Եվ փակեց աչքերը



Տիգրան Թադևոսյան



-Մնաց տասնմեկ րոպե և հինգ վայրկյան:
- Սկսենք: Հագցրե՛ք աերոսաղավարտը:
-Լավ, պարոն Սուրենյան:
-Միացրե՛ք Հիպերկուբին: Այդպես, ամեն ինչ նորմա՞լ է:
-Այո՛, պարո՛ն Սուրենյան:
Անին մոտեցավ դռանն հենց այն ժամանակ, երբ  Արխիվարիուսում հերթական մեմուար ֆայլն էին ստեղծում:
Սենյակի մեջտեղում կանգնած էր Նեյրոնային հիպերկուբը, որը մարդկային ուղեղի եռաչափ պատկեր էր, առաջանում էր օդի մեջ ստեղնաշարի վրա տեղակայված ճառագայթների միջոցով: Այն վիզուալ հնարավորություն էր տալիս օգտագործողին՝ ազդելու ուղեղի որոշակի կետերի՝ մասնավորապես հիպոկամպի վրա:Հիպերկուբին մոտ դրված էր հեռակառավարվող մահճակալ, որի վրա պառկած էր ութսուն անց մի ծեր տղամարդ:
-Ժամանակն է, միացրո՛ւ աքսոններին:
-Եղա՛վ, պարո՛ն Սուրենյան:
Աբգար Սուրենյանն 8 տարուց ավելի էր իր հիմնադրած Արխիվարիուս ընկերության ղեկավարն էր: 2024 թվականն էր, երբ այս բժիշկ-գյուտարարն հայտնաբերեց Նեյրոնային հիպերկուբը՝ մի մեգաֆունկցիոնալ համակարգիչ, որտեղ տեղակայվելու էր մարդկանց հիշողությունների խուրձը՝ դառնալով նրանց ապրած կյանքի մնայուն արխիվը: Հետազոտվող մարդու  արյան մեջ ներարկում էին “Memafficiunt”` մի հեղուկ, որն ստիպում էր մարդուն հիշել իր ամբողջ կյանքի ամենավառ արտահայտված իրադարձությունները: Ուսումնասիրվողի ուղեղի ակտիվությունը աերոսաղավարտը փոխանցում էր համակարգչին, որն էլ արդեն կատարում էր  ակտիվության վերծանում: Այս միջոցով մարդու ուղեղից  քաշում էին  հիշողության ամբողջ պաշարը: Հիպերկուբում յուրաքանչյուրի  համար բացվում էր առանձին մեմուար ֆայլ, որի վրա էլ տեղակայվում էր  ամեն մեկի կենսագրությունը:
Արխիվարիուս ընկերությունը սենսացիա էր համաշխարհային պատմության մեջ ու շատ կարճ ժամանակում  հասցրեց ձեռք բերել լայն ճանաչում: Արխիվարուսի առաջին այցելուները հարուստներ էին, ովքեր ցանկանում էին իրենց անցած ուղին  հավերժացնել՝ իհարկե մեծ գումարներով ջնջել տալով հիշողությունից համակարգիչ մտած ոչ  տեղին կադրերը:
Բժիշկ Աբգարը հավակնոտ մարդ էր ու հեռուն գնացող ծրագրեր ուներ: 2 տարի էլ չէր անցել, ինչ նրան հաջողվեց միջազգային գիտական ընկերության կողմից ստանալ թույլտվություն՝ ըստ որի բոլոր մարդիկ վաղ հասակից դառնալու էին այս ընկերության հաճախորդները: Նպատակը նրանց կյանքի տևողությանն հետևելն ու մահվան մոտավոր ժամկետներ նշելն էր: Հավանական օրվանից մեկ կամ երկու օր առաջ հաճախորդին բերում էին Հիպերկուբի սենյակ, պառկեցնում հեռակառավարվող մահճակալին, “Memafficiunt”-ի ազդեցության տակ հիշել տալիս նրա անցած ուղին ու այն տեղափոխում  համակարգիչ:
Մեմուար ֆայլերը տեսնել կարող էին միայն հաճախորդի մահանալուց հետո: Եթե մարդն իր կյանքի ընթացքում հանցանքներ էր գործել, որոնք ամբողջովին չէին բացահայտվել կամ էլ անհայտ էին մնացել, հետմահու գործ էին հարուցում: Սկզբում նախատեսել էին մարդկանց հիշողությունների ամենօրյա պարտադիր հետազոտում, բայց զանգվածային բողոքի ցույցերը, ընդդիմադիրների պայքարը սահմանափակեցին Արխիվարիուս ընկերության իրավունքների հավանականությունը:
Բժիշկ Աբգարը մեծ կարևորություն էր տալիս իր գյուտի նաև այս գործառույթին: Դրա միջոցով էր, որ մարդկանց հիշողությունները ոչ միայն դառնում էին անցած էտապի հավերժացված փաստեր, այլև ձեռք էին բերում մեծ նշանակություն կատարվող ու կատարվելիք դեպքերի համար: 
Այդ պատճառով էր, որ հինգ տարի էր, ինչ առաջացել էր նոր մասնագիտություն՝ մեմուարաքննչագիտությունը: Մեմքննիչներին դասավանդում էին արդեն փորձառու քննիչներ և Արխիվարիուսում աշխատող մասնագետներ:
Անին մեմքննիչ էր: Պրակտիկայից հետո հնարավորություն չէր ունեցել կրկին լինելու Արխիվարիուսում: Հիմա նրան կանչել էին արդեն որպես մասնագետ, ում հանձնարարել էին աղմուկ հանած, բարդ գործի քննությունը: 
Անիի մտնելու առաջին վայրկյանից բժիշկ Աբգարը նկատել էր նրան, ընթացքում էլ ուսումասիրող հայացքով նայում էր աղջկա ուղղությամբ, բայց չէր մոտենում:
-Արսե՛ն, քանի՞ տերաբայթ մնաց քաշելու:
-Երկու, պարոն Սուրենյան:
-Լավ, ես մի քանի րոպեով դուրս գամ, ուշադիր եղիր` նորմալ կոնպլետկավորեք:
-Եղավ:
Բժիշկն ուղղվեց դեպի Անին. աղջիկը մի փոքր կաշկանդված էր:
-Դուք եք փոխարինողը, այո՞:
-Այո, պարոն Սուրենյան: Ես կուզեի…
-Հետևեք ինձ:
Անին զգում էր բժշկի մեծամիտ կեցվածքի ճնշող ազդեցությունը, բայց իր ուժերի վրա  վստահ էր:
-Ներս մտեք, այստեղ կարող ենք զրուցել: Ես արդեն առանձնացնել եմ տվել մեմուար-8789347-ի ֆայլը: Կարող եք ծանոթանալ:
-Շնորհակալություն, պարոն Սուրենյան: Անպայման կծանոթանամ:
-Ահա այն, օրիո՛րդ…
-Անի Մելքոնյան:
-Օրիո՛րդ Մելքոնյան, ես ձեր նախորդին՝ Նորիկ Ղազանչյանին էլ  ծանոթացրի գործի հետ, ուղղակի չհասկացա` ինչու այդքան խճճվեց: Ամեն ինչ  պարզ է. մենք գործ ունենք հերթական հանցագործի հետ, որին իր ապրած տարիների ընթացքում անգամ չեն կասկածել, բայց… ինչ ասեմ, Հիպերկուբը գուցե ավելին է բացահայտում, քան պետք է մեր ժամանակների մարդուն կամ օրենքներին:
-Պարո՛ն Ղազանչյանը երկար տարիների  փորձ ունեցող քննիչ է, սակայն մեմքննիչ չէ, գուցե դա է պատճառը, որ անհարթություններ առաջացան: Ինչևէ, կփորձեմ անել առավելագույնը գործը փաստարկելու համար:
-Ես մի բան գիտեմ՝ ծերերը թոշակի գնալու համար են: Ղազանչյանը մի քանի վկաներ պիտի գտներ, ու գործը կտեղափոխվեր դատարան. դարձրեց խնդիր, ամեն ինչ խառնեց իրար: Նելլի Ավագյանն ագրեսիվ կերպար  է եղել կյանքում՝ վկա նրա մեմուար ֆայլը: Ծանր պատանեկությունը կարող էր պատճառ լինել, բայց դա չի արդարացնում նրա գործած 3 դիտավորյալ սպանություններն ու 1 դաժան ծեծը, որոնք այդպես էլ անհետք անցել են նրա կենսագրության վրայով:
-Շնորհակալություն ուղղորդելու համար, պարոն Սուրենյան: Ես կծանոթանամ գործին և մենք ընթացքում դեռ շատ կզրուցենք այս թեմայով:
-Բարի:
Բժիշկը թույլ ժպտաց և դուրս եկավ սենյակից:
----
“Նելլի Ավագյան, 1986-2031”. Անին դիտասենյակում էր, նա 15 ձևաչափով ուսումնասիրում էր հանձնարարված գործը: Ավագյանի հիշողությունների խուրձը բացվել էր մեմքննիչի առջև:
Աղջնակը վազում էր սենյակով, գլուխկոնծի տալիս, գիտեր` բոլորի ուշադրության կենտրոնում ինքն է, լեզուն դուրս էր գցում, թավալվում հատակի վրա, ապա ցատկում ու սկսում մռնչալ. hայրիկի ընկերները ծիծաղում էին:
Անին ժպտում էր թռվռուն աղջնակին: Մանկական հիշողությունները դիտելիս մեմքննիչը, ինքն էլ չզգալով, կորցնում էր  գործնականությունը: 
Նելլին արդեն 11 տարեկան էր: Չէր սիրում բակային խաղերը, տարեկից աղջիկների ու տղաների հետ զրույցը ձանձրալի էր, բայց հաճախ  ստիպված էր բակ իջնել: Տանը ծնողները շատ էին վիճում, տանել չէր կարողանում, գերադասում էր դրսում անիմաստ կանգնել բակի երեխաների խմբի մեջ, քան լսել նրանց խայթոցները:
Նելլին զգում էր՝ իրեն չեն ընդունում խմբում: Ինքն էլ չէր ընդունում նրանց. բարձր արվեստով ապրող աղջիկը չէր կարող ընդհանուր թեմա գտնել առօրյա բամբասանքով տարված աղջիկների և հեծանվամոլությամբ տարված տղաների հետ:
Ինչքան էլ զգալի էր փոխադարձ հակակրանքը, բայց դա ստվերի մեջ էր մնում, մինչև մի օր պահմտոցի խաղալու ժամանակ լսեց, թե ինչպես է տղաներից մեկը՝ Հակոբը, ընկերոջն ասում.
