Խաչակնքե՞ց

 Մարիամ Գալստյան

...օրվա ...ժամը
Դագաղ է դրված: Դագաղը եկեղեցում է: Մշուշ է, քաղցր ծխահոտ: Բուրվառի խնկահո՞տն է, հա', երևի: Հազիվ երևում են մի քանի սքեմավորներ: Իհարկե, ահա և խնկահոտ տարածողները: Դասարանցիներն են եկել: Նստել են պատերին կից դրված երկար նստարաններին: Բարեկամներն են: Վա՜յ, հորքուր Արևի գրկի  բարուրով փոքրիկը: Ինչ լավիկն է: Մի րոպե, բայց փոքրիկն այստեղ ի՞նչ գործ ունի, հորքուր Արևը թոռանը ինչո՞ւ է բերել, թոռա՞նը, ախր հորքուրի թոռները վաղուց դպրոցական են: Իսկ ո՞վ է այս մանկիկը: Ինչ էլ թռվռուն թաթիկներ ունի:
Դե', խաչակնքի'ր, բալե'ս, այդպե'ս, այդպե'ս, մի անգամ էլ, բալե'ս, մի անգամ էլ, դե'...
Ա'րև, ասա', թող մի անգամ էլ խաչակնքի, ասա', մի անգամ էլ, դե', շո'ւտ արա, ասա':
Բալե'ս, մի անգամ էլ, սիրո'ւնս, մի անգամ էլ...
Ա'րև, եթե մի անգամ էլ չխաչակնքեց, վատ բան կլինի, գիտե'ս՝ չարի դուռը կբացվի: Իսկ որ շուտ չփակվեց, գիտե'ս՝ ինչ կլինի:
Չէ', իմ բալեն կխաչակնքի, ահա', տեսնո՞ւմ ես, ահա':
-Ըհըհ-ա՜, ա՜...
Տղան է, լացո'ւմ է, ի'ր տղան է: Բայց որտեղի՞ց է գալիս որդու ձայնը:
-Ը'հ-ը'հ-իա՜, մա՜...
Աչքերը մի կերպ բացեց: Կողքին փոքրիկի օրորոցն էր: Տղան շնչակտուր լացում էր:
-Վա՜յ, իմ սիրո'ւն, գա'նձս, դու լացո՞ւմ ես, դու հևո՞ւմ ես, իսկ մաման քնով է ընկել: Մո'տս արի, հրեշտա'կս:
-Ըա-ըա-ա՜...
-Դե', փոքրի'կս, գա'նձս, էլ մի' լացի, հա՞, մաման քեզ գրկել է, մաման քեզ հետ է: Սիրո'ւնս, մի քիչ կաթիկ կեր: Դե', կե'ր:
Ինչ հիմար երազ էր: Տարօրինակ ապուշություն: Միայն իմ անհեթեթ երևակայությունը կարող էր այդքան հեռուն գնալ: Հորքուր Արևի ձեռքի երեխան, մաման, որ համոզում էր՝ մի անգամ էլ խաչակնքեր: Ես, որ չգիտես ինչու հայտնվել էի այդտեղ: Չգիտես ինչո՞ւ, բայց այդ ժամանակ ինձ ամեն ինչ բնական էր թվում, ավելի քան բնական: Իսկ փոքրիկը խաչակնքե՞ց մի անգամ էլ, թե՞ չէ: Ոնց որ խաչակնքեց: Իսկ եթե ոչ...
