Ես այլմոլորակային եմ


Փայլակ Վանիկյան


Տանը
(Լուռ գիշեր է: Լուսամուտից ներս է թափանցել լուսնի լույսը: Մարդը նստած է մահճակալին: Հայտնվում է մի ուրիշը):
Անծանոթը.-Ձեռքդ տուր, գնում ենք:
Մարդ. -Ո՞ւր: Դուք ո՞վ եք:
Անծանոթը.--Ե՞ս: Ես քո ամենաբաղձալի ցանկության իրագործողն եմ:
Մարդ. -Ի՞նչ ցանկություն:
Անծանոթը.--Չե՞ս հիշում:
(Մարդը հիշում է մի քանի օր առաջ օրագրում կատարած գրառումը:)
«Մի՞թե մեզ պետք են մեր մարմինները: Առանց դրանց էլ մեր ես-ը գոյություն ունի, իսկ դրանք միայն վնաս են հասցնում մեր էությանը՝ դարձնելով մեզ իրենց պահանջմունքների գերին: «Մարմինները» դեռևս մենք չենք, կամ մենք ենք` պայմանականորեն, ինչպես մեր  այն իրերը, որոնք մերն ենք համարում:
 Ձեզ չի՞ պատահել` երկար մտորումներից հետո հանկարծակի հայելուն նայելիս զարմանաք, որ դուք հենց նա եք` հայելու այդ արտացոլանքը:

Ինչի՞
  համար աշխարհի ստեղծման վեցերորդ օրը Աստված արարեց էությամբ իր նման, բայց նյութական արարածների: Աշխարհն ավելի ներդաշնակ չէ՞ր լինի, եթե Արարիչն ստեղծեր բանականություն և զգացմունք ոչ թե մարմնի, այլ «ուրվականային» կերպի մեջ. մարդիկ, որոնք չէին ունենա մարմնական կարիքներ, դրանց հետ կապված տհաճություններ ու դրանց պատճառով առաջացած չարիքներ: Մտածումով հզոր ես-ը անշահախնդրորեն կկառավարեր կենդանիներին ու բնությունը, կզուգավորվեին մարդիկ ըստ գաղափարների և զգացմունքների: Նրանց գաղափարների և զգացմունքների, այսինքն` էությունների ձուլումից էլ կառաջանային նրանց սերունդները:
Գո՞ւցե ունենալով ոչ մարմնական կաղապար` ես-ը հզորանար ու հավասարվեր Իրե՞ն` Ստեղծո՞ղին:
Եվ գո՞ւցե մեզ տրված այս մարմինները մեզ ներքևում պահելու համար են »:
Մարդ. -Որտեղի՞ց գիտես սրա մասին:
Անծանոթը.--Ես ամեն ինչ գիտեմ: Հիմա գալի՞ս ես:
Մարդ. -Ո՞ւր:
Անծանոթը.--Երազածդ տեղը:
Մարդ. -Այսի՞նքն:
Անծանոթը.--Այսինքն` ձե՛ռքդ տուր` գնանք: Միայն թե շորերդ հանիր, շորերդ շատ նյութական են մեզ հետ գալու համար:
(Մարդը շվարած է):
Մարդ. -Իսկ իմ մարմի՞նս է գալիս, թե՞ հոգիս:
Անծանոթը.--Երկուսն էլ. որոշ աշխարհներում մարմինդ պետք կգա:
Մարդ. -Ո՞վ ես դու:
Անծանոթը.--Տարբեր աշխարհներում ինձ տարբեր կերպ են կոչում:
Մարդ. -Իսկ մեր աշխարհո՞ւմ:
Անծանոթը.--Հենց միայն ձեր աշխարհում ես հազարից ավելի անուններ ունեմ:
Մարդ. -Այդ դեպքում ինչպե՞ս դիմեմ:
Անծանոթը.--Ինչպես մինչև այժմ ես դիմել կամ կուզես նոր անո՛ւն ընտրիր:
Մարդ. -Ես քեզ ճանաչե՞լ եմ:
Անծանոթը.--Այս կամ այն չափով:
Մարդ. -Մի՞թե դու Նա ես, ինչ հենց նոր մտածեցի:
Անծանոթը.--Ձեր աշխարհի մարդկանց համար հաճախ կարևոր չէ իրական էությունը, այլ ավելի հիմնարար է տվյալ բնորոշման մասին իրենց մտածածը:
Մարդ. -Լավ, ես քեզ կկոչեմ Անճանաչելի:
Անծանոթը.--Եթե այդպիսին եմ քեզ համար, այդ անունով էլ դիմիր: Հիմա պատրա՞ստ ես:
Մարդ. -Ախր ո՞ւր պիտի գնանք կամ ո՞նց պիտի այդ անենք: Ես ինչպե՞ս պատրաստվեմ:
Անծանոթը.--Բանականությամբ և ներուժով: Ուղղակի հավատա` քեզ և ինձ, ու ամեն ինչ կլինի այնպես, ինչպես մենք ենք ուզում: Դուք` երկրաբնակներդ, կասկածամիտներ եք: Հենց դա էլ ձեզ խանգարում է շատ հարցերում. մի կողմից աստվածներ ու հեքիաթներ եք հնարում, մ,յուս կողմից` չեք զգում և չեք օգտագործում ձեր ներուժը:
(
Լռություն):
Մարդ. -Լավ, պատրաստ եմ, գնանք:
(
Առկայծում):