-Մնացել է՝ Անճոռնի ճուտիկին  գտնեմ:
Թշերը վառվում էին, սիրտը արագ էր խփում: Դուրս եկավ թաքստոցից, ուզեց վիճել, գոռգոռալ, բայց չստացվեց: Պահը հարմար չէր, խառն էր, բայց հետո  մտածում էր, որ ինքը քաշվեց, վախեցավ:
Ընթացքում Հակոբի արհամարհական վերաբերմունքն ավելի շատացավ: Նա տղաների մեջ առաջնորդի կերպար էր, և վիրավորական էր, որ մի աղջիկ կարող է ամեն կերպ ցույց տալ, որ թքած ունի Հակոբի նմանների վրա: Առիթը բաց չէր թողնում խայթելու համար: Նման օրերին Նելլին առավոտները արթնանում էր կարմրած, ուռած աչքերով: Մայրը մտածում էր՝ իրենց վեճերն են պատճառը: Նելլին ոչինչ չէր ասում. թող այդպես էլ մտածի:
 Ամառվա շոգը խեղդում էր, բայց հեծանիվները սլանում էին խորդուբորդ ասֆալտի վրայով՝ հաճախ խաչաձևելով ճանապարհները: Աղջիկները հավաքվել էին շենքի ստվերում ու չաչանակում էին: Նելլիի ձեռքին գիրք կար, բերել էր ցույց տալու վառվռուն նկարներ սիրող մի քանի աղջկա: Հեծանվի անիվների սվվոցն ու երեսներին շփած փոշին ստիպեցին թեքվել աղջիկներին և նայել իրենց մոտեցող Հակոբին ու մի քանի տղաների: Ծռված ժպիտով ու արհարմարհական կեցվածքով կանգնած տղաները սպասում էին Նելլիի դժգոհ արտահայտություններին, որ վրա տային: Աղջիկն ատամներն այնպես էր  սեղմել իրար, որ կրճտոցը լսվում էր:
-Էլի գի՞րք եք կրծում,-ասաց Հակոբը քմծիծաղով: Տղաները հռհռացին: Ձեռքը կոպտորեն մոտեցրեց գրքին, որ քաշի:  Շենքի կողքից երևաց դեպի խումբը թափով ընթացող մի մեքենա: Հակոբն արդեն կիսով չափ քաշել էր գիրքը: Նելլին փակեց աչքերը:
Մեքենայի շարժիչի ձայնը շատ մոտ էր լսվում: Դեռահասները ցրվում էին տարբեր ուղղություններով: Նելլին բացեց կարմրած աչքերը, փնչաց ու ինչքան ուժ ուներ, հրեց Հակոբին:  Այդ ամենը մի քանի վայրկյան տևեց, բայց Նելիի աչքերում պաուզա տված կադրերի պես կես ժամվա չափով ձգվեցին իրադարձությունները. Հակոբը հետ-հետ գնաց, կորցրեց հավասարակշռությունը, մեքենայից 1 սմ հեռավորության վրա էր, Նելլին գիրքը շպրտեց նրա ուղղությամբ, Հակոբը խփվեց մեքենայի դիմամասին, գլխով զարկվեց դիմացի ապակուն, հետ թռավ, ընկավ գետնին, մեքենան անցավ նրա վրայով, լսվեց ոսկորների չրթչրթոցը, արյունը շփում էր:
…Նելլին պառկած էր անկողնում: Մտածում էր.
“Ես սպանեցի նրան: Վաղուց էի ուզում անել: Ամեն օր տեսնում էի: Ե՛ս, ե՛ս սպանեցի Հակոբին”:
Անին հետ-հետ գնաց: Մինչ վերջին տեսարանը, մոռացել էր՝ ինչի համար էր այդ սենյակում, և ահա առաջին սպանությունը: Մի քանի անգամ կրկնեց կադրը, նշումներ արեց իր մոտ: Ստուգել տվեց հիշողության տեսակը. որոշ տարուբերումներից հետո սլաքը կանգ առավ տևական հիշողության մտապատկերի վրա:
…Հայրը գնաց տնից: Աղջիկը չնեղվեց: Նրա  բացակայությունը անգամ հաճելի էր Նելլիին: Չէ, սիրում էր հայրիկին, բայց անտանելի էին դարձել նրա ու մայրիկի ամենօրյա կռիվները: Նրանց վեճերից մի քանի կադրեր երկար տարիներ անընդհատ հայտնվում էին Նելլի աչքերի առաջ:  Ուժեղ սառնություն էր զգում: Երևի դրա համար էլ չէր սիրում ձմեռը. ցանկացած ցուրտ նրա մոտ ասոցացվում էր հոգում տիրող սառնության հետ:
Հիմա նա ավելի ինքնուրույն էր: Մայրիկի հետ հեշտ էր բանակցություններ վարել: Բայց լինում էին դեպքեր, երբ մայրիկն ավելորդ զգուշավոր էր դառնում՝ երևի մտածելով, որ հիմա ավելի  պատասխանատու է դարձել որպես միայնակ դաստիարակող ծնող:
Նելլին սիրում էր իր թերությունները որպես առավելություն ներկայացնել, անբարդույթ երևալ, հոսանքին հակառակ գնալ: Մարդիկ նրա համար հաճախ խաղալիքներ էին թվում: Լինում էր՝ դիտավորյալ հակառակ կարծիքներ էր արտահայտում՝ մարդկանց իր դեմ հանելու, ջղայնացնելու և հետո սպասված արդյունքի վրա ծիծաղելու համար:
Վերջին զանգի օրերն էին: Աղջիկների մի մասը նեղվում էր, որ հայրիկները թույլ չեն տալիս մի քանի օրով քաղաքից դուրս գնալ: Նելլին աննրբանկա՞տ, թե՞ դիտավորյալ անհոգս ժպիտով առիթ-անառիթ հայտարարում էր, որ ինքը հաստատ գնալու է, որ իր համար խնդիր չկա ու սկսում էր խոսել սպասվելիք արկածների մասին: Մյուս աղջիկները մտածում էին, թե հազիվ առիթ է գտել իր հայր չունենալու առավելությունը ցույց տալու: Ոչ ոք չէր կասկածում, որ այդ պահերին Նելլիին պատում է այդքան զզվելի սառնության զգացումը, որ սիրով չէր գնա բոլոր տեսակի էքսկուրսիաներին, միայն թե հայրիկը իր հետ լիներ:
Վերջապես ուսանող էր: Նելլին չէր սիրել դպրոցը. այնտեղ իրեն կամ խղճում էին կամ խայթում: Համալսարանում այլ կերպ կլիներ:
Քառասուն հոգանոց կուրսը դասի էր նստած: Դասախոսը ծեր լեզվաբան էր: Մոխրամանն առաջը դրած ծխում էր ու խոսում, թե ինչ էր ասում, վերջին նստարանների ուսանողները չէին էլ լսում, իսկ առաջին նստարաններին ոչ ոք չէր նստել, որ ծուխը չփչի իրենց վրա: Մի մասը քչփչում էր, մյուս մասը քնել էր կամ մտքով հեռացել լսարանից: Հատուկենտ ուսանողներ էին գրառումներ անում: Սկզբում Նելլին ոչ միայն լսում, այլև ուզում էր իր լրացումներն անել, բայց երբ նկատեց, որ դասախոսը սիրում է  մենախոսել, ընկճվեց, ձանձրացավ, սկսեց նկարել: Շուտով սպիտակ թուղթը ստացավ խոսուն տեսք. վեր բարձրացված բռունցքներ էին: Նելլին մեծատառերով գրեց. “Մենք բողոքում ենք”: Ուզում էր էջը փոխել, երբ հետևից մի տղա ձայն տվեց.