Հիշեց՝ ոնց էր ձգվել ու ամբողջությամբ լարվածություն դարձած՝ սևեռվել էր մանկան օրորվող ձեռքի ուղղությամբ: Պահը տարօրինակորեն չարագուշակ էր: Թվում էր՝ հիմա մանկան վեր պարզած մատի ուղղությամբ մոշագույն անցք կբացվի ու թանձր սևի միջից կհորդան վամպիրատիպ չղջիկները կամ ժանիքավոր մարդահրեշները: Կամ գուցե ավելի վատ բան. կողքի մարդիկ հանկարծ բոլորը կշրջվեն դեպի նա. դեմքերը սառած են, աչքերը՝ անթարթ: Դասարանցիներն են, հարազատները, բարեկամները, ծնողները, դեմքերն սկսեցին փոխվել, աղավաղվել, աչքերը լայն բացվել են, սև ծուխ է ելնում աչքներից, ժանիքները գարշելիորեն դուրս են ցցվել, դեմքներին ծաղրական ու անասնական արտահայտություն է: Զոմբիացված հայացքները ուզում են խժռել նրան, փոշիացնել: Ո՜չ: Այս մեկն ամենասարսափելին կարող էր լինել: Ինչո՞ւ: Չգիտի: Չէ', լավ էլ գիտի: Նա կյանքում ամենաշատը դրանից է վախեցել, վախեցել է, որ կողքի մարդիկ՝ իր ծանոթները, հարազատները այն մարդիկ չեն, որ ինքը պատկերացրել է: Միշտ մտածել է, որ, ահա', այս բարի, ժպտերես մարդիկ՝ իր սիրելիները, հարազատները, մեկ էլ կշրջվեն ու նրան ծանոթ դիմագծերի փոխարեն կերևան ծամածռված դեմքեր՝ հռհռացող բերաններով: Գունավոր դիմաշերտերը փոխվում են, իսկ հիմքում՝ անգույնն է, լպրծունն ու անորոշը,անորոշ, որը ամեն վայկյանի ծածկվում է համապատասխան դիմաշերտով:
Այդ մտավախությունը նրա մեջ կա ու հին արմատներ ունի: Պատճա՞ռը: Չի կարող ասել: Միայն հիշում է, որ մանկական երազներում հաճախ էր սարսափներ տեսնում, ու ամենասարսափելին գիտես՝ որն էր: Չէ', դու որտեղի՞ց իմանաս. փոքրիկ աղջնակ էր, խաղում էր դրսում, վազվզում էր: Իջնում էր երկար աստիճաններով ու վազում դեպի մարագը. մարագի մոտ կանգնած էր մոշագույն շորեր հագած տատիկը: Կամ ննջասենյակում էր. լուսամուտների մոտ կանգնած էր տատիկը: Կամ գնում էին մորաքրոջ տուն. ճանապարհին առաջներն էր գալիս տատիկը:
-Ո՞նց ես, թոռնի'կս:
-Լավ եմ, տատի'կ:
-Կգա՞ս՝ գրկեմ:
Ուզում էր մոտենալ ու մեկ էլ... տեսնում էր՝մի քայլ հեռու երևաց տատիկը՝ ի'ր տատիկը: Զարմացած նայում էր դիմացինին: Դիմացի տատիկի ձայնը փոխվում էր, դեմքի արտահայտությունը դառնում վախեցնող: Նա միանգամից գլխի էր ընկնում՝ չար, կախարդ պառավն է: Հիմա իրեն կբռնի, կը' բռնի, կբռնի ու... Փախչում էր, միշտ կարողանում էր փախչել: Լինում էին երազներ, որ ցանկանում էր փախչել, բայց չէր ստացվում: Ոտքերը քարանում էին, մի քայլ անգամ չէր կարողանում անել: Կամ վազելիս զգում էր, որ ոտքերը թուլանում են: Իսկ այս երազներում (անունը դրել էր «տատիկով երազներ») երբեք այդպես չէր լինում: Գլխի էր ընկել, թե ինչու: Այն երազներում նա հանկարծ կասկածում էր իր ուժերին, նույնիսկ վազելու պահին կար վախը, որ ինքը հանկարծ կարող է չվազել, չփախչել, չփրկվել: Կասկածը մարդու ամենաուժեղ թշամին է: Մարդն ինքնին ամենազոր է: Բայց ինչքան էլ ներշնչում էր, թե ինքը չի կանգնի, ներքին կասկածը ավելի զորեղ էր դուրս գալիս: «Տատիկով երազներում» նա միշտ վստահ էր իր ուժերին, այդ ուղղությամբ չէր էլ մտածում: Ահա', վազում է ու հասնում տատիկին, նրան, ով մի քանի քայլ էր հեռու: Հասնում է ու գրկում: Ուրախ է, հանգիստ: Բայց... եթե սա էլ տատիկը չէ՞: Արագ հետ է քաշվում ու նայում դեմքին: Դիմացի տատիկի ձայնը փոխվում է, դեմքի արտահայտությունը դառնում վախեցնող: Լսվում է սպասված հռհռոցը: Ցնցվում է: Թվում է՝ արթնացավ. իրենց տանն է, խաղում է երկնագույն շորերով տիկնիկներով, գալիս է եղբայրը:
-Կա'ր, գիտե՞ս՝ երազումս սարսափելի բան տեսա:
-Ի՞նչ:
-Իբր մեր տատիկը գալիս էր, որ ինձ գրկեր, բայց նա տատիկը չէր, նա...
-Հա'ս, հեսա տատիկը եկավ, իրեն էլ ասա:
-Վա՜յ, տատի'կ, գիտե՞ս...
Տատիկը մոտենում է: Հասմիկը հանկարծ (չէ', հանկարծ չէ, այլ կասկածից դրդված) նայում է տատիկի դեմքին: Ախր, սա էլ տատիկը չէ: Հայացքը, հայա'ցքը, մամա՜...