Ուրվականակերպ աշխարհ

Անծանոթը.--Ահա և քո երազած ուրվականակերպ աշխարհը: Նայի՛ր, ծանոթացի՛ր, տե՛ս` ո՞նց ես զգում քեզ քո ցանկալի վայրում:
Մարդ. -Իրոք որ, իմ մտքերի ճիշտ իրականավորումն է: Իսկ ինչպե՞ս այս ամենը եղավ: Ասես ինտերնետային մի կայքից մյուսը մտանք, այն, որը մեր ցանկությանն ամենաշատն էր համապատասխանում: Չլինի՞ կա մի հսկա համակարգիչ` իր հզոր համացանցով, որի ղեկավարը դու ես. ստեղծում ես կայքեր, էջեր, այցելում այս կամ այն տեղը, հիմա էլ ինձ ես բերել շրջագայության:
Անծանոթը.--Ինչ կարևոր է, թե ինչը ինչ է: Դու ընդունակ չես հասկանալու ամեն ինչ, և ես զուր ջանքեր չեմ թափի քեզ ինչ-որ բան բացատրելու համար: Առանց այդ էլ ձեր բոլորի ուղեղները լցված են այս կամ այն կիսատ-պռատ ճշմարտություններով ու դրա պես բաներով: Մի ժամանակ ասում էիք` կյանքը երազ է, աշխարհը` հեքիաթ, հիմա էլ ասում եք` կյանքը խաղ է, աշխարհը` ինտերնետային էջ:
Մարդ. -Մտքովս անցավ, որ եթե դու կայքէջ-աշխարհներ ես ստեղծում, մի օր էլ երբ գտնես, որ այդպես է պետք, կջնջես մեր աշխարհը: Երևի առաջինը մեր աշխարհն էլ ջնջե՞ս, չէ՞:
Անծանոթը.--Կարծո՞ւմ ես: Մտածում ես, որ ձերը ամենավա՞տն է:
Մարդ. -Համոզված եմ: Եթե ամենավատն էլ չէ, ապա ամենաթերին է:
Անծանոթը.--Մի՞թե: Լավ, տե՛ս և ընկալի՛ր երազածդ միջավայրը, կարող ես շփվել, ծանոթանալ:
Մարդ. -Եղավ: Բայց մինչ այդ մի հարց էլ. դու այս իրականությունը ինձ համար հենց նո՞ր հնարեցիր, թե՞ այն կար:
Անծանոթը.--Այն կար, կա և կմնա,Կասկածամի՛տ: Տե՛ս, քեզ են մոտենում:
Ուրվական 1-ին.-Բարև Ձեզ, Այլմոլորակայի՛ն:
Ուրվական 2-րդ.-Այլմոլորակայի՛ն, ինչո՞ւ չես խոսում:
Մարդ. -Կներեք, բարև ձեզ, ուղղակի շշմած եմ, չգիտեմ` շուրջս իրականություն է, թե՞ պատրանք:
Ուրվական 1-ին.-Իհարկե իրականություն է: Սա մեր աշխարհն է: Մենք այստեղի ամենագետ-ամենագործ- ամենասերներն ենք: Մենք` երկուսով ենք ողջունում մեզ մոտ եկած հյուրերին, տանում, ծանոթացնում մեր հրաշք աշխարհի գաղտնիքներին:
Մարդ. -Ձեզ մո՞տ էլ են այլմոլորակայիններ գալիս:
Ուրվական 2-րդ.--Հարյուր տարին մեկ:
Ուրվական 1-ին.--Կամ դրանից շուտ կամ ուշ:
Մարդ. -Նրա՞նց էլ Անճանաչելին է ուղեկցում:
Ուրվական 2-րդ.-Ի՞նչ Անճանաչելի:
Մարդ. -Ինձ ուղեկցողը: Ո՞ւր է, չի երևում, երևի մոտերքում կլինի:
Ուրվական 1-ին.--Այստեղ քեզանից բացի նորեկներ չկան: Դու մենակ ես եկել:
Մարդ. -Չէ, ի՞նչ եք ասում: Նա ինձ հետ էր: Նա` ինձ բերեց:
Ուրվական 1-ին.-Նորից եմ կրկնում` դու մենակ ես: Դու երկրաբնակ չե՞ս:
Մարդ. -Այո՛:
Ուրվական 2-րդ.-Դե`, դու ինքդ էլ կարող էիր մեզ մոտ գալ, միայն ցանկություն էր հարկավոր:
Մարդ. -Դուք եղե՞լ եք մեզ մոտ: Դուք կարողանո՞ւմ եք միջմոլորակային տարածությունները հաղթահարել:
Ուրվական 1-ին.-Իհարկե: Մեր ոգու ուժը և մեր ներքին հավատը շատ հզոր են: Մենք կարողանում ենք անել այն, ինչ ցանկանում ենք: Ի դեպ, դուք ևս զորու եք կատարելու ձեր մտքին եղածը, միայն թե դուք շատ կասկածամիտ եք:
Մարդ. -Կասկածամի՞տ: Դո՞ւք էլ եք այդպես կոչում:
Ուրվական 2-րդ.-Դե՛, հա՛: Դրա համար էլ ավելի շատ, կասեի` հիմնականում զբաղվում եք ձեր արտաքին հարցերով, որոնք փուչ բաներ են:
Մարդ. -Ճիշտ եք: Ես էլ եմ այդպես գտնում: Եթե սա իմ երազած աշխարհն է, կխնդրեի ավելի մոտիկից ծանոթացնել նրա հրաշալի գոյության ձևերի հետ:
Ուրվական 2-րդ.-Ե՛կ, ե՛կ, նախ վերև բարձրանանք:
Մարդ. -Ես չեմ կարող:
Ուրվական 1-ին.-Կարող ես: Երազումդ, երբ վստահ ես լինում քո ուժերի վրա, ո՞նց ես հաղթահարում անհաղթահարելի թվացող երևույթները: Հիմա էլ հավատա քեզ ու մեզ հետ վերև բարձրացի՛ր:
Մարդ. -Բայց ես հոգով դեռ այդքան կոփված չեմ: Ես երևի չկարողանամ:
Ուրվական 2-րդ.-Հաստատ չես կարողանա: Դու նորից կասկածեցիր քո ուժին: Լավ, մենք քեզ կտանենք: Սլանա՞նք:
Մարդ. -Սլանանք:
Ուրվական 2-րդ.-Ահա արդեն վերևում ենք` ամպերի մոտ: Մեր աշխարհը շատ նման է ձերինին, միայն թե այստեղ մտածող էակները, այսինքն` մենք, չունենք նյութական կառուցվածք:
Մարդ. -Դե՛, դա էլ հենց ամենաճիշտն է:
Ուրվական 1-ին.-Չգիտենք, բայց այդպես է: Մա՛րդ, դու գլխի էլ չընկար, բայց դու ինքդ բարձրացար վերև, որովհետև լիովին վստահեցիր մեզ: Մտածելով, թե մենք ենք քեզ վեր հանում` ինքդ սլացար:
Մարդ. -Մի՞թե:
Ուրվական 2-րդ.-Իհարկե: Դուք երևի միշտ եք այդպես կասկածում: Արդեն հոգնեցրիր:
Մարդ. -Կներեք, ես ներքին հավատով քիչ-քիչ ավելի զորեղ կդառնամ:
Ուրվական 2-րդ.-Հուսանք: Նայի՛ր` մեզ մոտ բնությունն ու կենդանական աշխարհը ինչ բնական վիճակում են: Մենք բավական հոգ ենք տանում նրանց մասին` ընթացքում նոր բաներ բացահայտելով մեզ համար: Մեզ մոտ կան տարբեր գիտնականներ, որոնք զբաղվում են թե` բնության, թե` կենդանիների, թե` մտածող ու զգացող էակների, այսինքն` մեզ հետ կապված հարցերով:
Մարդ. -Բայց եթե բնությունը, կենդանիներին չեք օգտագործում ձեր կարիքներն հոգալու համար, ինչո՞ւ եք իզուր ջանք ու ժամանակ վատնում` նրանց մասին հոգ տանելով:
Ուրվական 1-ին.-Մա՛րդ, քեզ թվում է` այն, ինչ դուք եք անում, ձեզ օգո՞ւտ է բերում: Հավատա`, ինչքան չարաշահում եք ձեր անձնական նեղ շահերը բավարարելու համար, նույնքան էլ տուժում եք. խախտում եք բնական հարմոնիան, ու բնության պատասխանը չի ուշանում:
Մարդ. -Իսկ ինչպե՞ս եք ազդում մեկդ մյուսի վրա:
Ուրվական 2-րդ.-Բիոմագնիսական դաշտի միջոցով, որով էլ շրջապատված ենք յուրաքանչյուրս:
Մարդ. -Իսկ դուք ինչպե՞ս եք օգտագործում ձեր բիո դաշտերը:
Ուրվական 2-րդ.-Տարբեր ձևերով, բայց ավելի լավ է ոչ թե մենք բացատրենք, այլ ինքդ տեսնես:
Մարդ. -Գնացի՛նք:
Ուրվական 1ին.-Ահա՛: Նայի՛ր, աղբյուրի մոտ կանգնած է Դրականը (ձեզ մոտ կասեիք` կինը ), նա մենակ է, ընկեր կամ ամուսին չունի, բայց հասել է այն տարիքին, որ բիոմագնիսական դաշտը պայծառ ճառագայթներ է ուղարկում, այսինքն` նա պատրաստ է զուգավորվելու: Տե՛ս, նրա մոտով անցնում են այլ Դրականներ (կանայք) և Բացասականներ (տղամարդիկ), բայց նրա պայծառ ճառագայթները մյուս Դրականներին վանում են, իսկ Բացասականներին ձգում այս կամ այն չափով: Եթե երկուստեք զգողականությունը շատ ուժեղանա, նրանք կօղակվեն լուսե ճառագայթով, ահա`, նայի՛ր այն զույգին:
Մարդ. -Շա՜տ գեղեցիկ է: Նրանք միավորվե՞լ են, արդեն ամուսիննե՞ր են:
Ուրվական 2-րդ.-Դեռ ոչ: Երբ օղակի մեջ են մտնում, սկսում են մտքեր փոխանակել, որոշ ժամանակ հետո նրանց համար պարզ է դառնում` արդյոք գաղափարակիցներ են: Եթե այդպես է, նրանց օղակն սկսում է քիչ-քիչ սեղմվել, այնքան սեղմվել, որ կարծես մի էություն են դառնում: Ու երբ հասնում են այդ աստիճանին, ստեղծվում է նրանց սերունդը, ու նրանք որոշակիորեն հեռանում են միմյանցից: Տե՛ս լճի մոտ կանգնած զույգին:
Ուրվական 1-ին.-Քանի որ այդ ուժեղ զգողականությունը զույգերի միջև ոչ հաճախ է լինում, ամեն մի զույգ իր կյանքի ընթացքում մինչև հինգ սերունդ կարող է թողնել:
Մարդ. -Իսկ հետո ի՞նչ է լինում: Մահանո՞ւմ են:
Ուրվական 2-րդ.-Անէանում են, ձուլվում տիեզերքին: Երբ բիոմագնիսական դաշտն այնքան է թուլանում, որ սկսում է մարել, և գաղափարները նվազում են, ապա վերանում, էակը կորցնում է իր առաքելության նպատակը և անէանում:
Մարդ. -Այդ ամենը տարիքի հե՞տ է կապված:
Ուրվական 2-րդ.-Ո՛չ: Ամեն մեկս ձգտում է նոր գաղափարներ ունենալ, ակտիվ կյանք վարել` հզորացնելով բիոմագնիսական դաշտը: Երբ էակն ալարում է, սկսում անիմաստ կյանքով ապրել, նրա մոտ սկսում են պակասել կենսական ուժերը, գաղափարները. դա էլ բերում է անհետացման: Այդ ամենը կարող է տեղի ունենալ մեկի հետ կյանքի առաջին տարում, մյուսի հետ` հազարերորդում: Ասենք` մենք հազար իննսուն տարեկան ենք, ու դեռ ցանկությունը մեր մեջ չի նվազել:
Ուրվական 1-ին.-Բայց քիչ-քիչ սկսում է հետընթաց նկատվել: Մա՛րդ, հասկանո՞ւմ ես` մենք հոգնում ենք, ու ցանկություն է առաջանում ապրել` ոչինչ չանելով: Ու...
Մարդ. -Շատ հետաքրքիր է: Կուզեի մեզ մոտ էլ այդպես լիներ, թե չէ մեկը մեռնում է գործերը կիսատ թողած, մյուսն անիմաստ ապրում ութսունից իննսուն տարի:
Ուրվական 1-ին.-Լավ, մենք ուրիշ գործեր էլ ունենք: Ինքդ շրջի՛ր մեր աշխարհում, ծանոթացի՛ր մոտիկից:
Մարդ. -Շնորհակալություն: Ես ինձ դրախտում եմ զգում:
Ուրվական 2-րդ.-Որոշ ժամանակ մնա` մեզ մոտ, ապա միայն կարծի`ք կազմիր:
Մարդ. -Լավ: Հաջողություն:
Ուրվական 1-ին.-Հաջողություն:
Մարդ. «Ի՜նչ հետաքրքիր է: Կարծես կախարդական աշխարհում լինեմ: Ահա մի զույգ, որ օղակվել է: Մոտենամ նրանց»:
-Բարև ձեզ: Ես այլմոլորակային ես: Ինձ հետաքրքրում է ձեր մոլորակի կյանքը, ես ուզում եմ այն մոտիկից ուսումնասիրել:
Ուրվական 3.-Բարև, մենք մտքեր ենք փոխանակում, իսկ Դուք մեզ խանգարում եք: Առանց այդ էլ ինձ թվում է, որ մեր օղակումը սխալ է: Ճիշտ է` մեր լիցքերը ուժեղ են ձգում, բայց գաղափարներն իրար չեն բռնում:
Ուրվական 4.-Ի՞նչ ես ասում, սիրելի`ս, արդեն քանի տարի է, ինչ նույն օղակում ենք: Երկուսս էլ ջրերի գիտակ ենք, սիրում և ուսումնասիրում ենք ջուրն ու ջրային բույսերին:
Ուրվական 3.-Այո`, բայց դու լճագետ ես, ես` օվկաինոսագետ: Քո գաղափարները շատ սահմանափակ են. ես ավելի հաճույքով եմ զրուցում ոլորտաբանների, ընդմոլորակայինների հետ, քան քեզ հետ:
Ուրվական 4.-Մի՞թե:
Ուրվական 3.-Այո`, դու լճաբանությունից դուրս ոչինչ չես ցանկանում տեսնել և լսել:
Ուրվական 4.-Բայց...
Մարդ. -Կներեք, որ ակամայից վկա դարձա ձեր վիճաբանությանը, ես հեռանում եմ, ցտեսություն:
Ուրվական 3.--Մնաք բարով:
Մարդ. «Ա՜յ քեզ բան: Բավականին ոչ հաճելի իրադրություն: Այնտեղ ի՞նչ է կատարվում: Մեկը շանթում է մյուսին, հիմա կայծակնահար կանի: Երևում է ամուսնական դավաճանություն է եղել: Իսկ այնտեղ` ծառի մոտ, ի՜նչ հաճելի զույգ է տեղակայել: Բայց ոնց որ այն Դրական կոչվածներից մեկը փորձում է մոտենալ և քաշել զույգի Բացասականին»:
Մարդ. -Բարև ձեզ, խանգարեցի՞:
Ուրվական 5.-Ո՛չ, ի՞նչ եք ասում: Ոչ ոք չի կարող խանգարել մեր մտքերի փոխանակմանը:
Ուրվական 6.-Մենք միշտ մեծ հաճույք ենք զգում միմյանց հետ զրուցելիս: Արդեն չորս սերունդ ունենք, բայց բնավ չենք ձանձրացել մեկս մյուսի հետ խոսք փոխանակելուց:
Ուրվական 5.-Մենք այնքան լավ ենք հասկանում իրար, որ հաճախ կարիք էլ չենք ունենում այլոց հետ շփվելու:
Ուրվական 6.-Բայց քեզ հետ այսօր մի բան այն չէ, քիչ-քիչհեռանում ես ինձանից:
Ուրվական 5.-Գիտեմ, ու մեջս ուժեղ վախ է մտել: Ինձ հեռվից մեկը ձգում է, և եթե այդ մեկը մոտենա, դու երևի չկարողանաս ինձ պահել: Նա կտանի ինձ, իսկ ես կկորցնեմ իմ սիրելի գաղափարակցին:
Ուրվական 6.-Ի՜նչ:
Մարդ. -Դու էլ ոչ գաղափարակցիդ հետ մի՛ մնա:
Ուրվական 5.-Չեմ կարող: Գաղափարները երկրորդ պլանում են: Եթե լիցքերի ձգողականությունը ուժեղ է, օղակը ձևավորվում է, ու այն կքանդվի, եթե ավելի ուժեղ ձգողականության հանդիպի:
Մարդ. -Հիմա դուք ի՞նչ պիտի անեք: Մի՞թե թույլ կտաք, որ ձեր երջանիկ ընտանիքը քանդվի:
Ուրվական 5.- Այլ ելք չկա: Հետագայում միայն, եթե իմ Դրականը հզորացնի իր ձգողական դաշտը ու գա ինձ մոտ և կարողանա նոր օղակից ինձ դեպի իրեն քաշել, մեր սիրելի ընտանիքը նորից գոյություն կունենա:
Մարդ. -Տարօրինակ աշխարհ է: Եթե գաղափարապես չեն համապատասխանում, մի՞թե նորմալ ընտանիք կկազմեն:
Ուրվական 5.-Ո՛չ, չեն կազմի: Գաղափարների չհամընկնելու դեպքում զույգը ուղղակի մնում է օղակի մեջ, նրանց կապը չի սեղմվում, նրանք սերունդ չեն տալիս: Ապրում են ձանձրույթի և սպասման մեջ:
Ուրվական 6.-Բայց և չեն կարող միանալ իրենց գաղափարակցին, որի լիցքերը բավականաչափ ուժեղ չեն: Կամ էլ կարող են մտածել, որ դրանից ավելի համընկնում լինել չի կարող ու միավորվել` ամբող կյանքում չզգալով իրենց լիովին բավարարված:
Մարդ. -Երևի անթերի աշխարհ չկա, որ ձեզ մոտ էլ այդպիսի հարցեր են առաջանում, խնդիրներ, որոնց լուծումը գրեթե վեր է ձեր ուժերից: Այն էակնե՞րն էլ են իրար շանթահարում նոր օղակ ձևավորելու համար:
Ուրվական 6.-Ո՞ր:
Մարդ. -Այն անտառի մոտի:
Ուրվական 6.-Ո՛չ: Նրանք երկուսն էլ կենդանագետներ են: Քանի որ մեր մոլորակը մոտենում է արևին, որոշ ժամանակ հետո մոլորակի այս հատվածը կարող է անապատանալ: Գիտնականներից մեկը գտնում է, որ կենդանիներին պետք է տեղափոխել այլ անտառապատ հատված, որպեսզի չոչնչանան, մյուսն էլ կարծում է, որ պետք չէ տեղափոխություն կազմակերպել, որը կարող է մեծ վնաս հասցնել և՛ այս, և՛ մյուս տեղի կենդանիներին, այլ բնության փոփոխության հետ նրանց քիչ-քիչ սովորեցնել անապատային կյանքին այնպես, որ մինչև այս անտառն անապատանա, այստեղի կենդանիներն էլ վերածվեն անապատաբնակների:
Ուրվական 5.-Նրանց բանավեճն հասել է կռվի, հիմա էլ իրար լիցքահարում են:
Մարդ. -Ահա թե ինչ:
«Չէ՛, իդեալական աշխարհ գոյություն չունի: Երևի միայն պետք է գտնել մի աշխարհ, որն ամենահարմարն է ապրելու համար: Գաղափարները խանգարում են զգացմունքներին և հակառակը: Ա՜յ, լավ կլիներ ապրել միմիայն զգացմունքների աշխարհում: Ե՛վ հեշտ կլիներ, և՛ հաճելի»:
Անծանոթը.--Նորից դժգոհո՞ւմ ես, Կասկածամի՛տ:
Մարդ. -Աճանաչելի՞: Դու որտե՞ղ էիր, ես ինչքան քեզ փնտրեցի, չգտա:
Անծանոթը.--Ինչքա՞ն փնտրեցիր:
Մարդ. -Դե՛, փնտրեցի, էլի: Այստեղ ոչ ոք քեզ չէր տեսել:
Անծանոթը.--Ո՞վ չէր տեսել:
Մարդ. -Ասենք` ամենագետ-ամենագործ-ամենասերները:
Անծանոթը.--Ու վե՞րջ:
Մարդ. -Դե՛, այո`:
Անծանոթը.--Ինչ շուտ ես եզրահանգումներ անում: Մակերեսային ուսումնասիրությունից հետո քեզ թվում է, թե հասել ես խորքը ու պարզել ամեն ինչ՝ ոչինչ չբացահայտելով հանդերձ: Ինչևէ, նորից դժգոհության, ձանձրույթի, նորի որոնման մեջ ես: Հիմա էլ զգացումների աշխարհն ես ուզում: Գնա՞նք:
Մարդ. - Ի՞նչ: Մի՞թե նման աշխարհ կա:
Անծանոթը.--Կա, Կասկածամի՛տ:
Մարդ. -Ու դու ինձ այնտե՞ղ կտանես:
Անծանոթը.-- Այո՛, նույնիսկ մարմնովդ հանդերձ:
Մարդ. -Մարմնո՞վս:
Անծանոթը.--Ինչո՞ւ ուրախացար: Կարոտե՞լ ես նյութականիդ, որից այդքան ազատվել էիր ուզում:
Մարդ. -Երևի, չէ՞ որ տարիներով այն կրել եմ. սովորություն է դարձել:
Անծանոթը.--Արդյո՞ք միայն սովորություն: Լավ, գնացինք:
(
Առկայծում):