-Կտա՞ս նայեմ:
Տղան, հոնքերը վեր ու վար անելով, նայում էր նկարը:
-Ինչի՞ համար սա նկարեցիր, - հարցրեց:
-Չգիտեմ:
-Դու բողոքում ես՝ դասախոսի դե՞մ, դասի՞:
-Չգիտեմ: Երևի բոլորի:
-Ինչո՞ւ բոլորի:
-Հիմա ում էլ հարցնենք, կբողոքեն դասախոսից ու դասից, բայց իրենք մասնակցում են դասի՝ այս կերպ մատուցմանը:
-Հա-հա-հա, քո բողոքը մե՞ր դեմ է:
-Ասացի՝ չգիտեմ: Գուցե իմ դեմ է:
-Այս բռունցքներից մի քսան թղթի վրա կարո՞ղ ես նկարել,- մի պահ մտածելուց հետո հարցրեց երիտասարդը:
-Ինչի՞ համար:
-Նկարիր, կտեսնես: Ի դեպ ծանոթանանք, ես Դավիթն եմ:
-Ուրախ եմ, Նելլի:
-Նելլի՜, ինձ ծանոթ բոլոր Նելլիները կամակորներ են, քեզ ընթացքում կբացահայտենք: Սպասում եմ, սկսի՛ր նկարել,- Դավիթը փայլող աչքերով նայում էր աղջկան:
Տասը րոպեից նկարները պատրաստ էին: Դավիթը հետևում մի երկու խոսք խզբզեց ու ցրեց լսարանով մեկ: Մի քանիսը նայեցին, կարդացին, դեն շպրտեցին: Մյուսները շարունակում էին շուռումուռ գալ տեղում: Դավիթն ու Գեղամը ոտքի կանգնեցին, բարձրացրին բռունցքներն ու Նելլիի նկարածները: Նրանց հետևեց Նելլին, ապա ևս հինգ աղջիկ, հետո  միացան կուրսի մյուս երեք տղաները:
Դասախոսն սկզբում չէր էլ նայում կանգնողներին, հետո զարմացած էր, չէր հասկանում պատճառը: Երբ հասկացավ, փոխըմբռնման չգնաց: Վեր կացավ ու մի քանի ուշունց տալով՝ դուրս եկավ լսարանից:
Համալսարանի պատմության մեջ առաջին անգամն էր, որ առաջին կուրսի ուսանողները նման ըմբոստություն էին անում. նրանք պահանջում էին հարգանք իրենց նկատմամբ ու գիտական մթնոլորտ լսարանում: Ի վերջո ամեն ինչ կարգավորեցին՝ դասախոսին փոխելով:
Նելլին ու Դավիթը շատ մտերիմ էին: Միասին անցկացրած մի ժամն անգամ հետաքրքրիր  արկածի էր վերածվում: Դասերից հետո էլ նրանք կամ ընթերցասրահում էին կամ համալսարանի այգում՝ կանաչներին նստած: Հետո թրև էին գալիս քաղաքում: Բոլորը նրանց սիրահարված զույգ էին համարում, բայց իրենք ամեն անգամ համոզում էին, որ այդպիսի բան չկա:
Որոշել էին քայլելով քաղաքից դուրս գնալ, հասնել մոտակա գյուղ, այնտեղ արդեն վստահ էին՝ արկածներն անպակաս կլինեն: Ուժեղ արև էր: Զգացին, որ չեն կարողանա երկար գնալ, ստիպված կես ճանապարհից հետ դարձան:
Նելլին արևահարվել էր, իրեն վատ էր զգում: Հենվել էր Դավիթին:
-Հեռախոսիդ մեջ ի՞նչ կա, միացրո՛ւ, լսենք:
Երկուսն էլ կռացան Դավիթի հեռախոսի վրա: Նելլին ձգվեց դեպի երիտասարդի շուրթերը: Համբույրը երկուսի համար էլ սպասված անակնկալ էր:
    Նրանք շարունակում էին իրենց ամենօրյա հանդիպումները, ոչինչ չէր փոխվել արտաքնապես, բայց նրանք ավելի երազկոտ էին դարձել, քիչ էին հռհռում, թատրոններ էին գնում կամ այգիներում նստած՝ ժամերով լուռ իրար նայում:
Նոր տարվա նախաշեմին Նելլին գրիպով հիվանդացավ: Մրսել էր: Մի շաբաթից ավել  չկարողացավ տնից դուրս գալ: Դավիթը առաջին օրերին հաճախ էր այցելում  հիվանդացած ընկերուհուն, բայց հետո օր կար, որ մի անգամ էլ չէր գալիս: Նելլին մտածում էր, որ Նոր տարվա պատրաստություններն են պատճառը, բայց, միևնույն է, վատ էր զգում:
 Հունվարի կեսերից սկսեցին նորից կանոնավոր հանդիպել, բայց մի բան փոխվել էր, գո՞ւցե հունվարի ցուրտն էր սառեցրել Դավիթի սրտի մի փոքր հատված և կամ ձյունն էր իջել Նելլիի աչքերին ու նրա ջերմությունից ամեն գիշեր հալվում էր՝ թրջելով բարձը:
 Դավիթը երկու օր էր, դասի չէր գալիս, զանգերին պատասխանում էր, բայց խոսում էր անտարբեր, ցրված, ասում էր՝ գերհոգնած է, ուզում է մի քանի օր տանը հանգստանալ:
“Ոչինչ էլ չի եղել, -մտածում էր Նելլին,-ես իմ կասկածամտությամբ համ ինձ եմ տանջում, համ մեր հարաբերությունները փչացնում”:  Ուզում էր գիրք կարդալ, չէր ստացվում. մի բան կանգնել էր կոկորդին, սեղմում էր: 
“Չէ՛, կգնամ Դավիթի մոտ, կխոսենք, ամեն ինչ կհարթվի: Իսկ ինչո՞ւ ինքը ինձ չկանչեց: Հա՛, բայց պիտի կանչի՞, նոր միայն գնամ, եթե զգում եմ՝ իրեն պետք եմ՝ կգնամ ”:
Դավիթը մենակ էր ապրում: Այդ միսենյականոց բնակարանում նրանք հաճախ էին մոտիկ ընկերներով հավաքվել: Եթե աչքերը փակ գնար, ոտքերը նրան կհասցնեին սիրելիի բնակարան:
Ահա և իրենց այգին: Այգու այդ մասում երբեք մարդաշատ չէր լինում, միայն հատուկենտ անցորդներ էին երբեմն խանգարում երիտասարդների գտած դրախտը: Նելլիի սիրտը տաքացավ, երբ նայեց այգու կողմը, բայց և նույն վայրկյանին էլ շունչը կտրվեց. Դավիթը գրկել էր մի աղջկա, համբուրում էր. այդպես իրեն երբեք չէր համբուրել: Մի ձեռքով բռնել էր մեջքը, մյուսը ոտքերի վրա էր խաղում: Չզգաց, թե ինչպես  հասավ  զույգին, վերցրեց հանքային ջրի շիշն ու շպրտեց վրաները:
-Ինչո՞ւ, Դավի՛թ:
-Նե՛լ, կներես, ես չէի ուզում քեզ ցավեցնել: Նե՛լ, ես քեզ երբեք էլ չեմ սիրել: Կներես, խնդրում եմ, մենք լավ ընկերներ կմնանք:
Նելլին աչքերը փակեց:
Պայուսակից հանեց դանակը, դանդաղ քայլերով մոտեցավ, փնչաց ու հարձակվեց երկուսի վրա: Խփում էր՝ ուր պատահի: Տաք արյունը ողողեց ձեռքերը, շորերը, բայց նա շարունակում էր հարվածների տարափը: Երբ մարմինները դադարեցին թպրտալ, դեպի իրեն քաշեց Դավիթի ձեռքերը, որոնցով շոյում էր ուրիշին և ջիլ առ ջիլ կտրտեց: Հերթն հասավ շրթունքներին. Նելլին արդեն ոչ թե կտրտում, այլ պոկոտում էր, փերթ-փերթ անում: Մի վերջին անգամ նայեց նրանց, դանակը շպրտեց գետնին ու հեռացավ:
Անին մի քանի րոպե տեսածի ազդեցության տակ էր: 15 ձևաչափի պատճառով մեմքննիչն իրեն դաժան սպանության վկայի դերում էր զգում: Երևում էր՝ դեռ այնքան փորձ չուներ, որ այդ ամենը միայն մասնագետի աչքերով դիտարկեր, փոխարենն ուներ բնածին ունակություններ և ուսանելու ընթացքում ձեռք բերած գիտելիքներ: Համակարգչին  կրկին ստուգել տվեց. սլաքը որոշ տատանումներից հետո ամրագրեց, որ այդ կադրերը ևս տևական հիշողության մտապատկերներ են: 
Մի ամիս հետո Նելլին Բելգիայում էր: Արտասահմանում ուսումը շարունակելու տարբեր ծրագրեր կային: Նելլիի համար դժվար չէր հանձնել մինիմումները: Նա Գենտի համալսարանում փիլիսոփայություն և արվեստներ էր սովորում: 
Կյանքն իր հանգիստ հունով էր ընթանում, մինչև հանրակացարանի՝ նրա սենյակի մյուս բնակչուհին  տեղափոխվեց: Մի շաբաթից եկավ Նելլիի նոր հարևանուհին՝ մի բուլղարուհի:  Իվան լավ զրուցակից էր, բայց Նելլին ավելի սիրով իր դասերն էր անում կամ թափառում քաղաքով մեկ:
Գնալով Իվայի վարքը Նելլիին ավելի ու ավելի դուր չէր գալիս: Եթե սկզբում ուշադրություն չէր դարձնում բուլղարուհու թափթփված անկողնուն, շորերին ու իրերին, հետո այդպես շարունակել չէր կարող: Քիչ չէ՝ Իվան ճաշ պատրաստելիս ամբողջ խոհանոցը խառնում էր իրար, ամանների զնգզնգոցը գցում տնով մեկ, հետն էլ եփածներն օրերով թողնում էր սեղանի վրա, զզվելի նեխահոտ տարածում: Նելլին քանիցս զգուշացրել էր նրան, գոնե ժամանակին թափի չկերածը, որ սենյակում ապրել լինի, բայց Իվայի մի ականջից մտնում, մյուսից դուրս էր գալիս:
Նելլին գլխացավ ուներ, որոշել էր տանը մնալ: Սենյակից վառված տապակայի ու երեք օր առաջվա ձվով աղցանի նեխահոտն էր գալիս: Գոռգոռաց Իվայի վրա, ասաց, որ անմիջապես հավաքի իր թափոնները:  Բացեց սենյակի լուսամուտները, բայց սառը քամին ներս էր խուժում, փակեց: Իվան շարունակում էր ուտել իր վառված տապական: Նելլիի նյարդերը տեղի տվեցին: Վերցրեց նեխած աղցանն ու շպրտեց Իվայի ուղղությամբ: Բուլղարուհին սկսեց ճղճղալ: Նելլին խորը շունչ քաշեց ու փակեց աչքերը:
Վերցրեց սեղանին դրված գրտնակն  ու ինչքան ուժ ուներ, սկսեց հարվածել Իվայի գլխին, կողքերին:
Երբ աչքերը  բացեց, դեռ չէր հանգստացել: Որոշեց, որ անպայման բողոք է գրելու Իվայի դեմ, հետո փոշմանեց. ինքը քաղաքի ծայրամասում մի հարմարավետ սենյակ կվարձի ու մենակ կապրի:
Այստեղ վիճակն ավելի խառն էր. սլաքը պտտվում էր գրեթե բոլոր ուղղություններով՝ չառանձնացնելով որևէ մեկին: Անին կրկնել տվեց կադրը, այս անգամ սլաքը վերջապես կանգնեց տևական հիշողության մտապատկերի վրա:
Նելլին տարիներ շարունակ մենակ ապրեց, ավարտեց համալսարանը, ասպիրանտուրա ընդունվեց, հետն էլ դասախոսում էր նույն համալսարանում:
Արդեն հասուն կին էր: Կարիերայում բավական առաջ էր գնացել, ամուսնացել էր մի ֆրանսիացու հետ, երեխաներ չունեին: Չնայած խաղաղ ընտանեկան վիճակին՝ Նելլին գնալով ավելի ու ավելի էր գերհոգնում, բողոքում կոկորդում առաջացող ցավերից: Սկզբում ուշադրություն քիչ էր դարձնում, բայց գնալով ցավերը շատացան, խեղդվելու նոպաներ էր ունենում: Դիմեցին բժշկի՝ կոկորդի քաղցկեղ ուներ, արդեն 3-րդ ստադիայում էր:
Նելլին հրաժարվեց վիրաբուժական միջամտությունից, բայց հոգեկան վիճակն ավելի ծանր էր դառնում: Բաժանվեց Ժակից ու վերադարձավ Հայաստան: Քսան տարվա ընթացքում մի անգամ էր եղել հայրենիքում՝ մոր թաղմանը մասնակցելու: Շատ բաներ էին փոխվել, ամեն ինչ օտար էր, անծանոթ, սառը: Նելլին տնից գրեթե դուրս  չէր գալիս:
Այդ ժամանակ էր, որ ամբողջ աշխարհում պարտադիր դարձավ Արխիվարիուսում գրանցվելն ու հետազոտության անցնելը: Բուժվելու դեպքում Նելլիին չորս տարվա կյանք էր մնացել:
2031 թվականի հուլիսի 17-ին Նելլի Ավագյանը  մահացավ՝ Հիպերկուբին պահ տալով իր կյանքի 45 տարիների հիշողություններն ու ապրումները:   
----
Անին Արխիվարիուս եկավ հաջորդ օրը: Նորից ու ավելի մասնագիտական աչքով սկզբից մինչև վերջ  դիտեց Նելլիի մեմուար ֆայլը, առանձնացրեց չորս կադրերը, դուրս հանեց մի քանի անուններ, կարևոր փաստեր: Հիմա մնում էր կատարել քննչական աշխատանքը:
Երիտասարդ մեմքննիչին  հեշտ էր թվում փաստարկներ գտնելը: Որոշել էր՝ ըստ գործած հանցանքների հաջորդականության բացահայտել գործը:  Անկասկած էր՝ բոլորի հիման վրա էլ դատական գործեր են բացվել, բայց թե ինչ կախարդանքով է Նելլիին հաջողվել անգամ անվանապես ոչ մի կապ չունենալ այդ գործերի հետ,  հանելուկի կարգավիճակում էր մնում:
Դատարանի արխիվում  կարողացան գտնել 1997 թվականին  12 տարեկան  Հակոբ Մնեյանին վրաերթի ենթարկած Սամվել Դաշյանի  դատական գործը: “Երևան քաղաքի  բնակիչ Սամվել Դաշյանի կողմից վարած Վազ 21013 մակնիշի 35 ԼԼ 307 համարանիշի ավտոմեքենան  Կոմիտասի փողոցի թիվ 8 շենքի մոտ վրաերթի է ենթարկել նույն քաղաքի բնակիչ  12-ամյա հեծանվորդ Հակոբ Մնեյանին: Տղան տեղում մահացել է”:
Այնտեղ նշված էր, որ դեպքը կատարվել է Հակոբի և վարորդի երկուստեք անզգուշության պատճառով.  տղան չի կողմնորոշվել, արդյունքում՝ վթարի է ենթարկվել:
Ինչքան էլ զարմանալի էր, բայց և վկաները, և վարորդը ոչինչ չէին ասել Նելլի Ավագյանի մասին:
Անիի հաջորդ քայլը վկաների հետ հանդիպելն էր: Նա ուղևորվեց Կոմիտաս փողոցի թիվ 8 շենք: Հարևանները սիրով էին հիշում Նելլիին, միայն նշում էին, որ շատ ներփակ երեխա էր: Այդ օրը շատերն էին տեսել Հակոբի վրաերթի ենթարկվելը, բայց բոլորն էլ պնդում էին, որ Նելլին դրա հետ ոչ մի կապ ունենալ չէր կարող, որովհետև աղջիկներն այդ ժամանակ շենքի առաջին մուտքի մոտ էին եղել, իսկ Հակոբը փորձել էր բակը կտրել-անցնել:
Անիի խաչաձև հարցերը ոչ մի սպասելի արդյունքի չէին հանգեցնում: Ըստ հարևանների՝ Նելլիկը կապ ունենալ չէր կարող. դա զառանցանք էր կամ էլ հերյուրանք:        
“Մի՞թե մահացած հարևանուհու մեղքը դիտավորյալ կթաքցնեն եղածը եղած է-ի սկզբունքով”,- մտածում էր Անին, բայց ավելին անել չէր կարող:
Նա կրկին դիտեց մեմֆայլի այդ հատվածը, քանի որ տպավորություն էր, թե ինքը բաներ է հնարում: Խոսեց բժիշկ Սուրենյանի հետ: Նախ՝ բժիշկն սկսեց տարակուսանքով վերաբերվել մեմքննիչին, հետո մեմքննչագիտության կողմից հանցագործությունների բացահայտած  օրինակներով, Նելլի Ավագյանի մեմուար ֆայլի համապատասխան հատվածով համոզեց Անիին, որ հանգուցյալը հանցագործ էր, ուղղակի նոր մեթոդներ են պետք այդ ամենը փաստերով ապացուցելու համար:
-Չեմ հասկանում՝ ինչ բարդ բան կա մի քանի վկա գտնելու մեջ: Քիչ է մնում՝ ես մեմքննչությամբ զբաղվեմ: Ծամում-դնում եմ բերաններդ էլ, սայլը տեղից չեք շարժում:
Անիին ոչինչ չէր մնում անել, քան անցնել մյուս հանցանքների բացահայտմանը. գոնե այդ մասով գործն առաջ գնար: Կապվեց Բելգիայի գործընկերների հետ, նրանց տվեց Նելլի Ավագյանի տվյալները և խնդրեց, որ ուղարկեն Նելլիի բնութագիրը՝ ըստ նրա հարևանների, աշխատակիցների, ամուսնու և ընկերների, պարզեն Իվայի ով լինելը, բնակության վայրը և արդյո՞ք Իվան դատական գործ հարուցել է ծեծի համար:
Իր հաջորդ քայլն էր կրկին գնալ դատական արխիվ՝ այս անգամ ոմն Դավիթի սպանության գործը ուսումնասիրելու: Միայն գիտեր, որ Դավիթը ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետի առաջին կուրսի ուսանող էր եղել, ըստ այդմ՝ 17-18 տարեկան: Այս անգամ որքան էլ  փնտրեցին նման քրեական գործ, չգտան:
Անիին մնում էր գտնել Նելլիի կուրսեցիներին: Պարզվեց՝ ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետի առաջին կուրսում սովորել է Դավիթ Զաքարյան անուն-ազգանունով մի երիտասարդ, ով եղել է Ավագյանի մոտ ընկերը, բայց Դավիթը, դեռ առաջին կուրսը չավարտած, հանկարծակի հեռացել է համալսարանից, վերադարձել ծնողների մոտ: Հետագայում իմացել են՝ տղան շաքարախտ ուներ, որի պատճառով էլ մի տարի հետո մահացել է: Նույնը հաստատեցին Ավշար գյուղում բնակվող Դավիթի հարազատները: Երիտասարդի հետ դանակահարվող աղջկան գտնել բնավ չհաջողվեց:
----
Անին գնում-գալիս էր Արխիվարիուսի փոքր դիտասենյակում: Ավագյանի մեմֆայլն արդեն անգիր գիտեր, բայց, միևնույն է, փաստերի համատեղում չէր կարողանում անել:
“Իսկ ես զարմանում էի, որ Ղազանչյանը չկարողացավ գլուխ հանել: Չնայած Ղազանչյանն ասաց, որ իրեն այդ գործից հեռացրին այն ժամանակ, երբ արդեն ինչ-որ կոնկրետ վարկածներ էր փորձում առաջ քաշել: Ղազանչյանը ճիշտ է. Դավիթին Նելլին չի սպանել: Դա կասկածի տակ է դնում նաև մյուս սպանությունները ”:
Անին ինչքան էլ տարակուսանքների մեջ էր, բայց գիտեր՝ Հիպերկուբը սխալվել չէր կարող:
“Ինչ-որ բան կա, որ չեմ կարողանում գտնել, զգում եմ, բայց հնար չեմ գտնում  փաստարկելու”:
Հիպերկուբը հստակեցնում էր կամածին և ոչ կամածին հիշողության տեսակները: Մեմֆայլերում առանձնացվում էին տևական հիշողության մեջ կոնսոլիդացված մտապատկերները, տարբերակվում էին հիշողության, երևակայության, երազային մտապատկերներն ու հալյուցինացիաները: Նելլիի մեմֆայլի բոլորն սպանություններն էլ երևակայական կամ երազային մտապատակերներ չէին, առավել ևս՝ հալյուցինացիաներ,  բայց բազում անգամներ նայելով ու համեմատելով՝ Անին գտնում էր, որ դրանք նաև կոնկրետ հիմնական հիշողության մտապատկերներ չեն:
Անին կասկածի տակ չէր դնում Հիպերկուբի գործունեությունը, բայց զգում էր՝ շատ բաներ բաց է թողնում:
“Ես չեմ կարողանում լիովին մտնել Նելլիի կյանք, չեմ զգում իր վարքը, իր գործողությունների իրական ազդեցությունը: Ավելի բազմաֆունկցիոնալ համակարգիչ է  ինձ պետք: Տեղեր կան, որ հիշողության ու երևակայական մտապատկերների սահմանները խաչաձևվում են, ճիշտ է՝ Հիպերկուբը դրանք էլ հնարավորինս  առանձնացրել է, բայց …”:
Անին մտածում էր, որ բոլոր այդ նրբությունները կարող է բացատրել բժիշկ Սուրենյանը, իսկ նա պարզ ասում էր, որ եղածները տևական հիշողության մտապատկերներ են ու այս հարցում այլ կարծիք լինել չի կարող:
Մեմքննիչը հուսահատ էր: Նորից ամրագոտին հագավ ու ձեռքը տարավ քունքին ամրացված ապարատին. նրան պետք էր կրկին տեսնել Նելլիի կյանքում այդքան վճռորոշ պահերը, որոնք, սակայն, նրա հասարակական կյանքի վրա որևէ ազդեցություն չէին ունեցել:
Դուռը հետ գնաց: Աբգար Սուրենյանն էր մտնողը: Անին նայեց բժշկին ու ավելի զարմացավ. Սուրենյանը հարբած էր երևում, մի փոքր ճոճվում էր:
-Հը, փոքրի՛կ, ի՞նչ ես ամեն օր այս սենյակում փակվում, Հիպերկո՞ւբ ես հայտնաբերում,- գյուտարարը ծռմռեց բերանն ու շաղված աչքերով նայեց Անիին:
-Պարո՛ն Սուրենյան, չգիտեմ, թե ինչու ինձ թվում է…
-Թվո՞ւմ է, հա-հա-հա:  Աղջի՛կ, դու մեմքննի՞չ ես, թե՞ գուշակ:
-Պարոն Սուրենյան, քանի դեռ Բելգիայից  տվյալները չեն ուղարկվել, մենք վերջնական եզրակացություն չենք կարող անել, դրա համար էլ փորձում եմ չսխալվելու համար մանրամասն ուսումնասիրել գործը:
-Հանդուգն ես, փոքրի՛կ, հանդուգն ես: Դուք իրար նման եք: Դուք ուրիշ ցեղի կենդանի եք: Հանդո՛ւգն, տարօրինակ աղջիկներ, հա-հա-հա, տարօրինա՛կ էգեր:
Բժիշկը ձայնը բարձրացրել էր ու մոտենում էր Անիին: Շաղված աչքերում վախեցնող փայլ կար: Անին ձեռքը ինքնաբերաբար տարավ քունքին ամրացրած ապարատին ու սեղմեց. հեռակառավարվող ատրճանակը տեղում մեխեց բժշկին: Աղջիկն անջատեց ապարատն ու դուրս եկավ դիտասենյակից:
----
Երկու օր էր, ինչ մեմքննիչը անելիքը չէր կարողանում որոշել: Արխիավարիուս գնալուց խուսափում էր, որոշել էր՝ մինչև արդյուքներ չունենա, չի գնալու:
Անին պատրաստվում էր քնելու, երբ աերոֆաքսը զնգաց. Բելգիայից  պատասխան էին ուղարկել: Նելլիի բնութագիրը դրական էր:
Բելգիացի գործընկերներին հաջողվել էր պարզել նաև Իվայի հասցեն. նա վերադարձել էր Բուլղարիա՝ Յամբոր քաղաք:  Իվան Նելլիի դեմ երբևէ որևէ բողոք չէր ներկայացրել:
Անին որոշեց  պատվիրել օդաթիռ ու այդ օրն իսկ մեկնել Յամբոր:
Իվան բավական նման էր Նելլիի հիշողությունների ուսանողուհուն, ուղղակի ավելի հասուն տարիքում էր: Նա սիրով ընդունեց Անիին, միասին թեյեցին ու սկսեցին զրուցել: Մի քանի ժամ շարունակ  խոսում էին, ինչ-որ բաներ քննարկում, ժպիտներ փոխանակում:
“Այո՛, ճիշտ էր նկատել Նելլին, բուլղարուհին լավ զրուցակից դուրս եկավ”,-մտածում էր Անին Հայաստան վերադառնալիս,-հիմա շատ բան պարզ է”:  
----
Արևի շողերը շոյում էին Անիի կիսաբաց ուսը, խաղում մազերի հետ, իսկ նա դեռ չէր մտածում անկողինը լքելու մասին:
Գլուխկոտրուկը լուծված կարելի էր համարել, եթե մի խոշոր հարցական խաղաքարտերը չխառներ: Անին նախորդ  օրը խոսել էր իր ճանաչած ամենահմուտ հոգեբանի հետ, հիմա պարզ էր, թե ինչու էր սլաքը որոշիչ տեղերում տարուբերվում ու ինչ էին հուշում Նելլիի փակվող աչքերը: Անկասկած էր, որ բժիշկ Սուրենյանը գիտեր այդ մասին. Հիպերկուբի բոլոր նրբությունները նրա ձեռքի գործն էին: Ինչո՞ւ էր այլ բան պնդում:
Այդ հարցը այնքան խլրտաց աղջկա գլխում, որ նա  թիկնեց բարձին, միացրեց քունքին ամրացրած ապարատն ու կապվեց հին ընկերոջ՝ Վահանի հետ. ժամանակին Անին նրան անգնահատելի օգնություն էր ցույց տվել: Վահանն արդեն յոթ տարի աշխատում էր Արխիվարիուսում, կարելի էր ասել, որ  սկզբնական աշխատողներից մեկն էր եղել: Անիին հիմա նրա օգնությունն էր պետք:
Երիտասարդն ընկերուհու տուն եկավ աշխատանքից հետո: Ժպիտներից, ընդհանուր հարցուփորձից ու ճաշելուց հետո Անին Վահանին պատմեց իր մեմքննության առաջին լուրջ գործի մասին:
Վահանն սկզբում լարված լսում էր, ընթացքում լարվածությունը թուլացավ, սկսեց քմծիծաղ տալ, անգամ բարձր ծիծաղել:
-Ա՛ն, զարմանում եմ քեզ վրա, ախր  դու շուտ գլխի ընկնողներից ես, Սուրենյանին ո՞նց է հաջողվել քեզ մատների վրա խաղացնել:
-Վահա՛ն, ես հիմա էլ չեմ հասկանում, թե հայտնի բժիշկ-գյուտարարի ինչի՞ն էր պետք նման քայլի գնալը: Ո՞րն էր շահը: Տրամաբանական ոչ մի փաստարկ չկա:
-Էհ, Անի՛, Անի՛, դեռ շատ ջահել ես:
-Հա՛, դե, դու արդեն հարյուր տարեկան ես, էլ ո՞նց կլինի: Հազիվ հարմար պահ ես գտել ինձ ծաղրելու, հա՞:  
-Չէ, Ա՛ն, ուղղակի ես քեզնից շատ բան գիտեմ Սուրենյանի մասին: Բայց իմ իմացածի մի մասը բամբասանքի մակարդակի վրա է: Կարծում եմ՝ դու ինքդ կգտնես հարցիդ պատասխանը, եթե լինես Անդրաշխարհում:
-Վահա՞ն, գժվեցի՞ր:
-Ա՛ն, ճիշտ ես, գժվեցի: Իմ գործը  լուրջ է, եթե որևէ մեկն իմանա, որ քեզ կամ որևէ օտարի ասել եմ Անդրաշխարհի գոյության մասին:
-Ի՞նչ Անդրաշխարհ,- Անին թերահավատությամբ նայում էր ընկերոջը:
-Դա Արխիվարիուսի գաղտնի սենյակներից մեկն է: Նրա գոյության մասին շատ սահմանափակ թվով մարդիկ գիտեն: Այնտեղ կան տասը մինիհիպերկուբներ, դրանց մեջ դրված է տասը մեմֆայլ՝ տասը մարդու հիշողությունների խուրձ: Ամեն մի մինիհիպերկուբ ունի իր տերը. այդ տասը մարդիկ մեր աշխարհի հզորներից են, ովքեր հոգնել են եղած բոլոր հաճույքներից ու հանուն նորը փորձելու գայթակղության՝ մեծ գումարներ են մուծել Արխիվարիուս ընկերությանը, հրաժարվել աշխարհիկ կյանքից ու մտել վիրտուալ իրականություն:
-Բայց այնտեղ ի՞նչ են անում, որ մի հատ էլ նման զոհաբերությունների են գնացել:
-Ա՛ն, ասում են՝ եթե մի անգամ մտնում ես Անդրաշխարհ, նրանից դուրս գալու մասին մոռանում ես: Երևի զգացողությունները, ընձեռած հնարավորությունները իրենց գործն անում են:
-Ի՞նչ հնարավորություն:
-Նրանցից ամեն մեկն ընտրում է մի մեմֆայլ, որն է՝ մի մահացած մարդու կենսագրություն, սկսում է ապրել նրա  կյանքով, գործել նրա փոխարեն, ինչ-որ պահից գնալ ապագա, հետ դառնալ անցյալ: Հասկանո՞ւմ ես՝ նրանք լրջորեն ապրում են այդ կենսագրություններով,  հանգիստ ճանապարհորդում են վիրտուալ տարածության ու ժամանակի մեջ: Հաճախ են, չէ՞, մարդու առաջ տարբերակներ դրվում, որ դրանց ընտրությունից կախված է լինում նրա հետագա ճակատագիրը: Հիմա նրանք հերթով ընտրում են տարբեր տարբերակներ, առաջ ու հետ անում ժամանակի ու տարածության մեջ: Ամեն անգամ տարբերակների հնարավորությունը բազմապատկվում է, խաղացողներն էլ հիմնովին ներքաշվում են խաղի մեջ: Վերջին տարում նոր բոնուս են ավելացրել. ցանկության դեպքում խաղացողները կարող են իրենց միացնել մյուսի կամ մյուսների մեմֆայլները ու համատեղ խաղալ կամ, ինչպես իրենք են կարծում, համատեղ ապրել:
-Պահո՜, հետաքրքրեց: Կարելի է ասել՝ կատարվել է մարդկության երազանքը՝ ճանապարհորդել ժամանակի ու տարածության մեջ: Երևի՝ ես էլ կուզեի: Բայց ի՞նչ կապ ունի մեր գործի հետ Անդրաշխարհը:    
Վահանը մի պահ մտածեց ու ասաց.