Ճչում է ու զարթնում: Տեսենես հիմա զարթնե՞լ է, թե՞ մի երազից մյուսն ընկել: Այդպես նրա մոտ հաճախ է լինում:
Բայց ինչո՞ւ հենց տատիկը: Ինչո՞ւ էր միշտ գլխավոր դերում տատիկը: Փոքր ժամանակ հարևան տատիկներով են վախեցրել: Դեռ բարուրից չար կախարդների մասին են պատմել: Ենթագիտակցությանը՝ թափթփված, տարատեսակ անպիտան ինֆորմացիայով լցված եղբորը, հսկում է նրա աչալուրջ եղբայրը՝ գիտակցությունը, բայց երբ մեր կարգապահ եղբայրը քնում է, անկարգապահը իսկույն գործի է անցնում: Դե արի ու նրա արած շիլաշփոթից հետո գլուխ հանիր, թե իրականում ինչն ինչոց է, որն է իրականը, որը՝ երևակայականը, որն է պետքականը, որը՝ անպետքը:
Այսօրվա երազում էլ եկեղեցում տատիկի դագաղն էր: Էլի տատի'կը:
Բայց փոքրիկը խաչակնքե՞ց մի անգամ էլ, թե՞ ոչ: Ոնց որ խաչակնքեց: Իսկ եթե ո՞չ:


...օրվա ... ժամը
-Տղա'ս, կաթդ կերար, հիմա հանգիստ քնիր: Ինչո՞ւ ես թնկթնկում: Քեզ ի՞նչ է եղել:
-Հասմի'կ, էրեխեն անհանգի՞ստ ա:
--Հա', մա'մ, չգիտեմ՝ ինչից է:
-Կաթ տվեցի՞ր:
-Հա':
-Նորմալ կերցրի՞ր, թե՞ ոնց:
-Նորմալ կերցրել եմ:
-Չգիտեմ քո նորմալը, էրեխուն ուշադի'ր եղի:
-Լա'վ, մա'մ:
Ես սնահավատ չեմ: Սնահավա՞տ եմ:
Ես չեմ հավատում նախանշանի՝ երազի, սուրճի բաժակի, ափը նայելու, մոմ թափելու:
Ոչ մի բան էլ չի լինի, ոչինչ էլ չի լինի:
Տղաս ինչո՞ւ է անհանգիստ: Ի՞նչ է եղել:
Բայց խաչակնքեց, չէ՞:


...օրվա ...ժամը
-Տղա'ս, ինչո՞ւ կաթ չես ուտում: Ախր, դու միշտ սիրով ես կերել, ախր, լացում էիր, հենց քո ուզած չափով չէի տալիս:
-Հասմի'կ, էրեխեն էդ ո՞նց ա լացում: Սիրտը պատռվավ: Սովա՞ծ ա:
-Չգիտեմ, մա'մ, չգիտեմ: Տալիս եմ, չի ուզում, բայց ոնց որ ցավեր ունի, դրանից է լացում:
-Ի՞նչ ցավեր, ա'յ բալամ, ի՞նչ ես մոգոնում:
-Չգիտեմ, մա'մ, բայց տե'ս, մեկ էլ հանկարծ կծկվում է, ոտքն է շատ կծկում:
-Հլը շորերը հանի':
-Ահա':
-Ի՞նչ պիտի լինի, ա'յ բալամ: Ոչ մի բան էլ չկա:
-Չգիտեմ:
Խոսակցության տագնապալի երանգը շղարշեց ննջասենյակի պատերը ու թափանցեց հյուրասենյակ: Այնտեղ անհանգիստ պապիկն էր նստած, այո', նստած ԷՐ, որովհետև հենց այդ րոպեին այլևս ԷՐը նրան չէր վերաբերում: Նա արդեն թոռնիկի ննջասենյակում էր:
-Հլը նորից հանեք շորերը, հանե'ք՝ ես էլ նայեմ:
-Ահա', պա'պ:
-Հը՜, բայց էս էրեխու ձվիկները նորից մի կողմի են ընկել , ուռել են, մի տեսակ ձգվել, քարացել են:
-Հա', պա'պ, այդպես լինում է: Շատ անգամ է եղել, բայց իրեն-իրեն անցել է:
-Հա', էն անգամ բժշկուհուն էլ ցույց տվեցինք, ասաց՝ այդպես լինում է տղաների մոտ. ամորձիներից մեկը շարժուն է ու երբեմն անցնում է մյուս կողմը: Եթե որոշ ժամանկ հետո էլ երևույթը կրկնվի պարբերաբար, կարող ենք շատ հեշտ վիրահտությամբ ամեն ինչ կարգավորել: Տենց ասեց, չէ՞:
-Ըհը:
-Լավ, դուք գիտեք, ինձ կանչել են, ես գնում եմ, բայց դուք էրեխին շատ ուշադիր նայեք, լա'վ պահեք:
-Լավ:


...օրվա ... ժամը
Տղա'ս, թագավո'րս, իմ աշխո'ւյժ տղա, ախր, ինչո՞ւ ես այսպես թույլ, ի՞նչ է եղել: Ախր, դու միշտ սիրում էիր ձեռքս բռնած քայլեր անել, ախր, դու մի վայրկյան հանգիստ չէիր նստում, հիմա քեզ ի՞նչ է եղել, իմ լա'վ տղա, իմ սիրո'ւն տղա: Դե', ժպտա', կյա'նքս, ասա'՝ մամա', ալի', կակա' բել, համ-համ անեմ, դե', գա'նձս, համո'վս: Մաման կգժվի, ցա'վդ տանեմ, ախր, քանի ժամ է գիրկս ես, թույլ ես, լացում ես: Դու միշտ զիլ ձայնով էիր լացում, ծիծաղդ էլ էր զիլ, իսկ հիմա, հիմա ձայնդ հազիվ է լսվում: Տղա'ս, իմ սիրո'ւն, դե', ժպտա', դե', մի բան կեր, խաղա': Ի՞նչ է եղել քեզ:
Երազում՝ վախ, տագնապ, կյանքում՝ նույնը: Իսկ գո՞ւցե փոքրիկը չխաչակնքեց, գո՞ւցե այս ամենը երազի շարունակությունն է, գո՞ւցե դեռ չի զարթնել:
Կսմթեց այտը՝ այն հույսով, որ հիմա աչքերը կբացի ու կհայտնվի անկողնում՝ հանգիստ պառկած, տղան էլ կողքի օրորոցում՝ մուշ-մուշ քնած: Չէ', ոչինչ էլ չեղավ, պատկերը չփոխվեց, մի անգամ էլ կսմթեց, էլի նույն մոշաերկնագույն հյուրասենյակը, էլի լացող տղան, որ թուլացած ու հազիվհազ հենվել է իր ուսին:
Եկեղեցին, դագաղը, խաչակնքող փոքրիկը... Նախանշա՞ն էր: Չէ', Աստված չանի, ինքը սնահավատ չէ, չի հավատում, հաստատ չի հավատում, ոչ մի կաթիլ կասկած անգամ չունի, հա'ս-տա'տ: Երևի չխաչակնքեց, հա՞, չխաչակնքե՞ց:


...օրվա ... ժամը
-Չէ', էլ հնար չկա, պիտի տանենք բժշկի:
-Հա', տանենք, թող նայեն, զննեն, կարող ա մի նորմալ բան ասեն:
-Ոտքը գետին չի տալիս, մա'մ:
-Հո ձեռքիցդ չե՞ս գցել, հո անզգույշ շարժումով ոտքը չես քաշել, տեղից դուրս հանել:
-Չէ', մա'մ, միշտ գիրկս է եղել:
-Ախր, բա ի՞նչ ա եղել: Հասմի'կ ջան, էսպես որ ասում եմ, մի' նեղվի, ես էլ եմ գժվե, չեմ իմանում՝ ինչ ա եղե, ինչից ա եղե:
-Հուսանք՝ բժիշկները մի նորմալ բան կասեն:


...օրվա ...ժամը
-Իջեցրե'ք առաջին հարկ, բժիշկն այնտեղ է:
-Երեխան շատ վատ է զգում, քո'ւյր, եթե հնարավոր է, թող բժիշկը բարձրանա այստեղ:
-Զանգել եմ, ասաց, որ ներքև իջեցնեք:
-Բժի'շկ, ի՞նչ է եղել, վատ բան չկա, չէ՞:
-Ճողվածք է՝ ամորձիների ճողվածք: Շտապ վիրահատել է պետք:
-Ի՞՜նչ, վիրահատե՞լ, շտա՞պ:
-Այո', շատ բարդ վիրահատություն կարող է լինել: Ես զանգում եմ գլխավոր բժշկին:
Վիրահատել, շտապ, վի'-րա'-հա'-տե'լ, ո՞ւմ, իմ տղային, ո՞նց, ախր, ո՞նց կարող է այդպիսի բան լինել, ախր, իմ տղան շաաատ փոքր է, ախր, նա... ախր, դեռ կաթ է ուտում, ախր, նա առանց մամայի մի վայրկյան էլ չի մնացել, ախր, նա ի'մ տղան է, ախր, ո՞նց համաձայնվեմ, ախր, ո՞նց թողնեմ, որ կտրեն նրա մաշկը, կտրե՞ն, իմ տղայի՞ մաշկը, նուուրբ մաշկը, կտրեն, արյունը, փոքրիկիս արյունը, ի՞նչ է կատարվում: Ախր, այսպիսի բան չի կարող լինել, ախր, սա աբսուրդ է...
