասաց Ռապունսելը:
-Ինչո՞ւ:
Պլանետարիան տարակուսել էր, չգիտեր՝ ինչ անել:
-Լավ, հիմա մեզ լսիր,-սկսեց Ռապունսելը,-ձեր աշխարհում ամեն ինչ փոխադարձ է: Եթե ուզում ես բարություն ստանալ, ապա պատասխանիր բարությամբ:
-Ի՞նչ, – հարցրեց Պլանետարիան:
-Հենց հիմա մեր հեքիաթներ ուղարկիր երկու խումբ գուշակներին, իսկ փոխարենը մենք քեզ կբուժենք:
-Կե՞ղծ:
-Ո՛չ, ոչ մի կեղծ բան չի լինի: Եթե դու խեղճ գուշակներին, ովքեր դեռ ուղեղաքամ չեն եղել, ուղարկես մեր հեքիաթներ, մենք էլ անկեղծ ուրախ կլինենք ու բարությամբ կլցվենք քո նկատմամբ:
Պլանետարիան ախ քաշեց, սկսեց պտտվել աթոռի վրա, հետուառաջ գնալ, հետո նայեց ժամացույցին. Մնացել էր կես ժամ:
-Ինչո՞ւ,-բղավեց Պլանետարիան:
-Ի՞նչը ինչու,-զարմացան Սպիտակաձյունիկն ու Ռապունսելը:
-Գուշակները: Ինչո՞ւ:
-Ա՜, ինչո՞ւ ենք ուզում օգնել գուշակներին: Որովհետև մենք շատ բարի ենք:
-Բացի այդ էլ խոստացել ենք:
Պլանետարիան մոտեցավ դիմացի պատին, պատը բացվեց, ու նա անհետացավ:
Մի քանի րոպե հետո հետ եկավ:
-Արված է:
-Երդվի՛ր բարի արքայադուստրերի կարմիր քարի վրա,-պահանջեցին Սպիտակաձյունիկն ու Ռապունսելը:
Պլանետարիան օդում մի քանի անգամ տարուբերեց ձեռքերը, քարը հայտնվեց սեղանի վրա: Նա աջ ձեռքը քարին դրեց:
-Երդվում եմ:
Սպիատակաձյունիկն ու Ռապունսելը միջանցք դուրս եկան: Նրանց պետք էր լցվել անկեղծ բարությամբ: Աչքերը փակել էին, հիշողությունների գրկում էին:
-Գուշակներն ապահով են,-շշնջացին երկուսը միաժամանակ:
Մտան սենյակ: Արքայադուստրերը շողում էին դեմքներին շռայլված բարի ժպիտի ճառագայթներից:
Պլանետարիայի հետ արդեն սկսել էին ջերմ զրույցը, երբ զգացին, որ հատակը պտտվեց. արքայադուստրերը մի քանի վայրկյան քաոսի մեջ գահավիժում էին:
—-
-Սիրելի՛ս,-ասաց արքայազնն ու համբուրեց Սպիտակաձյունիկի շուրթերը:
Սպիտակաձյունիկը կենդանացավ՝ հուրախություն թզուկների և արքայազնի:
Ուրախության ճիչերը ցնցեցին փոքրիկ բացատը:
—-
-Ռապունսե՛լ,-կանչեց Յուջինը:
-Օ՜, Աստված իմ, նա ողջ է,- արցունքների միջից ճչաց Ռապունսելն ու ընկավ երիտասարդի վզով:
—-
Հսկա սև խոռոչը կլանել էր Հելիոսի տիեզերանավը: Երիտասարդը տիեզերամակույկի մեջ էր, բայց արդեն հագել էր սկաֆանդրը. ամեն վայրկյան կարող էր վերջինը լինել:
-Պլանետարիա՜,- շշնջաց Հելիոսը:
Այդ պահին զգաց, որ իր տիեզերամակույկը շարժվում է սև խոռոչին հակառակ ուղղությամբ: Մի քանի վայրկյան հետո նա E7 տիեզերանավում էր:
Վերջին վայրկյանին Պլանետարիան հասցրել էր փրկել սիրելիին:
Երկնքից երեք խնձոր ընկավ. մեկը՝ գրողին, մյուսը՝ քննադատողին, երրորդն էլ՝ ինձ նման կարդացողին:



Комментариев нет:

Отправить комментарий