Զգացմունքների աշխարհ

Մարդ. -Նորից մեր մոլորակի պես բնություն ու կենդանիներ կան:
Անծանոթը.--Չէի՞ր ուզում, հոգնել ես մոլորակի նման բնակեցվածությունի՞ց էլ:  Գիտե՞ս, Կասկածամի՛տ, սրանից հետո քեզ կկոչեմ նաև Դժգոհ, ասեմ, որ այստեղ կենդանիներ չկան: Տեսածդ զգացումներով հագեցած էակների խումբ է` «մարդիկ», որոնց հետ ուզում էիր ապրել:
Մարդ. -Այո՞: Լավ, առաջանանք: Չեմ համբերում ապրել լոկ զգացումներով:
Անծանոթը.--Երևում է, դու արդեն առատ զգացումների հորձանուտում ես:
Մարդ. -Սրանք մեզ` երկրաբնակներիս, արտաքնապես շատ են նման: Միայն թե ունեն թռչնի թևեր ու ձկան պոչ:
Անծանոթը.--Նաև ձեզանից շատ ավելի բարձրահասակ են, մկանուտ...
Մարդ. -Գեղեցկատես, գրավիչ: Մերկ են շրջում, հա՞:
Անծանոթը.--Այո՛: Նրանք շատ են հոգում իրենց մարմնի մասին, ապրում են մարմնական զգացումների ու հաճույքների համար: Շփվում են ժեստերի ու միմիկայի միջոցով:
Մարդ. -Իսկ ես կհասկանա՞մ նրանց:
Անծանոթը.--Ես քեզ կօգնեմ:
(
Մոտենում են մի խմբի: Մեկը ձեռքերով ինչ-որ բան է հասկացնում):
Մարդ. -Ի՞նչ է ասում:
Անծանոթը.--Քեզ հրավիրում է խնջույքի: Այսօր նրանց մոտ Խնձորատոն է:
Մարդ. -Ինչպե՞ս ասեմ, որ համաձայն եմ:
Անծանոթը.--Պարզապես հետևիր նրանց:

Մարդ. -Ի՜նչ գեղեցիկ բացատ է: Հետաքրքիր ճաշակ ունեն, շատ յուրօրինակ են դասավորել խնձորները. ամբողջ տարածքում տոնի մրգերն են` գեղեցիկ համակցված այլ մրգերի փոքր զանգվածների հետ, բայց այդ տարբեր ձևերի քարերն ինչի՞ համար են:
Անծանոթը.--Խնձորից տարբեր մշակվածության հյութեր են քամելու:
Մարդ. -Որպեսզի խմե՞ն:
Անծանոթը.--Ոչ միայն: Մի քիչ համբերիր, կտեսնես:
Մարդ. -Աստվա՜ծ իմ: Ի՜նչ հեթանոսություն: Հյութի անմշակ մասսան լցնում են իրար վրա, մերսում դրանով մեկը մյուսի մարմինը: Բա հիմա ի՜նչ են անում. Լիզո՜ւմ են:
Անծանոթը.--Մի քիչ հետո ավելի սանձարձակ տեսարաններ են լինելու: Եթե չես ուզում, կարող ենք գնալ:
Մարդ. -Ավելի սանձարձա՞կ: Չէ՛, ուզում եմ:
Անծանոթը.--Այո՞: Տե՛ս, քեզ էլ են հրավիրում:
Մարդ. -Կարելի՜է գնալ:
Անծանոթը.--Հակասակա՛ն:

Մարդ. -Անճանաչելի՜, ի՜նչ հաճույք էր: Անզո՜ւսպ, ուժե՜ղ, կրակո՜տ կիրք, մարմնական անմոռաց զգացումներ. մինչև այժմ բոլոր բջիջներս թրթռում են ապրածս վայելքից: Ա՜յ, սա կյանք է` մարմնի պաշտամունք ու գերագույն հաճույք:
Անծանոթը.--Դու չէի՞ր, որ հոգնել էիր մարմնիցդ, երազում էիր ապրել հոգով:
Մարդ. -Հա՜: Ի՜նչ վարպետորեն են գործում, ի՜նչ հնարներ ու ձևեր գիտեն. մարմնական սիրո գիտակներ են: Ես իմ երկրային կյանքում շա՜տ բաներ էի տեսել ու ապրել, բայց այդ ամենը ոչինչ է` համեմատած այս բուռն սիրո, ու զգացած հաճույքի հետ:
Անծանոթը.--Դե`, ապրի`ր նրանց հետ: Այստեղ չկան պարտականություններ, իրավունքներ, կախվածություններ: Ապրում են, ինչպես ցանկանում են, անում են, ինչ ցանկանում են: Նրանց մոտ ամենաուժեղ բնազդը սեռականն է, ու նրանք սեռական կապի մեջ են մտնում ցանկացած մեկի հետ, ով այդ պահին իրենց ձգում է:
Մարդ. -Որևէ կապվածություն չկա՞, ասենք` ծնողների, զավակների հանդեպ:
Անծանոթը.--Ինչպես արդեն ասացի, ամենաուժեղը սեռական կարիքները բավարարելու զգացումն է: Մնացած զգացումները երկրորդական, երրորդական են և ծառայում են առաջնային ցանկության բավարարմանը: Այս առումով որոշ կապվածություններ կան: Նրանց մեջ հանդիպում են զույգեր, որոնց շատ է դուր գալիս համատեղ սեռական կյանքը, ու եթե նրանք գտնում են, որ ամենահամատեղելին այն զուգընկերն է, որի հետ կապվել են, բարձրանում են լեռները ու ապրում այնտեղ, մինչև չհոգնեն միմյանցից: Առանձնանում են, որպեսզի խմբի մեջ չկորցնեն ցանկալիին ու հետո ժամանակ ծախսեն նրան գտնելու համար: Ժամանակը պետք է միմիայն վայելել: Հանդիպում են այնպիսի լեռնաբնակ զույգեր, որոնք մինչև կյանքի վերջ ապրում են միասին:
Մարդ. -Շատ հետաքրքրեց: Կուզեի տեսնել այդ զույգերին:
Անծանոթը.--Բարձրանա՛նք: Ահա` մի զույգ:
Մարդ. -Ո՞ւր է:
Անծանոթը.--Կանաչների հետևում են:
Մարդ. -Հա՜: Իրենց սիրելի գործով են զբաղված: Բայց շա՜տ գեղեցիկ են, հիանալի կառուցվածք ունեն, ավելի լավն են, քան ներքևի եղածները:
Անծանոթը.--Այո՛, լեռնաբնակները սովորաբար ամենավայելչատեսներն են: Բայց նայի՛ր այն գազազած մազոտին, տե՛ս` զույգի կողմն է գնում:
Մարդ. -Ճիշտ որ. ձեռքին էլ մեծ, սուր քար կա: Հետն էլ գոռգոռում է: Սիրահարները վախեցան: Աստվա՜ծ իմ, մազոտը քարով խփում է զույգի տղամարդուն, հիմա կսպանի: Ի՞նչ է կատարվում: Ե՛կ, օգնե՛նք:
Անծանոթը.--Մենք ոչինչ անել չենք կարող: Կլինի այն, ինչ պիտի լինի: Այս մազոտը իր տգեղության պատճառով մերժվածների մեջ է: Նա էլ վրեժով է լցվել ու հանդգնել տիրանալ ամենագեղեցիկին, այդ պատճառով էլ սպանում է նրա արուին:
Մարդ. -Բայց դա սարսափելի՜ է: Խեղճ աղջիկը լացում է, տանջվում, նա ինչո՞ւ պիտի կորցնի իր կյանքի ընկերոջը ինչ-որ մերժվածի թունոտ զգացումների պատճառով:
Անծանոթը.--Սա զգացումների աշխարհ է, իսկ զգացումները հակասական են ու տարբեր: Նա կորստի ցավ է զգում, բայց միայն զգացական օրգաններով, նրա մոտ միտքը չի գործում: Իսկ ցավի զգացումը շուտով կարող է վերանալ` փոխարկվելով ծարավի, քնելու կամ նոր հաճույքի զգացման:
Մարդ. -Հիմա ի՞նչ է լինելու: Չէ՞ որ մազոտին որևէ պատիժ չի հասնի:
Անծանոթը.--Ճիշտ ես: Մազոտը կփորձի ուժով բռնանալ գեղեցկուհուն:
Մարդ. -Ինչը և սկսեց անել: Ո`չ, ես չեմ կարող այստեղ կանգնած մնալ: Ես պիտի օգնեմ:
Անծանոթը.--Մի` փորձիր:
Մարդ. -Է՜յ, հսկա՛, մազոտ արարած, հեռո՛ւ այս կնոջից:
Մազոտ արարած-Ուհուո՜ւ, ո՜ւ...
Մարդ. -Անճանաչելի՛, ինչո՞ւ եմ ես պառկած: Աստվա`ծ իմ, մարմինս ո՜նց է ցավում, հիմա կմեռնեմ:
Անծանոթը.--Չես մեռնի, վե՛ր կաց:
Մարդ. -Ո՞նց, ես վիրավո՜ր եմ:
Անծանոթը.--Դու ուշաթափվել էիր: Հիմա ուշքի ես եկել: Քեզ ոչինչ չի եղել: Կանգնի՛ր:
Մարդ. -Մի՞թե: Ճիշտ որ, ցավերս թուլանում են:
Անծանոթը.--Դու ցավեր չունես:
Մարդ. -Չունե՜մ:
Անծանոթը.--Վե՛ր կաց: Դու առողջ ես:
Մարդ. -Այո՛, ես առողջ եմ: Բայց այդ ո՞նց եղավ:
Անծանոթը.--Դու հավատացիր ինձ: Եթե նույնչափ հավատայիր ինքդ քեզ, նույն արդյունքին կհասնեիր:
Մարդ. -Այսինքն` կարևորը սեփական ուժերին լիովին հավատա՞լն է: Ես ջարդվածքներ ունեի, բայց կարող էի իմ ներքին հավատով ինձ բուժե՞լ, հա՞: Սակայն ես այդչափ ներուժ չունեմ, երբ նայեմ արյունահոսող վերքերիս, զգամ սաստիկ ցավը, ես չեմ կարողանա վստահ լինել, որ իմ իսկ ներքին հավատով կարող եմ ինձ բուժել: Դրան ժամանակ է պետք:
Անծանոթը.--Լավ, Կասկածամի՛տ: Գնանք մի փոքր էլ շրջենք զգացումների աշխարհում:
Մարդ. -Այստեղ մի՞շտ են ուժի օգնությամբ լուծում հարցերը:
Անծանոթը.--Միշտ, ցանկացած ցանկալիին հասնելու համար: Նայի՛`ր, ծովափի մոտ կանգնածներին:
Մարդ. -Նրանք կռվում են քնելատեղի համար:
Անծանոթը.--Նայի՛ր ծառերին բարձրացածներին:
Մարդ. -Նրանք էլ ինչ-որ պտուղ են փորձում մեկը մյուսի ձեռքից խլել:
Անծանոթը.--Նայի՛ր դաշտում պառկածներին:
Մարդ. -Նրանք էլ ծաղկեպսակն են քաշքշում ու իրար մազ պոկում: Չէ՛, զգացումների աշխարհն էլ ապրելու համար լավագույն վայրը չէ:
Անծանոթը.--Շատ մի՛ տխրիր: Տե՛ս, քեզ մեկը հավանել է ու կանչում է: Գնա՛, զվարճացի՛ր:
Մարդ. -Բայց ցանկությունս սառել է:
Անծանոթը.--Նա կվառի:

Մարդ. «Արդեն ինչքան ժամանակ է` այստեղ ենք: Ես սաստիկ հոգնել եմ անզուսպ սեռական կյանքից, աննպատակ թափառելուց ու վայրենի տեսարաններ դիտելուց: Ուզում եմ խորհել, ստեղծագործել, գաղափարներ առաջարկել, նորերը ձեռք բերել: Զգացումները խանգարում են մարդուն, կտրում են միտքը, մղում այնպիսի գործողությունների, որ ուղեղով դատելիս երբեք չես անի: Մարդ պիտի ապրի միմիայն ուղեղով` մտքի, գաղափարների ուղղորդմամբ»:
Անծանոթը.--Անհա՛գ, դու նոր ցանկություն ունես: Նոր աշխարհ ես երազում:
Մարդ. -Ճիշտ է, Անճանաչելի՛, շատ կուզեի ապրել միմիայն մտածող էակների աշխարհում:
Անծանոթը.--Եվ գո՞հ կլինեիր քո կյանքից:
Մարդ. -Կարծում եմ:
Անծանոթը.--Գնացինք:
(
Առկայծում):



Մտքերի աշխարհ

Մարդ. -Այս ո՞ւր հասանք: Այստեղ չկա բնություն, չկան կենդանիներ: Միմիայն օդի մուգ զանգված է և պտտվող նշաններ ու պատկերներ` ստորակետ, բութ, եռանկյուն, բուրգ, գիծ, հարաբերական, գումարում, ծաղիկ, ջուր...
Անծանոթը.--Մենք մտքերի աշխարհում ենք, քո տեսած պատկերներն էլ այստեղի բնակիչներն են: Նրանք ամեն մեկը մի հասկացության ամբողջություն են ներկայացնում:
Մարդ. -Իսկ ո՞նց կարելի է շփվել նրանց հետ:
Անծանոթը.--Պիտի նրանցից մեկը դառնաս:
Մարդ. -Ինչպե՞ս:
Անծանոթը.--Տեսնո՞ւմ ես այն մեծ խորանարդը, որն անշարժ կանգնած է, մտի՛ր նրա մեջ, ու նա կորոշի, թե ինչ նշան կամ պատկեր ես դու ներկայացնում: Դու կստանաս որևէ տեսք ու կհայտնվես մյուսների կողքին: Այդժամ դու կարող ես հանգիստ շփվել:
Մարդ. -Լավ:
Դե՛, ես ի՞նչ տեսք եմ ստացել: Ինչու՞ ես ծիծաղում:
Անծանոթը.--Կարևոր չէ: Դու Հարցականն ես:
Մարդ. -Բայց ինչո՞ւ հարցական:
Անծանոթը.--Մի՛ նեղվիր: Հետագայում այլ նշան կամ պատկեր կարող ես դառնալ:
Մարդ. -Ինչպե՞ս:
Անծանոթը.--Երբ շփվես տարբեր մտքերի հետ, մոտդ նոր գաղափարներ կարող են առաջանալ, գուցե կփոխվի աշխարհայացքդ, մտածելակերպդ, ու դու կդառնաս այլ մտքի կրող:
Մարդ. -Պարզ չհասկացա, բայց գնամ շփվելու այլոց հետ:
Անծանոթը.--Գնա`:
Մարդ. «Ի՜նչ խառն է ամեն ինչ: Չգիտեմ էլ` ինչից սկսեմ, ում հետ ծանոթանամ, ինչ անեմ»:
Մարդ. -Բարև ձեզ: Բարև, հարգելի բնակիչնե՛ր: Ես այլմոլորակային եմ: Ուզում եմ ձեզ հետ շփվել: Գո՞ւցե ձեզ մոտ գլխավոր կա, որին առաջինը պիտի մոտենամ:
Հակաճառություն.-Ի՞նչ ես բարբաջում, այլմոլորակայի՛ն: Ի՜նչ գլխավոր, ի՜նչ երկրորդական:
Սիրալիրություն.-Հարգելի Հարցակա՛ն: Այստեղ ամեն մեկն իր գործով է զբաղված: Չկա իշխող ուժ և ենթարկվող մասսա: Ամեն մեկն անում է իր ուզածը, լսում է այն, ինչ ցանկանում է և հարմար է գտնում:
Մարդ. -Խառնաշփոթ չի՞ առաջանում:
Սիրալիրություն.-Երբեմն առաջանում է:
Հակաճառություն.-Ինչո՞ւ երբեմն, լավ էլ հաճախ:
Սիրալիրություն.-Ինչպես միշտ, փորձում ես ինձ ուղղել, քո կարծիքն հայտնել:
Հակաճառություն-Իհարկե, Սիրալիրությո՛ւն:
Մարդ. -Իսկ առաջացած քաոսի դեպքում ի՞նչ եք անում:
Հակաճառություն.-Ոչինչ: Առաջացնողները իրենք են լուծում իրենց խնդիրները, մեր ի՞նչ գործն է:
Գրականություն.-Հե՜յ, Հարցակա՛ն, հերիք չէ՞ հարցեր տաս: Որոշ ժամանակ մնա՛, մի քիչ էլ երևակայությանդ զոռ տո՛ւր, ամեն ինչ պարզ կդառնա:
Մարդ. -Կներե`ք, Դուք ո՞վ եք:
Գրականություն.-Չի՞ երևում:
Մարդ. -Ա՜հ, երևի Գրականությո՞ւնն եք:
-Իհարկե:
Մարդ. -Ասում են` գրականությունը կյանքի գեղարվեստական արտացոլումն է:
Գրականություն.-Ովքե՞ր են ասում:
Մարդ. -Դե՛, խելացի մարդիկ:
Գրականություն.-Այդ խելացի մարդիկ էլ ինչե՞ր են ասում: Մի՞գուցե ասում են, որ գրականությունը ստվերի ստվե՞րն է:
Մարդ. -Միգուցե:
Գրականություն.-Կամ էլ ասում են, որ գրականությունը երևակայություն է. այն ծնվեց այն պահին, երբ նախամարդը փախավ անհայտ ստվերից` երևակայելով, որ գայլն է իրեն հետևում: Այդպես էլ են ասում, չէ՞, Հարցակա՛ն:
Մարդ. -Երևի:
Գրականություն.-Իսկ դու ի՞նչ ես ասում:
Մարդ. -Ե՞ս:
Գրականություն.-Ինչո՞ւ զարմացար, թե՞ վախեցար: Դու սեփական կարծիք չունե՞ս:
Մարդ. - Ես չգիտեմ: Դուք կարծես ինձ ճնշում եք: Ավելի լավ է գնամ և ուրիշ զրուցակից գտնեմ:
Գրականություն.-Գնա՛, գնա՛` Հանդուրժողականության կամ էլ Տաֆտալոգիայի մոտ: Կամ էլ` Պատասխանի, հի՜ հի՜, հի՜:
Մարդ. -Ցտեսություն:
Գրականություն.-Մնաս բարյավ:
Մարդ. «Երևի մոտենամ Մաթեմատիկային»:


Մարդ. -Անճանաչելի՛, այստեղ շատ հետաքրքիր է: Գիտե՞ս` այնքան նոր բաներ իմացա, նոր գիտելիքներ ձեռք բերեցի, քանիցս բանավիճել եմ: Զգում եմ` գնալով միտքս ավելի ու ավելի է սրվում: Մի քանի անգամ արդեն պատկերափոխվել եմ:
Անծանոթը.--Մի՞թե մտքերդ այդքան անկայուն են:
Մարդ. -Ինչո՞ւ անկայուն: Ամեն մի նոր իմացություն նոր եզրահանգման առիթ է դառնում, ու ես նոր մտածելակերպ եմ ձեռք բերում:
Անծանոթը.--Միայն մարդը կարող է այսքան կարճ ժամանակամիջոցում այդքան տարբեր մտածելակերպեր ունենալ ու այդքան արագ փոխել իր դեմքը:
Մարդ. -Դա վա՞տ է:
Անծանոթը.--Դա քո էությունն է:
Մարդ. -Դու սառեցնում ես իմ ոգևորությունը: Ես մտածում եմ, որ ավելի լավ է` գնամ գաղափարակիցներիս մոտ:
Անծանոթը.--Գնա՛:

Մարդ. -Անճանաչելի՛, հիմա նորից կասես, թե ես դժգոհ եմ, անհագ,անկայուն, բայց ինձ այս միատեսակ աշխարհն էլ հոգնեցրեց արդեն: Օդից վերցրած մտքեր, գաղափարներ, որոնք օդում էլ անհետանում են,հասկանու՞մ ես, չեն նյութականանում: Նյութականը ինչքան վնասակար, այնքան էլ օգտակար է, այն պետք է մարդուն:
Անծանոթը.--Մարդու՞ն:
Մարդ. -Այո՛,մարդուն,երկրաբնակին:Ես մա՜րդ եմ,մեր աշխարհը ինչքան էլ վատը, բայց բազմատեսակ է: Այնտեղ ամեն ինչ կա: Այնտեղ է Կյանքը:
Անծանոթը.--Արի՛,արի՛, բարձրանանք տիեզերք:



Անցյալը և հավերժը

Անծանոթը.--Դու քո աշխարհում բազմիցս ես դժգոհել երկրային կյանքից: Ի՞նչ երաշխիք, որ նորից նույնը չի լինի: Նայի՛ր այս էկրանին:
(
Էկրան է բացվում, որտեղ մարդու երկրային կյանքից հատված է երևում. մարդն 9 տարեկան է, քայլում է ընկերոջ հետ, ուրախ է, որ նրա հետ է զբոսնում, ինչ-որ ֆիլմ է ոգևորված պատմում: Հանկարծ մի ուրիշը կանչում է ընկերոջը: Նա գնում է` լքելով ուղեկցին: Մարդն իրեն վատ է զգում, շատ վատ. «Զզվում եմ այս կյանքից»):
Մարդ. -Հիմա սրան նայի՛ր:
(
Նոր էկրան է բացվում. մարդը տասներեք տարեկան է, դպրոցում է: Բաց դաս է, ինքը շատ լավ է սովորել, բայց ուսուցիչը գրեթե չի հարցնում, վերջում էլ գովում է միայն նույն դասարանում սովորող դպրոցի տնօրենի երեխային. «Սա կյանք չէ: Չեմ ուզում ապրել »):
Անծանոթը.--Սա նայի՛ր:
(
Այլ էկրան է երևում. խնջույք է, մարդը տասնյոթ տարեկան է, ուզում է ամենալավը երևալ, բայց վերջում ծիծաղի առարկա է դառնում. «Ա՜խ, ոնց կուզեի չքվել այս աշխարհից»):
Անծանոթը.--Գո՞ւցե սա էլ հիշես:
(
Նոր էկրան. մարդն աշխատանք է փնտրում, իր հարուստ ընկերները վաղուց գտել են , իրեն ոչ մի կերպ չի հաջողվում. «Այս կյանքի դրվածքը սխալ է: Սա ապրելու աշխարհ չէ»):
Անծանոթը.--Նայենք այս մեկն էլ:
(
Մի այլ էկրան. մարդուն աշխատանքից ազատել են ինչ-որ թյուրիմացության պատճառով: Շատ ընկճված, հուսալքված վիճակում է. «Երանի՜ մեռնեի, զզվում եմ այս կյանքից, այս աշխարհից»):
Անծանոթը.--Իհարկե, չմոռանանք ամենաողբերգականը քո կյանքում:
(
Էկրանի վրա մարդն է: Նա շատ հուսահատված է, ողբի մեջ է. մահացել է իր ամենամոտ ընկերը` շատ երիտասարդ հասակում: «Սխա՛լ է, սխա՛լ է, նորից եմ ասում ու կասեմ` սա կյանք չէ, սա տանջանքների, հուսալքումների, փորձությունների ու դաժանությունների անիմաստ շղթա է: Ինչո՞ւ պիտի մեռնի մարդը այնժամ, երբ դեռ անելիք ունի, դեռ չի ուզում հեռանալ այս աշխարհից: Երանի այնպես լիներ, որ մարդ մահանար միայն այն դեպքում, երբ ինքը ցանկանար: Մի սահմանագիծ լիներ, որը հատելուց հետո մարդն անշնչանար միանգամից` առանց ցավի, տանջանքի: Այդպես ճիշտ կլիներ, այդ դեպքում ոչ մեկը մյուսի կյանքին չէր սպառնա, մեկը չէր կարող տնօրինել մյուսի ճակատագիրը. մարդիկ կապրեին հանգիստ սրտով, արարչագործ աշխատանքով, ոչ մեկը չի վախենա, որ սկսած գործն անկախ իր կամքից կիսատ կմնա: Ա՜խ, եթե միայն Աստված լինեի կամ Նրա խորհրդատուն»):
Մարդ. -Գուցե շատ հանդուգն բաներ եմ մտածել, բայց հիմա էլ եմ կարծում, որ այդպես ճիշտ կլիներ:
Անծանոթը.--Հավատա՛, միայն մահը չէ, որ խանգարում է մարդուն իրագործելու իր ցանկությունները:
Մարդ. -Բայց այն անդառնալին է, անվերականգնելին:
Անծանոթը.--Ձեր ցանկություններն ու արարքները թույլ չեն տա ձեզ նման վախճան` ձեր իսկ կողմից ընտրած: Դուք պատրաստ չեք դրան:
Մարդ. -Այսինքն` եթե մենք ունենայինք չափավոր ցանկություններ ու կատարեինք միմիայն բարի, անվնաս արարքներ, մենք կվաստակեի՞նք այդպիսի վախճանի իրավունք:
Անծանոթը.--Բայց արդյո՞ք դուք երբևէ կհասնեք ձեր երազած չափանիշին: Նայի`ր այս էկրանին:
(
Էկրանի վրա երևում են աղոթող մարդիկ, որոնք արևշատություն, առողջություն ու երկար կյանք են խնդրում Աստծուց իրենց մտերիմների համար,ապա երևում են առաջին աղոթողներից թվով եռակի շատ մարդիկ, որոնք անիծում, նզովում ու ինչ-որ մարդկանց գործերի վատացումը, հիվանդությունը և մահն են պահանջում ու ամբողջ հոգով ցանկանում): 
Մարդ. -Աստվա՜ծ իմ, ինձ թվա՞ց, թե՞ տեսա, որ առաջին աղոթողներից դրական լիցքեր էին բարձրանում առ տիեզերք, իսկ երկրորդներից` բացասական: Բայց այդ բացասական լիցքերը և՛քանակով էին շատ, և՛ ոնց որ ավելի հզոր լինեին ու բացասական աուրա էին ձևավորել, որը ազդող ու վարակիչ էր:
Անծանոթը.--Սրան նայի՛ր:
(
Էկրանին մի մոլագար է երևում, որը սիրում է մարդկանց մարմնական սուր վնասներ հասցնել, անդամհատել, բայց չսպանել ու տեսնել նրանց տառապանքը: Երկար տարիներ է գործել, բանտարկել են, բայց ճարպկորեն բանտապահներին վնաս հասցնելով` փախել է: Հոգեբուժարան են տարել,նույնը կատարվել է այնտեղ: Տուժածներից մեկի եղբայրը որոշել է գտնել ու սպանել նրան: Եղբայրը գտել է մոլագարին: Ուզում է հեռվից կրակել նրան ու քանի որ հմուտ դիպուկահար է, երևում է` չի վրիպի):
Անծանոթը.--Հը՞,Դժգո`հ, հիմա ի՞նչ ես մտածում. եղբայրն սպանի՞ մոլագարին, թե՞ թողնի, որ վերջինս մեռնի այնժամ, երբ ինքը ցանկանա:
Մարդ. -Իհարկե, թո՛ղ սպանի: Ինչքան երկար ապրի այս հրեշը, այնքան շատ մարդկանց վնաս կտա:
Անծանոթը.--Տեսնու՞մ ես, դու նորից հակասություների մեջ ես:
Մարդ. -Գիտե՞ս, Անճանաչելի՛, իմ հորեղբայրն էլ ժամանակին մի մոլագարի է սպանել, ու դրա համար նրան դատապարտել են: Բանտից դուրս գալուց հետո երկար տարիներ է անցել, բայց նա, միևնույն է, չի վերագտել իրեն:
Անծանոթը.--Իսկ դու գիտե՞ս` հիմա ինչ սահմանային վիճակում է այդ հորեղբայրդ: Նայի՛ր:
(
Էկրանին երևում է հիվանդ, ծեր,յոթանասունն անց մի մտածկոտ տղամարդ,որը փորձում է հատել փողոցը:Բայց ահա արագությամբ սլացող մի մեքենա վրաերթի է ենթարկում ծերունուն):
Մարդ. -Աստվա՜ծ իմ, հորեղբա՜յրս...Անճանաչելի՛, դա ճի՞շտ է, մեր տեսածն իրականությու՞ն է, նա իրականո՞ւմ մահացավ:
Անծանոթը.--Այո՛:
Մարդ. -Ի՜նչ ցավալի է: Նա ծեր էր և հիվանդ ,չէր հաշտվում այս աշխարհի,նրա կարգերի ու մարդկանց հետ,բայց, միևնույն է,շա՜տ սարսափելի է: Պետք է զգույշ լիներ:
Անծանոթը.--Հորեղբա՞յրդ, թե՞ վարորդը, որն շտապ հիվանդանոց էր հասցնում ծննդաբերող կնոջը,իսկ հիմա տարիներով բանտ է նստելու:
Մարդ. -Մի՞թե: Դե՛, ուրեմն երկուսն էլ պետք է զգույշ լինեին: Զգուշությունը երբեք չի վնասում:
Անծանոթը.--Կարծու՞մ ես: Նայի`ր:
(
Էկրանին երևում է մի սենյակ: Հայր ու որդի նստած են: Որդին գնում է ջուր խմելու: Նա բացում է ջրի ծորակը, արագ լցնում բաժակն ու խմում: Հայրը ջղայնանում է . «Ա`յ տղա, քանի անգամ եմ ասել` ջուրը թող որոշ ժամանակ հոսի, մաքրվի, ապա միայն խմիր: Ջահել եք, չեք համբերում»: Ապա ինքն է բացում ծորակը, թողնում որոշ ժամանակ, հետո լցնում և խմում: Հանկարծ ջղաձգվում է և տեղում շնչահեղձ լինում):
Մարդ. -Ի՞նչ կատարվեց:
Անծանոթը.--Ջրամբարի ջուրը թունավորվել էր որոշ ժամանակ առաջ: Տղան խմեց խողովակների մեջ մնացած դեռևս մաքուր ջրից, իսկ հայրը...
Մարդ. -Ուզում ես ասել,որ զգուշությունն էլ բանի պետք չէ: Իսկ ի՞նչ անի մարդը ճիշտ ապրելու համար:
Անծանոթը.--Ճիշտը հարաբերական հասկացություն է:
Մարդ. -Լա՛վ,ես ինքս ինչպե՞ս ապրեմ, որ իմ բոլոր ցանկությունները իրագործվեն, որ երկրային կյանքը ինձ համար ստանա այն նշանակությունը,ինչը կարող է լինել,երբ երկրաբնակն ունենա առողջություն,երջանկություն,փառք ու պատիվ: Ու ընդհանրապես,ես մտածում եմ՝ Աստված այնպես պիտի անի, որ յուրաքանչյուր մարդ ապրի ուրախ, առողջ ու երջանիկ, իր բարի ցանկություններն իրագործի ու գոհ լինի կյանքից ու Արարչից:
Անծանոթը.--Նախ՝ ինքդ տեսար ու զգացիր, որ ցանկությունները ոչ միշտ են բարի (չնայած դա էլ հարաբերական է), միատեսակ, հիմնավոր ու անփոփոխ, երկրորդ՝ մեկի ցանկությունը կամ արարքը կարող է հակառակ ազդեցություն ունենալ մյուսի վրա: Բայց եթե դուք կարողանաք ավելի շատ դրական աուրա ստեղծել ձեր երկրի վրա, այնքան ավելի հանգիստ ու առողջ կապրեք: Իսկ՛«բարի» ցանկություններն ու նպատակներն իրագործելու համար մարդ պիտի միմիայն ցանկանա, ցանկանա ամբողջ հոգով ու հավատա, հավատա իր ցանկության կատարմանն ու իր ներուժին՝ կասկածի նշույլ անգամ չունենալով:
Մարդ. -Եթե ես ամբողջ էությամբ ցանկանամ ու հավատամ, բայց իմ ցանկության իրագործումից մասն ունենան նաև այլ մարդիկ, նրանք և՞ս պիտի ամբողջ հոգով հավատան իրենց ներուժին ու ցանկալիի կատարմանը:
Անծանոթը.--Հիմնականում:
Մարդ. -Անճանաչելի՛, ես շատ եմ կարոտել իմ երկրային կյանքը: Խնդրում եմ, ինձ տո՛ւն հասցրու:
Անծանոթը.--Ինքդ չե՞ս կարող:
Մարդ. -Ցանկանա՞մ ու կհայտնվե՞մ տանը:
Անծանոթը.--Դու կասկածո՞ւմ ես իմ ասածին:
Մարդ. -Ո՛չ:
Անծանոթը.--Այդ դեպքում քո ուժերի՞ն ես կասկածում:
Մարդ. -Չեմ կասկածում:
Անծանոթը.--Համոզիչ չէ:
Մարդ. -Ո՛չ, չեմ կասկածում:
Անծանոթը.--Հաստա՞տ:
Մարդ. -Հաստատ:

Մարդ. -Ահա ես տանն եմ: Սա հրա՞շք էր, թե՞ ես կարողացա իմ ուժերով կատարել ցանկացածս: Անճանաչելի՛, դու բնավ չօգնեցիր, չէ՞: Անճանաչելի՛, ո՞ւր ես: Արի՛, մի՞թե դու չեկար: Դու մնացիր տիեզերքում, իսկ ես դեռ ինչքա՜ն հարցեր ունեի, ինչքա՜ն խորհուրդներ պիտի տայիր: Հայտնվի՛ր այստեղ, ես այդպես եմ ուզում: Բայց հո ջինը չե՞ս, որ իմ ցանկությամբ հայտնվես: Չէ՛, երևի հիմա դու մեկ ուրիշին ավելի ես պետք, քան ինձ: Ես հիմա գիտեմ՝ դու կգաս, երբ ես շատ ցանկանամ ու իրականում քո կարիքը շատ զգամ: Իսկ հիմա ես բավական լիցքավորված եմ: Ես մարդ եմ, ու ես ինքս հզոր եմ դրանով: Ես ապրում եմ այս աշխարհում, ու սա ամենալավ վայրն է ինձ համար: Ես կարող եմ փոխել ու կառավարել այն՝ դարձնելով կյանքը ցանկալի ու սիրելի: Ես հավատո՜ւմ եմ...


 Հուլիս, 2011թ. 


Комментариев нет:

Отправить комментарий