-Գլխավոր բժիշկը եկավ, տեսնենք՝ նա հիմա ավելի ճշգրիտ կասի:
Դու տարիքով ես, գլխավո'ր բժիշկ, դու հաստատ ավելի լավ գիտես, ավելի մեծ փորձ ունես, էս մալալետկան ո՞վ է, որ իրեն բժշկի տեղ է դրել: Սա ոչինչ էլ չգիտի: Բան չի հասկանում բժշկությունից: Փողով համալսարանն ավարտել է, բերել, դրել են աշխատանքի: Հաստա'տ, հաստատ նա ոչինչ էլ չի հասկանում բժշկությունից: Հենց այնպես է խոսում: Ա՜յ, գլխավոր բժիշկը ամեն ինչ գիտի, հիմա նա կզննի ու կասի, որ անհանգստանալու խնդիր չկա, ամեն ինչ նորմալ է: Նա իր գործը լավ գիտի:
-Հը', բժի'շկ, ի՞նչ է եղել:
-Դրությունը շատ վատ է: Ուղիղ աղիքը մտել է ամորձիների մեջ: Հաճա՞խ է այսպես եղել:
-Ինչպե՞ս:
-Այո', եղել է, բժի'շկ:
-Ինչո՞ւ շուտ չեք բերել, շատ եք ուշացրել: Կարծում եմ՝ աղիքը կարող է սևացած լինել: Անհապաղ պետք է վիրահատենք, եթե արդեն իսկ ուշ չէ: Գո՞ւցե հարկ կլինի աղիքի սևացած մասը հեռացնել: Պատրաստվե'ք վիրահատության: Արա'գ, արա'գ:
Ինչո՞ւ է գլուխը սառել, զգայարանները սառնարանի վերևի դարակո՞ւմ են դրել, ո՞ւր է, ի՞նչ է կատարվում: Կոկորդը կծկվել է, լցվել մի խեղդող լավայով, աչքերը աննպատակ նայում են դիմացի մոշագույն պատին:
Փոքրիկը չխաչակնքե՞ց մի անգամ էլ, հա՞, չխաչակնքե՞ց:


...օրվա ...ժամը
-Տիկի'ն, տվե'ք ձեր երեխային:
-Ինչո՞ւ, դուք ո՞վ եք:
-Ե՞ս: Ես բուժքույր եմ: Տանում ենք վիրահատության:
-Ի՞նչ վիրահատություն: Ո՞ւմ եք տանում: Հա'-հա'-հա', իմ տղայի՞ն, իմ տղային տանո՞ւմ եք, իմ մոտից վերցնո՞ւմ եք, ի՞մ տղային: Դուք ո՞վ եք, որ իմ տղային տանեք, ո՞ւր տանեք, ինչի՞ համար տանեք: Տանե'ք, առանց ինձ տանեք, տանեեեեք... իսկ հետ կբերե՞ք:
-Տիկի'ն, ժամանակ չկա: Ամեն ինչ նորմալ է, հանգիստ ինձ տվեք երեխային:
-Ես որ տամ էլ, իմ տղան չի գա: Տե'ս, չի ուզում գալ, տե'ս, լալիս է: Նայի'ր անմեղ աչուկներին, տես, աչքերն աղաչում են, որ իրեն չթողնեմ, որ ինձ մոտ պահեմ , տե'ս:
Բուժքույրը հասկանում է պահի լրջությունը, հասկանում, բայց չի զգում, իսկ գո՞ւցե զգում է, բայց, ի՞նչ արած, դա իր գործն է:
Տարավ, փոքրիկիս տարավ, խլեց, տարաաաավ: Իսկ կբերի՞, հետ կբերի՞: Ախր, իմ տղան լացում էր, ախր, վախեցավ, ախր, հիմա նա օտարների մեջ է, հիմա տանջվում է: Հա'ս, շատ մի' տանջվիր, նրան հիմա կանզգայացնեն, Հա'ս, նրանք փոքրիկի համար են անում, նրան փրկելու համար: Դու միայն պիտի շնորհակալ լինես, Հա'ս: Հա'ս, հիմա տղայիդ կանզգայացնեն, կա-նըզ-գա-յաց-նեն...