-Անի՛, ես մեծ ռիսկի ենթարկեցի ինձ, երևի հասկանում ես, բայց մի բան էլ կա, որ պիտի իմանաս: Մտի՛ր Անդրաշխարհ: Այնտեղ համար 4 խաղացողը երեկ հանկարծամահ է եղել: Փոխարինողի պակաս կա, որովհետև այս ամենը մեծ զգուշությամբ է արվում, Սուրենյանն անձամբ է գտնում անհրաժեշտ մարդուն, գնում նրա մոտ պայմանները քննարկելու:
-Ե՞վ, ո՞րն է իմ առաքելությունը:
-Համար 5 խաղացողը ընտրել է ոմն Արտաշես Սիսյանի կյանքը: Դա Արխիվարիուսի առաջին մեմֆայլն է եղել: Խիստ կասկածներ կան, որ այդ ֆայլը հենց պարոն Սուրենյանի հիշողությունների խուրձն է: Կապի մեջ մտիր նրա մեմֆայլի հետ:
-Այ քեզ բան: Պարզ է, որ հետաքրքրության համար նա կարող էր առաջինը իր հիշողությունները Հիպերկուբ փոխանցել, բայց ինչո՞ւ է դրանք արխիվացրել մինչև իր մահանալը, առավել ևս ինչո՞ւ է մտցրել Անդրաշխարհի ֆայլերի բազա:
-Դա շատ խառը պատմություն է: Լսել եմ՝ բժիշկն անձնական  կյանքում դժվարություններ է ունեցել, մինչև հիմա էլ ընտանիք չունի: Կարծում ենք՝ Անդրաշխարհի միտքը նրա մոտ հենց դրանից էլ ծնվել է, որ տեսնի, թե այլ խաղացողներ ինչպես կվարվեն իր կյանքի այն վճռական պահերին, որոնք իր համար բեկումնային նշանակություն են ունեցել: Կամ էլ ապագա քայլերի տարբերակներ կարող են առաջ քաշել, որոնք բժիշկը հետագայում հաշվի կառնի:
-Պահո՜, գնալով գործն ավելի հետաքրքիր է դառնում: Դու կարծում ես, որ բժշկի տարօրինակ պահվածքը կամ  շահագրգռվածությունը այս գործի հանդեպ անձնական պատճառնե՞ր ունի:
-Դու այդպես չե՞ս կարծում:
-Ճիշտ այդպես, ընկե՛ր Վահան,- Անին ծիծաղեց, հետ ընկավ բազմոցին, ապա ավելացրեց,- հիմա ինչքան էլ խուսափում ես օգնելուց, պիտի գոնե մի քանի գործնական խորհուրդներ տաս: Մտքումս հետաքրքիր ծրագիր է ծնվել:
-Ա՛յ դու ձկան աչք, ո՞ւր կարող եմ քեզնից փախչել: Ծրագիրդ ասա, քննարկենք:
Գիշերվա ժամը չորսն էր, բայց Անիի բնակարանի մեգալուսադիոդները դեռ շարունակում էին լուսավորել սենյակը, ուր երիտասարդները գնում-գալիս և պարբերաբար ազդում էին քունքներին ամրացված ապարատներին՝ համակարգչում նոր ու տարբեր նախագծեր առաջ քաշելով:
-----
   Ծրագրի առաջին մասն արված էր: Անին գնացել էր բժիշկ Սուրենյանի աշխատասենյակ, նրան առաջարկել զրուցել գործի շուրջ, բայց ընթացքում հիշեցրել էր բժշկի նախորդ անգամվա պահվածքը և հրավիրող տոնով հասկացրել, որ պատրաստ է նրա ցանկությունները կատարելուն: Երբ որոշ խոսակցությունից հետո գրգռված տղամարդը մոտեցել էր Անիին ու նրանց միջև հեռավորությունը դարձել էր մոտավորապես 60 սմ (այդ դիստանցիայից էր թույլ տրվում ինքնապաշպանության համար հեռակառավավող էլեկտրական ատրճանակը գործի դնել), աղջիկը տեղում մեխել էր նրան: Ապա բժշկի քունքի ապարատն ամրացրել էր իրեն ու հերթով դիտել սենյակները, այնտեղ կատարվող գործողությունները: Տեսել էր նաև Անդրաշխարհը: Գործն արված էր: Դրանից հետո շտապ հեռացել էր Արխիվարիուսից:
Անին իր տանն էր, երբ Աբգար Սուրենյանը հաղորդագրություն ուղարկեց հանդիպելու և ամեն ինչ պարզաբանելու մասին:
Մեմքննիչն Արխիվարիուս գնաց միայն հաջորդ օրը: Նրանք հանդիպեցին ընդունարանում, ապա գնացին Սուրենյանի աշխատասենյակ: Անին շատ վստահ էր իրեն պահում:
-Բան չունե՞ս ասելու,- ուղիղ աղջկա աչքերի մեջ նայելով՝ հարցրեց բժիշկը:
-Իհարկե, ունեմ:
-Սկսի՛ր, լսում եմ:
Անին մոտեցավ Սուրենյանին:
-Ինձ հանձնարարված առաջին լուրջ գործը ես չէի կարող տապալել:
Մի վայրկյան պաուզայից հետո ավելացրեց.
 -Ես պիտի լինեմ փոխարինողը:
-Ի՞նչ:
-Ես կփոխարինեմ համար 4-ին:
Բժիշկը ռունգները վեր բարձրացրեց: Անախորժ իրավիճակ էր ստեղծվել:
-Դա անհնար է: Դրա համար նրանք երկար  փորձություն են անցնում: Նաև,- գյուտարարը քմծիծաղեց,- նրանք բավական մեծ ունեցվածքի տեր մարդիկ են և  մասնակցելու համար մուծում են սահմանված վճարը:
-Ինչքա՞ն է, գուցե ես էլ կարողանամ վճարել:
-Օրիո՛րդ, մոռացեք թե՛ վճարը, որ երբեք չեք կարողանա տալ, թե՛ այս ամենը, որ ձեզ համար կարող է վտանգավոր հետևանքներ ունենալ:
-Վստահ եղեք, ես հոգացել եմ, որ որևէ վտանգ ինձ չկարողանա սպառնալ: Ես…
-Է՜, փոքրի՛կ աղջիկ, դետեկտիվ եք խաղում: Դուք մոռացել եք կամ չգիտեք խաղի հիմնական կանոնը: Այնտեղ մտնողը դուրս չի գալիս:
-Սպառնո՞ւմ եք:
-Բնավ, այս հինգ տարիների ընթացքում տասը անդամներից չի եղել մեկը, որ գոնե մի անգամ ցանկություն հայտնի  Արխիավարիուսից դուրս գալու:
-Լավ, պարո՛ն Աբգար, հասկացա: Դուք ինձ կվերցնեք որպես ժամանակավոր փոխարինող: Ինձ երկու շաբաթը բավական է, մինչև նոր խաղացողը հայտնի կլինի:
-Ինչո՞ւ պիտի քեզ վերցնեմ,- բժիշկը արհամարհական նայում էր փոքրամարմին աղջկան:
-Նախ՝ դուք չէիք նախատեսել, որ հինգ տարվա ընթացքում հնարավոր էր, որ անդամներից որևէ մեկը  մահանար, հիմա խաղընկերների բազմաֆունկցիոնալ գործողությունները մեկ մասնակցով կսահմանափակվեն, ինչը շատ հնարավոր է, որ բողոքների առիթ տա, չեմ բացառում, որ արդեն տվել է, այլապես այդքան իրար չէիք խառնվի:
Սուրենյանը շարունակում էր անտարբեր ձևանալ:
-Երկրորդ՝ ինձ շատ պետք է, որ ես թեկուզ երկու շաբաթով լինեմ Նելլիի նման մեկի դերում:  Դա կլուծի ստեղծված խնդիրը: Դուք ևս պիտի որ շահագրգռված լինեք այդ հարցում:
-Իսկ եթե ո՞չ:
-Բացում եք բոլոր խաղաքարտերն, այո՞, պարոն Աբգար: Դա բնավ լավ չէր լինի ինձ համար, եթե ես… Անիի ռոբոտ-կլոնը չլինեի: Անին հիմա շատ ապահով վայրում է ու հանգիստ կառավարում է իմ խոսելիքն ու գործողությունները: Կարծում եմ՝ հասկացանք իրար:
Գյուտարարն այս անգամ չկարողացավ թաքցնել զարմանքը: Նրա դեմքը անճոռնի ձևով ծռմռվել էր:
-“Ծերերը թոշակի գնալու համար են”, հիշո՞ւմ եք ձեր խոսքերը: Ծիծաղելի է. փաստորեն դուք միշտ թերահավատորեն եք մոտեցել երիտասարդներին: Իզուր, պարոն Աբգար:
-Այդ դեպքում ես ձեզ պիտի քննեմ, անցնե՛նք գործի:
-Ո՛չ, պարոն բժիշկ, դուք դրա իրավունքը չունեք:
-Խոսքը վերաբերում է իմ կազմակերպած խաղին, այնտեղ իմ կանոններն են գործում:
-Ես ձեր խաղացողը չեմ դառնում, պարո՛ն: Ես միայն երկու շաբաթ կխլեմ ձեզնից:
-Երկու օր, ոչ ավել,- բժիշկը վճռական էր տրամադրված,- ես դրա համար ունեմ իմ հիմքերը ու ոչ մի հակաճառում չեմ ընդունի, առանց այդ էլ բավական զիջումների գնացի հանուն արդարության վերականգնման:
-Հանուն ինչի՞, հա-հա-հա, մի՛ ծիծաղեցրեք, բժի՛շկ:
-Լավ, իսկ դուք ինչի՞ց եք վախենում, որ դեմ եք գնում ստուգմանը. դա բոլոր մասնակիցների համար պարտադիր է:
-Ես ձեր մասնակիցը չեմ, իսկ վախենալու միայն մի բան ունեմ՝ իմ կառուցվածքի ունիկալության գաղտնիքի բացահայտումը, որի հեղինակը ձեր կոլեգան է՝ Կոբայասին:  Իսկ հետագայում գուցե և հեղինակային իրավունքի խախտում անեք, ո՞վ գիտի:
Որքան էլ բժիշկը փորձեր իրեն սառը ցույց տալ, իր մրցակցի՝ Կոբայասիի անունը լսելը չէր կարող հունից չհանել նրան:
-Վե՛րջ, դուք արդեն ինձ շատ եք նյարդայնացնում: Պատրաստվեք, մեկ ժամից դուք կդառնաք համար 4-ին ժամանակավոր փոխարինողը:
Անին լայն ժպտում էր: Նա չէր պատկերացնում, որ ծրագիրն ավելի հեշտ իրականություն կդառնար, քան մտածում էր:
----
 Երկու օր էլ չէր անցել, երբ գյուտարարն Անդրաշխարհ բերեց համար 4-ի նոր տիրոջը: Ճիշտ է՝ խաղն արդեն հասցրել էր նրան մտցնել նոր իրականություն, բայց գործն արված էր, ու երիտասարդ մեմքննիչը կարող էր հանգիստ հեռանալ Անդրաշխարհից:
Մեկ օր հետո Անին կարգի բերեց մեմքննության բոլոր նյութերը ու արդեն պատրաստ էր Սուրենյանի հետ հանդիպելու:
 Նա հիմա ամենաքիչը Արխիվարիուս գնալ էր ուզում, բայց այլ ելք չուներ: Մտածեց, որ կշարունակի իր կլոն-ռոբոտի դերը:
Բժիշկն ընդունարանում էր:
“Պահո՜, արդեն ինձ իր աշխատասենյակ չի էլ կանչում,- մտածեց Անին, բայց դրանից ավելի գոհ էր,- ավելի լավ է՝  չվստահի, քան խաղեր տա”:
-Բարև ձեզ, օրիո՞րդ, թե՞  նրա կլոն-ռոբոտ:
-Բարև ձեզ, բժի՛շկ: Այո՛, Արխիվարիուս հիմա միայն կլոն-ռոբոտը կարող է իրեն թույլատրել գալ:
-Սա այստեղ մեր վերջին հանդիպումը կլինի, ես իրավունք ունեմ պահանջելու, որ ամեն տեսակ լրտեսները տունս չմտնեն:
-Ի՞նչ լրտես:
-Կարծո՞ւմ եք՝ չհասկացա, որ Կոբայասին է ձեզ լրտեսելու ուղարկել: Ե՞րբ գնեց ձեզ՝ գործը հանձն առնելուց անմիջապես հետո՞, թե՞ ընթացքում:
-Պարո՛ն, ծիծաղելի բաներ եք ասում, չեմ ուզում անդրադառնալ: Փոխենք թեման: Ասեմ, որ տիկին Սուրենյանը իսկը իմ՝ իդեալ կնոջ մոդելն էր:
-Ո՞վ:
-Ըըը, Մարին, պարո՛ն Սուրենյան: Արտաշես Սիսյանի նախկին կինը: Անդրաշխարհի համար 5-ի մեմֆայլն հիշում եք, չէ՞: Չնայած՝ դուք դա հաստատ չեք մոռանա:
Սուրենյանը գունատվել էր,  շարունակում էր լռել:
-Մարի-Նելլի-Անի՝ հանդուգն, խելացի, ճակատագրական, անսովոր, տարօրինակ   աղջիկներ, ոնց դուք ասացիք մի օր՝ տարօրինակ էգեր, հա-հա:
-Զառանցո՞ւմ ես, աղջի՛կ: Երևում է՝ Անդրաշխարհը վրադ վատ է ազդել:
-Է՜հ, պարո՛ն Սուրենյան, շատ կուզեիք, որ զառանցեի, բայց ամեն բառս իր իմաստն ունի: Դուք շա՞տ էիք սիրում Մարիին: Կարող եք չպատասխանել: Կասեք՝ Մարին չհասկացավ ձեզ, չփորձեց էլ հասկանալ: Իսկ դուք երբևէ փորձե՞լ էիք նրան հասկանալ, թե՞ համոզելով բերել էիք ձեր վանդակ, ամուր փակել ու մտածում էիք ընտելացնելու մասին:
-Վե՛րջ տվեք: Ձեզ ոչ ոք իրավունք չի տվել խառնվել իմ անցյալին:
-Երևի ճիշտ եք, կներե՛ք: Միայն մի հավելում. պետք չէր հին վրեժը լուծել փորձել Նելլի Աբգարյանի  թողած հիշատակից: Այո՛, գիտեմ՝ Մարին ձեր բաժանվելուց երկու տարի հետո ավտովթարի զոհ դարձավ, նա չհասցրեց դառնալ ձեր ընկերության հաճախորդը: Գո՞ւցե դրանից հետո դուք որոշեցիք հիշողությունները արխիվացնող սարք հնարել: Է՜հ, պարո՛ն Սուրենյան, այդպես էլ չասացիք Հիպերկուբի սլաքի տարօրինակ տարուբերումների նրբության մասին: Չակնարկեցիք, որ եթե սլաքը միանգամից չի որոշում հիշողության տեսակը, ուրեմն՝ զուգաձևվել են: Չասացիք, որ երևակայության ու տևական հիշողության մտապատկերները խաչաձևվում են մի քանի դեպքերում, և եթե տերը գրող է, ապա երևակայածը նաև ապրածն է, տևականորեն հիշածը, դրա համար էլ սլաքը վերջում կանգնում էր տևական հիշողության մտապատկերի վրա: Չէ՞, պարոն բժի՛շկ:
-Նելլին ագրեսիվ, դիսսիդենտ, տարօրինակ մարդ է եղել: Եթե չի գործել ֆիզիկապես, դա դեռ չի նշանակում, որ նա հանցավոր չէր: Տևական հիշողության մեջ ամրագրված սադիստական տեսարանները դրա ապացույցն են:
-Նելլին գրող է եղել, պարո՛ն Սուրենյան: Նա նույնքան տարօրինակ գրող է եղել, որքան տարօրինակ մարդ էր. երբեք թղթին չի հանձնել մտքում ստեղծածը: Հին վիպասանների պես տեսածին իր շարունակությունն ու ձևն է տվել, բայց, ի տարբերություն նրանց, շատ քչերին է պատմել իր հորինած ստեղծագործությունները: Լավ էր՝ գոնե ժամանակին Իվային պատմել էր:
Բժիշկը քմծիծաղ էր տալիս.
-Եվ ա՞յդ էր ձեր քննության վերջնահանգումը: Ներկայացումն ավարտվա՞ծ է: Եթե այո, ապա զգուշացրեք՝ ծափ տամ ու փակեմ բացված գործի վարագույրները:
-Գործը փակելը լավագույն բանն է, որ հիմա կարող եք անել: Ես էլ խոստանում եմ, որ այս ամենը հանդիսատեսին չի հասնի: Դե, ի՞նչ, մինչ հաջորդ մեմքննությո՞ւն:
-Մնաք բարով:
Անին  ժպտաց ու դուրս եկավ: Գլուխկոտրուկը լուծվել էր. Նելլիի հիշողությունների հանցավոր մասը նրա մտքում ծնված ստեղծագործություններն էին, դեպքերի հնարավոր շարունակությունները: Բժիշկ-գյուտարարը սկզբից էլ գիտեր այդ մասին, բայց այն փաստը, որ Նելլին այդքան նման էր եղել իր կնոջը՝ Մարիին, ում թողած վիրավորանքը այդպես էլ ծանրացել էր Սուրենյանի սրտում, մղել էր նրան հետմահու վրեժ լուծել այդ տիպի մի այլ կնոջից՝ Նելլիից: Անդրաշխարհում Անին կարողացել էր կապ հաստատել կեղծ Արտաշես Սիսյանի, որն է՝ Սուրենյանի հիշողությունների ֆայլի հետ: Տեսնելով Մարիին, նրա ու բժշկի հարաբերությունները՝ Անին հասկացել էր Սուրենյանի այժմյան վարքի պատճառը: Հիշել էր նրա խոսքերը. “Դուք ուրիշ ցեղի կենդանի եք: Հանդո՛ւգն, տարօրինակ աղջիկներ, հա-հա-հա, տարօրինա՛կ էգեր”:    
Նրանց խոսակցությունը ամեն ինչ հաստատեց:
Անին քայլում էր ու ժպտում. առաջին լուրջ քննությունը անցած էր:
Քամին փչում էր՝ փողոցով մեկ տարածված տերևները քշելով մոտակա  փոսը. փողոցների վրա մնում էին տերևների հիշողության հետքերը,  փոսը լուռ կուտակում էր դրանք:


                                               


Комментариев нет:

Отправить комментарий