Եկեղեցի է: Մարդիկ հավաքվել են պատերի մոտ: Մեջտեղում դատարկ է: Ոչ ոք չկա: Վա՜յ, պատերին սրբապատկերներ չեն, իր բալիկի նկարներն են: Ահա և կաթողիկոսի աթոռը: Վա՜յ, աթոռին մի փոքրիկ երեխա է նստել , ձեռքերն էլ թռվռուն շարժում է: Ա՜, հորքուր Արևի գրկի փոքրիկն է: Փոքրի'կ, խաչակնքի'ր, դե', շո'ւտ, մի անգամ էլ խաչակնքիր: Ծիծաղո՞ւմ ես, ինչո՞ւ ես ծիծաղում: Ախր մի անգամ էլ խաչակնքիր: Հասկացա՞ր, մի անգամ էլ : Հա՜, հասկացա, դու արդեն խաչակնքել ես: Դե', իհարկե...
-Հա'ս, նստած քնե՞լ ես, արի գնանք, մի բան կեր կամ խմիր, մինչև վրահատությունը կավարտվի:
-Կա'ր, փոքրիկը խաչակնքել է, չարի դուռը բաց չի: Կա'ր, հիմա ամեն ինչ լավ կլինի:
-Հա'ս, իհարկե, լավ կլինի, դու վե'ր կաց, գնանք, մի քիչ հաց ուտենք, կարող ա երկար տևի:
-Ո՞նց երկար տևի: Քանի՞ րոպե է անցել:
-Տասը: Բայց ասում են՝ բարդ վիրահատություն է: Դե' արի': Հա'ս, ի՞նչ եղավ քեզ, Հա'ս, ուշքի արի: Հա'ս, Հա'ս: Ստեղ մարդ չկա՞, մեկդ եկեք, օգնեք: Բուժքո'ւյր, մի քիչ ջուր բեր:
-Տղա' ջան, մի խառնվի իրար, էդպես բաներ լինում են: Մի հատ ապտակի', ուշքի կգա:
-Բուժքո'ւյր, ի՜նչ եք ասում, ջո'ւր բերեք:
-Է՜, ջահել եք, հիմա ես գամ...
-Ո'չ, մի' եկեք, ջո'ւր բերեք կամ ... ռա'դ եղեք:
-Երիտասարդությունը անդաստիարակ ա մեծանում, հո սո՞ւտ չէ:
-Հա'ս, ուշքի' արի, Հա'ս, ամեն ինչ լավ կլինի: Ի՞նչ անեմ: Լավ, զանգեմ ծյոծ Սաթիկին: Ալո', ալո', ծյո'ծ Սաթ, Կարենն է: Դու երկրորդ հարկո՞ւմ ես: Հասն ուշափաթվել է. տե'ս, ըտեղ ջուր կճարվի, ջո'ւր բեր:
Հա'ս, ուշքի' արի, Հա'սս:


...օրվա ...ժամը
-Տիկի'ն, վերջապես ուշքի եկաք: Կին եք, բայց ձեզ երեխայի պես եք պահում: Այստեղ օրական տասնյակ վիարահատություններ են լինում, եթե ամեն մեկի ծնողը կամ հարազատը ուշաթափվեր, տեսարան սարքեր, ո՞ւր կգնար:
-Հա', աղջի'կ ջան, հիմա քե՞զ նայենք, թե՞ էրեխիդ:
-Բժի'շկ, բուժքո'ւյր, ամեն ինչ նորմալ է, Հասը մի քիչ զգայուն մարդ է, ոչինչ, բան չկա, արդեն ուշքի է եկել: Նա ուժեղ է:
-Կարե՜ն, Կա՜ր, տղաս ո՞ւր է:
-Հա'ս, մի' սկսիր, երեխա հո չե՞ս: Վիրահատում են: Շուտով կվերջացնեն: Ամեն ինչ լավ կլինի: Քեզ պի'նդ պահիր:
-Հա'սս, աղջի'կս, վատ բանի մասին մի' մտածիր: Միայն լավ բաների: Ոչ մի վատ բան չի լինի:
-Մամա՞, դո՞ւ էլ ես եկել: Հա՜: Մամա', ի՞նչ վատ բանի մասին չմտածեմ: Ինչո՞ւ վատ բան կարող է լինել, հավանականությո՞ւն կա:
-Չէ', իհարկե չկա, Հա'սս:
-Հասմի'կ, արդեն մայր ես, քեզ տասը տարեկանի պես ես պահում: Բոլորս էլ հուզվել ենք, բայց Աստված չանի՝ վատ բան լինի: Հիմիկվանից ողբ ես դրել, քեզ թուլացրել, ուշքդ կորցրել:
-Մա'մ, էս բոլորդ այստե՞ղ եք: Ես գիտեի, թե դու երկրորդ հարկում ես:
-Հա', երկրորդ հարկում էի, մայրդ էլ նոր էր եկել, բայց ախպերդ զանգեց, կանչեց: Դու արդեն կի'ն ես, մա'յր ես: Հիմա բոլորով էրեխին մոռացել, քո կողքն ենք բռնել, ամո'թ ա, վե'ր կաց:
-Կներե'ք ինձ, կներե'ք, որ ուշափաթվեցի, կներե'ք, որ թույլ եմ, կներե'ք, որ անկարող եմ, որ խելագար եմ, որ գիժ եմ, որ ձեզ պես չեմ:
-Հա'ս, մի' գոռա:
-Կա'ր, չեմ գոռում, ես հանգիստ եմ: Մոտդ ծխախոտ կա՞, տո'ւր, տո'ւր ծխեմ:
-Գժվեցի՞ր, դու ե՞րբ ես ծխել, որ հիմա ծխես:
-Ես հիմա եմ ուզում ծխել, հի'-մա': Իսկ գո՞ւցե թմրանյութ ունենաք. երևի դա ավելի լավ կօգնի: Հա'-հա'-հա', բայց, ախր... ախր, փոքրիկը մի անգամ էլ էր խաչակնքել, հաստա'տ, խաչակնքել էր: Կա'ր, տո'ւր թմրեցնող մի բան: Է՜, լավ ինձ կներեք, ես գնամ այն բաց լուսամուտի մոտ:
-Կարո՞ղ ես քայլել:
-Այո', կարող եմ: Ի՞նչ է եղել, որ: Ամեն ինչ շատ բնական է, ամեն օր նման բաներ են լինում, պատահում են և վատթարները: Ինձ ի՞նչ է եղել, որ:


...օրվա ...ժամը
Լուսամուտը բաց է. բայց շնչելու օդ, միևնույն է, չկա: Ասում են հանգիստ պահիր, հանգիստ, հա'ն-գի'ստ: Հանգիիիիստ, միակ հանգիստ մարդը իմ կյանքում ու իմ հանգստացնողը դու ես եղել, տատի'կ, դո'ւ՝ աշխարհի միակ հանգիստ մարդը, ում ծնկներին ես ինձ թեթև եմ զգացել, լավ եմ զգացել, հանգիստ եմ զգացել: Տատի'կ, ուզում եմ գրկես ինձ, տատի՜կ: Ուզում եմ գլուխս դնել ծնկներիդ, երկու ձեռքով բռնես, շոյես, շոյե՜ս, մեղմ ու հանգիստ ձայնով խոսես: Դու այնքան մեղմ ես, այնպես հանգիստ: Դու այն դարից ես եկել, տատի'կ, դու մեր շտապող դարին խորթ ես , տատի՜կ: Թեկուզ կրակ էլ թափվի երկնքից, բոլորը գոռան ու փախչեն, դու հանգիստ ես, տատի'կ, քո ձայնը միշտ խաղաղ ու մեղմ է, տատի'կ:
Ես գժվում եմ, տատի'կ, ես պայթում եմ: Ջղերս դողում են, բարձրացել են իրար վրա ու սեղմում են մաշկս: Նայի'ր, տատի'կ, նայի'ր մաշկիս: Տե'ս, կապույտ, տե'ս, սև, տե'ս, կանաչ, տատի'կ, ուռել են, բարձրացել են: Նյարդե՞րս են, հա՞, տատի'կ, նյարդե'րս են: Ես ներվայի՞ն եմ, տատի'կ, դողո՞ւմ եմ, տատի՜կ...
Գրկի'ր ինձ, տատի'կ, շոյի'ր գլուխս, շոյի'ր ու պատմիր այն հին ու բարի ժամանակներից, այն պատերազմական տարիներից, որ քո գլխով անցան, այն տարիներից, որոնք ավելի խաղաղ ու անչար էին, քան հիման է: Դու լավ ես պատմում, տատի'կ, դու պատմիր: Տատի'կ, դու երբեք հեքիաթ չես պատմել, ոչ մի հեքիաթ, տատի'կ: Դու միշտ պատմել ես քո անցյալից, քո բարի ու սիրելի անցյալից, տատի'կ: Դառը բաներ ես պատմում, տատի'կ, բայց քո խոսքերը դառնություն չեն ծնում, տատի'կ, չէ', տատի'կ, միայն բարի հուշեր, միա'յն:
Տատի'կ, դու ինձ դաս չես սովորեցրել, ինձ համար գիրք չես կարդացել: Դու կարդալ չգիտես, տատի'կ, հազիվ ես տառերը ճանաչում: Բայց հիշո՞ւմ ես, տատի'կ, հիշո՞ւմ ես՝ դպրոցական էի, ասում էիր՝ Հա'սս, աղջի'կս, էդ ինչ թղթեր ես էդպես արագ-արագ պահում, գիտե'մ, սիրածիդ նամակներն են, տատիցդ մի' թաքցրո'ւ, մի' ամաչի, տո'ւր, տո'ւր՝ կարդամ: Է՜, տատի'կ:
Գրկի'ր ինձ, տատի'կ, շոյի'ր գլուխս, հանգստացրո'ւ ինձ, տատի՜կ, մի' թող լացեմ, մի' թող գժվեմ: Հիշո՞ւմ ես, տատի'կ, գիշեր էր, ես արթնացա ու գոռում էի. ինձ թվացել էր, թե մուկ է բարձրացել վրաս: Տատի'կ, ես մկներից ահավոր զզվում եմ, ես սարսռում եմ, վատանում եմ: Լալիս էի, գոռում էի: Մաման ու պապան եկան, նայեցին՝ մուկ չկար, ասացին՝ մուկ չկա, խելո'ք պառկի, քնի': Մուկ չկա՞, ո՞նց չկա: Հիմա դուք կգնաք, ես կմնամ մենակ, կպառկեմ ու մուկը, չէ', մկները կգան: Ես սարսափում եմ մկներից, շատ եմ վախենում: Իմ սյուժետիկ սարսափ երազների մյուս մասն էլ մկներով երազներն են: Մկները մեր տանն են, դուրս են գալիս մոշագույն անցքից: Նրանք շատ են, շաաատ: Վախենալու բան չկա, Հա'ս, ախր, նրանք շատ փոքր են, ի՞նչ կարող են անել, տե'ս, փոքր են: Մա'մ, փո՞քր են, հա՞, մա'մ, տե'ս, մեծանում են, շա՜տ են մեծանում: Դեղին, ճարպագույն մկները աճում են, ահա', ծնկերիցս են, ահա', ավելի են մեծամում, արդեն իմ բոյին են, գալի'ս են, մոտենո'ւմ են, մամա՜...
Տատի'կ, հիշո՞ւմ ես, ես լացում էի, ես վախեցած էի, մաման ու պապան գնացին քնելու, ես մենակ էի ու... դու եկար: Դու ձեռնափայտով էիր քայլում, հազիվհազ եկար: Եկար ու նստեցիր կողքիս: Գլուխս դրեցի ծնկներիդ: Դու շոյում էիր ու խոսում: Մեղմ՝ ինչպես միշտ, հանգստացնող, ինչպես երբևէ:
Տատի'կ, ո՞ւր ես հիմա, ուզում եմ մոտդ գալ, տա'տ, ուզում եմ գլուխս դնել ծնկներիդ ու լացել, լացեեեել, մինչև կդատարկվեմ, մինչև կսպառվեմ:
Տատի'կ, դու ինձ կանչել էիր, իսկ ես չէի եկել, ես այդտեղ չէի: Հիմա ես եմ քեզ կանչում, արի', տատի'կ, արի', դանդա'ղ արի, ձեռնափայտդ թըք-թըք շարժելով՝ արի: Արի', որ գլուխս ծնկիդ դնեմ, արի', որ շոյես, արի', որ հանգստացնես, ո՞ւր ես:


...օրվա ...ժամը
-Հա'ս, արի', արագացրո'ւ:
-Ինչո՞ւ, ի՞նչ է եղել:
-Արդեն Էրիկին վիահատարանից դուրս են հանել:
-Ո՞ւր է, ո՞նց է:
-Լա'վ է, հե'տս արի:
Պառկած է: Անգույն է դեմքը: Փոքրիկ ձեռքը մի քիչ վերև է բարձրացել ՝ կաթիլային են միացրել: Շրթունքները կիսաերկնագույն են, կիսաբաց:
-Հա'ս, աչքդ լույս, երեխան լավ է:
-Այո', տիկի'ն, ամեն ինչ բարեհաջող անցավ: Շատ դժվար վիրահատություն էր, բայց հիմա ամեն ինչ անցած է: Մի քանի ժամ դեռ կքնի, բայց հենց զարթնեց, ուշադի'ր եղեք, իրեն սկզբում վատ կզգա. հետո քիչ-քիչ կապաքինվի:
-Լավ, բժի'շկ, շնորհակալ եմ:
Երկնագույն վերմակով ծածկեց փոքրիկի՝ կաթիլայինից ազատ ձեռքը:
Անցա՞վ, ամեն ինչ անցա՞վ, չէ՞ որ խաչակնքեց, ուրեմն՝ հիմա ամեն ինչ լավ է լինելու, ամեն ինչ անցել է: Ամեն ինչ անցե՞լ է, մի՞թե անցյալ են տանջալի ժամերը, անորոշ, սարսափելի րոպեները: Թե՞ դրանք միշտ ներկա են լինելու: Միշտ, երբ հիշես: Միշտ, երբ վերապրես:
Փոքրիկը հաստատ խաչակնքեց: Հա', խաչակնքեց:



Հունիս, 2012թ.



Комментариев нет:

Отправить комментарий